Ապաշնորհ գտնվեցինք

Ապաշնորհ գտնվեցինք

Բոլոր նրանք, ովքեր խոսում են պատերազմը շարունակելու մասին։ Այն մասին, որ սա մեր վերջին պատերազմը չէ, որ մենք պատերազմների մեջ ենք լինելու մշտապես՝ 1 տարի հետո, 5 տարի, 10 տարի։ Այն մասին, որ միայն պատերազմով է լուծվելու Արցախի հարցը։ Եվ տողատակերում էլ հասկացնում են, որ զոհերն էլ անխուսափելի են՝ համակերպվեք այդ մտքի հետ։ Ես առաջարկում եմ բոլոր դրանց՝ պատերազմ քարոզողներին, ուղարկել ռազմի դաշտ։ Կարեւոր չէ՝ կին, թե տղամարդ։ Երբ գոնե մեկ շաբաթ խրամատում կապրեն, հրթիռակոծություն կտեսնեն, թշնամու դիվերսիոն ջոկատների դեմ կկռվեն, իրենց աչքի առաջ կողքի ընկերը կզոհվի, կապրեն պատերազմի բոլոր սարսափները, համաձայն եմ՝ թող վերադառնան ու պատերազմ քարոզեն։ Վստահ եմ, որ միայն սեփական մաշկի վրա պատերազմը զգացած մարդիկ իրավունք ունեն նման մեծադղորդ հայտարարություններ անելու եւ պատերազմը շարունակել-չշարունակելու մասին խոսելու։ Մյուսներս պետք է լռենք, ուրիշների կյանքի հաշվին ռազմական կոչեր չանենք ու ռազմական գործողությունները շարունակելուն չնպաստենք։ Այո, պատերազմն արդեն իրողություն է, եւ մենք պարտադրաբար ենք նաեւ կռվում, բայց դա չի նշանակում, որ ռազմի դաշտում է լուծվելու Արցախի հարցը, եւ մենք ոչինչ չպետք է անենք այն դադարեցնելու համար։ Մենք արդեն թանկ, շատ թանկ ենք վճարել՝ մեր լավագույն երիտասարդների կորստի գնով։ Մենք՝ մեծերս, իշխանություն ու ընդդիմություն, ընտրողներ եւ ընտրյալներ, փաստորեն, ապաշնորհ ենք գտնվել, չենք կարողացել կանխել այս զարգացումը, եւ մեր ամբարտավանության, մեր մեծամտության, մեր պոռոտախոսության դիմաց այսօր վճարում են այս լուսավոր տղաները։ Վճարում են իրենց կյանքով։ Հիմա գոնե պետք է գիտակցենք, որ թիկունքի մեր տաք սենյակներում նստած՝ չի կարելի պատերազմ տենչալ։