Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում

Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում

Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից․

«hraparak.am-ի հրապարակումը դատախազությունից ուղարկվել է ոստիկանության Կենտրոնի բաժին, ծառայողների կողմից տեղի է ունեցել լիազորությունների չարաշահում, այս պահին Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում»,- ասացին ոստիկանության լրատվականից։

Հիշեցնենք, որ hraparak.am-ի հիշյալ հրապարակման մեջ Հանրային ռադիոյի կոլեկտիվի բողոքն էր։ Ռադիոտան կոլեկտիվը գոհ չէր, որ Մարկ Գրիգորյանը փորձառու հեղինակ-վարողներին փոխարինում է «ռադիոյում պատահական հայտնվածներով», «վաստակաշատ հեղինակների» հաշվին «յուրայիններին» հաստիքներ է տալիս, «վեցանիշ» աշխատավարձեր, կան մի քանի տեղ գրանցված, «անհասկանալի պաշտոններ զբաղեցնող» մարդիկ: Կոլեկտիվը Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամներին մեղադրում էր այլ ազգանուններով հաղորդումների համար վարձատրվելու, «թագավորական» աշխատասենյակներ ունենալու մեջ, «որոնք տարվա մեջ բացվում են ընդամենը մի քանի անգամ», այն դեպքում, երբ վաստակով լրագրողները նստելու տեղ չունեն եթերը գիշեր-ցերեկ ապահովողները աշխատում են 70-100 հազար նվաստացուցիչ աշխատավարձով։
Այս բողոքի արդյունքում Մասրկ Գրիգորյանը, տեղի տալով ռադիոյի աշխատակիցներին ճնշմանը, աշխատանքից ազատվելու դիմում գրեց եւ հեռացավ։ Սակայն, փաստորեն, դա չի բավարարել ոմանց եւ նրա նկատմամբ փորձում են քրեական գործ հարուցել՝ ռադիոյի աշխատակիցների բողոքների հիման վրա։

Թեմայի վերաբերյալ փորձեցինք պարզաբանում ստանալ Մարկ Գրիգորյանից, սակայն նա չցանկացավ ոչ մի հարցի պատասխանել․ «Երիտասարդ, ես Ձեզ հետ որևէ խոսելու բան չունեմ, Ձեր թերթի անունն էլ բավական է, որ ես չխոսեմ ձեզ հետ»։ Նկատենք, որ այս վերաբերմունքի պատճառն այն է, որ մենք տպագրել ենք ռադիոյի աշխատակիցների բողոքները։ Մենք փորձեցինք այնուամենայնիվ ճշտել, թե տեղյա՞կ է, որ ոստիկանությունում իր դեմ նյութեր են նախապատրաստում, նա կրկնեց․ «Ես Ձեզ հետ ոչ մի թեմայի մասին չեմ ցանկանում խոսել»։