Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում

«Հիմա էլ ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց, ո՞ւմ են հիմարի տեղ դնում»,- ասում է Միրզոյան Արարատը, որը Ղարաբաղը լուծարողի կողմից նշանակվել է ԱԳ նախարար, որպեսզի… Գրեցի «որպեսզի» բառն ու զարմացած կանգ առա. իսկապես, որպեսզի ի՞նչ անի: ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի «առաքելությունն» ավելի քան հստակ է. ռուսներին հեռացնի Հայաստանից եւ հայոց պետության ինքնիշխանությունը «բարձրացնելով»՝ այն դնի թուրքական մաշիկի տակ: Ու թուրքական աշխարհի հետ վերջնականապես հաստատի բարիդրացիական հարաբերություններ ու միաժամանակ շահի Արեւմուտքի բարեհաճությունը: Ես չեմ, դուք եք՝ ասե՛ք, թե այդ անելու համար ինչին է պետք Միրզոյան Արարատը: Եթե, իհարկե, հաշվի չառնենք, որ թեկուզ ձեւական պետականության պարագայում անհրաժեշտ է ունենալ ԱԳ նախարար: Ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, ՄԻՊ, որը հայաստանյան պայմաններում կոչված է պաշտպանելու իշխանավորների իրավունքները քաղաքացիական ընդվզումների դեպքում:
Ինչ վերաբերում է Միրզոյան Արարատի խոսքին, թե «ում են հիմարի տեղ դնում»՝ ասելով, թե ՀՀ կառավարությունն է լուծարել Ղարաբաղը, ապա դրա պատասխանը միանշանակ է՝ ոչ մեկին: Այո, ոչ մեկին էլ հիմարի տեղ չեն դնում, քանի որ ընդամենը արձանագրում են եղելությունը: Հենց այն կառավարությունը, որի անդամ է ինքը, լուծարել է Լեռնային Ղարաբաղը, նախ, 2022-ին, ի դեմս իր ղեկավարի, Պրահայում պաշտոնապես հայտարարելով, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Երկրորդ․ երբ դրան հետեւեց ագրեսիվ թշնամու կողմից Արցախի շրջափակումը, դրա ընթացքում որեւէ լուրջ քայլ չարեց՝ դեմն առնելու համար: Ինչ վերաբերում է բեռնատար մեքենաներով սնունդ ուղարկելու անհաջող փորձին, ապա, գիտակցելով հանդերձ, որ առանց թշնամու նախնական համաձայնության դա անիմաստ քայլ է, չհրաժարվեց այդ շոուն բեմադրելուց: Ճիշտ Ուկրաինայի նախագահ Զելենսկու նման, սակայն նրա շոուները, ի տարբերություն այս մեկի, Արեւմուտքում ազդեցության ունեցան:
Եվ, վերջապես, երրորդ․ 2023 թվականի սեպտեմբերին թշնամու կողմից ընդդեմ Արցախի կազմակերպված երկօրյա ագրեսիայի ընթացքում մատը մատին չխփեց, որպեսզի կա՛մ դադարեցվեր այն, եւ կա՛մ ռազմի դաշտում արժանի պատասխան տրվեր թշնամուն: Դրա փոխարեն հայտարարեց, որ չի խառնվելու տեղի ունեցողին, կարծես թե Արցախը ոչ թե Հայաստանի (ե՛ւ պատմական, ե՛ւ իրական) մաս էր, այլ՝ հարեւան երկրի տարածք: Որտեղ բախտի բերմամբ ապրում էին հայեր: Չնայած ավելի ուշ, իր ենթակաների ու կողմնակիցների խոսքից ու ֆեյսբուքյան գրառումներից պարզվելու էր, որ դրանք ոչ թե հայ ժողովրդի մաս են, այլ ինչ-որ այլ հայեր: Ու ի՞նչ էր մնում այդ պայմաններում Արցախի իշխանությանը՝ կոտորվե՞լ, որպեսզի ինքն ու իր նմանները լավ զգային իրենց: Էլ չասած, որ արցախյան իրադարձությունների վերջին ակորդից առաջ իրեն հավատարիմ ու լսող Հարությունյան Արայիկը հրաժարական տվեց, որպեսզի դա էլ գցվի ընդդիմության գրպանը:
Վստահ եմ, որ այստեղ նկարագրվածը գիտակցում է նույնիսկ Միրզոյան Արարատը, բայց հանուն իշխանական վայելքների, չի կարող այլ վերաբերմունք դրսեւորել: Մնում է, որ մեր երկրում վերջապես տեղի ունենա նորմալ իշխանափոխություն, այսինքն՝ իշխանության գան նորմալ ու նվիրյալ մարդիկ: Ու այդ ժամանակ դռնբաց դատական նիստում Միրզոյան Արոյին հնարավորություն կտրվի հիմնավորել այսօրվա իր ասածները՝ պատասխանելով առաջին հերթին հասարակության մեղադրանքին: Ու դրանով էլ հոդվածի սկզբնամասում դրված հարցի, թե ում են հիմարի տեղ դնում, պատասխանը կլինի միանշանակ ու վերջնական:
Այստեղ պետք է ավարտվեր Միրզոյան Արարատի վերաբերյալ պատմությունը, եթե չլիներ Անթալիայում անցկացված դիվանագիտական ֆորումին հետեւած հարցազրույցը: Դրանում նա մի շարք մտքեր է բարձրաձայնել, որոնցից ցանկանում եմ նշել առանցքայինը: Դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ անցկացված երկկողմանի բանակցությունների վերաբերյալ Արոյի տված գնահատականն է: Այն է՝ «ամենաարդյունավետ եւ հաջող բանակցությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ կողմերը բանակցել են առանց երրորդ կողմերի մասնակցության»: Այսինքն, Հայաստանի գործող իշխանության կողմից ադրբեջանական բոլոր պահանջների կատարումը, ինչը խոստովանել է նաեւ Բաքվի բռնակալը, Արարատի ասելով՝ նշանակում է արդյունավետ եւ հաջող բանակցությունների անցկացում: Նման բան կարող էր ասել ոչ թե Հայաստանի, այլ Հայաստանը զավթած իշխանության ներկայացուցիչը: Ու այստեղ է, որ պետք է փոխադարձվի Արոյի հարցը՝ ո՞ւմ եք հիմարի տեղ դնում:
Կարծիքներ