Լրտեսության մեջ մեղադրվող կնոջը «ՅՈՒՆԻՍԵՖ»-ում բնութագրում են որպես բարձր պրոֆեսիոնալ

Լրտեսության մեջ մեղադրվող կնոջը «ՅՈՒՆԻՍԵՖ»-ում բնութագրում են որպես բարձր պրոֆեսիոնալ

Հայկական կողմի համար խնդրահարույց են եղել ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատաոճը, ուստի ՀՀ կառավարության կողմից որոշում է կայացվել դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը՝ որպես Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ: Մարիա Քլարկ-Հաթինգի հեռանալու մասին լուրն այսպես է պարզաբանել ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ, ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Նա նշել է, որ որոշման մասին ՄԱԿ-ի մշտական համակարգողն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչները տեղեկացվել են: Հիշեցնենք․ մարտի 8-ին հայտնի դարձավ, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Մարիան Քլարկ-Հաթինգը հապճեպ լքել է Հայաստանը:

Mediaport Telegram ալիքի տեղեկություններով` հայաստանյան գրասենյակի ղեկավարը լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի, ինչի հետեւանքով ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «պերսոնա նոն գրատա»: Թեմայի առնչությամբ զրուցել ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի հաղորդակցության ծրագրի ղեկավար Զառա Սարգսյանի հետ։ 

- Ե՞րբ է նշանակվելու ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր ներկայացուցիչ, հայտնի՞ է արդեն, թե ով է։

- Դեռ հստակ ժամկետները չգիտեմ, գործընթացը գնում է։ Թեկնածուի վերաբերյալ սպասում ենք հաստատման, որպեսզի ասենք, այժմ ասել չենք կարող։

- Հրապարակումներ եղան, որ աշխատակազմը մամուլից է տեղեկացել Քլարկ-Հաթինգի հեռանալու լուրի մասին։

-  Դա իմ ասածն է եղել, բայց սխալ ինտերպրետացիա է եղել։ Իմ ասածն այն էր, որ այս վերջին անհիմն մեղադրանքները, որոնք հնչեցին, մեզ համար նոր էին, եւ այդ մասին, այո, մամուլից ենք իմացել, բայց այն, որ նա հեռանալու է, դա քննարկվել է կառավարության եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջեւ եւ համաձայնություն է ձեռք բերվել, որ մարտ ամսվա ընթացքում նա կլքի Հայաստանը։

- Այսինքն, այդ մեղադրանքները՝ կապված Ադրբեջանի օգտին շպիոնաժի հետ, գրասենյակն անհի՞մն է համարում։

- Մենք նմանատիպ մեղադրանք կառավարության կողմից չենք ստացել, այդ թեմաները մեր միջեւ չեն քննարկվել։

- Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը, օրինակ, գրել էր, որ պատերազմական օրերին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը բավականին պասիվ էր պատերազմում տուժած երեխաների վերաբերյալ արձագանքներում․ ինչո՞ւ էր պասիվ գրասենյակը, ինչպե՞ս կարող եք դա մեկնաբանել։

- Դա իր կարծիքն է, ՅՈՒՆԻՍԵՖ-ն առաջին իսկ օրերից կանգնած է եղել կառավարության կողքին եւ համապատասխան ծրագրեր է ծավալել, որպեսզի Հայաստան եկող կանանց եւ երեխաներին օգնի հնարավորինս, եւ մոտ 70 հազար տարբեր մարդկանց՝ ե՛ւ ՀՀ քաղաքացիներին, ե՛ւ արցախցիներին օգնություն է տրամադրվել այդ ընթացքում եւ դեռ շարունակվում է։

- Ի՞նչ բնույթի օգնություններ են եղել դրանք։

- Սկզբում հիմնականում հոգացել ենք առաջնային կարիքները՝ հիգիենայի պարագաներ, ծածկոցներ, վերմակներ, բարձեր եւ այլն, նաեւ 11 հյուրատներում բացվել են մանկապարտեզի տիպի կենտրոններ՝ երեխաների համար, քանի որ covid-ի ժամանակ մանկապարտեզները մեր մարզերում կիսով չափ են աշխատում եւ քիչ են, որպեսզի երեխաները հետ չընկնեն իրենց վաղ մանկական կրթությունից։ Նաեւ կրթական նյութեր են երեխաներին մեծ թվով բաժանվել, որպեսի իրենց ուսումը շարունակեն, քանի որ բոլորը եկել էին առանց պայուսակների եւ գրենական պիտույքների։ Սոցիալ-հոգեբանական օգնություն ենք տրամադրել, տարբեր համայնքներում հոգեբաններն արդեն քանի ամիս է՝ աշխատում են սոցիալական աշխատողների հետ միասին։ Անվերջ կարող եմ թվարկել։

- ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, որ հայկական կողմի համար խնդրահարույց են եղել Մարիան Քլարկ-Հաթինգի` իր մանդատի իրականացման գործում թերացումները եւ ոչ համագործակցային աշխատաոճը։ Ինչպե՞ս է արտահայտվել այդ չհամագործակցությունը։

- Դա կառավարության դիրքորոշումն է, եւ մենք դա հարգում ենք, սակայն ՅՈՒՆԻՍԵՖ-ում Մարիանն աշխատել է բազմաթիվ տարիներ, եւ մենք նրան մինչ այդ ճանաչել ենք որպես բարձր պրոֆեսիոնալ, նա 5-ից ավել տարբեր երկրներում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի համար աշխատել։

- Իսկ երբ Քլարկ-Հաթինգը կառավարության հետ քննարկում էր իր հեռանալու հարցը, նա չհարցրե՞ց, թե ինչում է թերացել եւ ինչում չի համագործակցել։

- Չեմ կարող ասել, ճիշտն ասած, այդ թեման չենք քննարկել։

Նշենք, որ Մարիան Քլարկ-Հաթինգը ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է 2020 թ. հուլիսին։ Մինչ այդ՝ 2016-2020 թթ․, որպես ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ, պաշտոնավարել է Մալայզիայում։