Եթե կա որևէ քաղաքական գործիչ, որը կխոստանա, որ մեր էրեխեքին կբերի, մենք պատրաստ ենք «օգտագործվել»

Եթե կա որևէ քաղաքական գործիչ, որը կխոստանա, որ մեր էրեխեքին կբերի, մենք պատրաստ ենք «օգտագործվել»

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անհետ կորածների ու գերեվարվածների ծնողների հետ խոսակցությունները, ըստ ներկա ծնողների, սկանդալային են։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ ձեր որդիներին դիահերձարաններում փնտրեք։

Հանդիպմանը ներկա Արմինե Մնացականյանը հաստատում է՝ ուղիղ այդպես չասաց, բայց ասաց․ «Երբ ինքն իր հրապարակած թվերը գումարում է, մյուս թվերը՝ ԴՆԹ-ները, այդպես է դուրս գալիս։ Ստացվում է, որ մի 300 էրեխա էլ իրեն պարտք են մնում։ Պտի տանք, տանի կորցնի, որ էդ թվերը իրար համընկնեն։ Իսկ իրենք հրապարակում են էն թվերը, որոնք իրենց հարմար է, ինչ իրենց պետք է։ Ծնողներին լռեցնելու համար»։ Հարցին, թե քի՞չ են ասում, տիկին Արմինեն պատասխանեց՝ ոչ մի թիվ իրար չի բռնում։

Արմինե Մնացականյանը, ի դեպ, այն կինն է, որ հարվածել է օպերատորի շտատիվին։ Թե ինչու՝ մեզ հետ զրույցում բացատրեց։ 

Գերեվարվածի մորը հարցրեցինք՝ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, բացատրե՞ց, թե ինչու էին պետական մակարդակով «հավար դրել», որ «հեսա գերիները գալիս են»։ Արմինե Մնացականյանն ասում է․ «Ինքը միշտ ասում է՝ էսքան ժամ, էսքան ժամ, հիմա էդ հարցը որ տանք, ի՞նչ պատասխան պետք է ստանանք։ Որ տենց բան չի եղել, ուղղակի սպասել ենք, ուղղակի  չգիտեմ ինչ․․․ մեզ պետք էլ չի, մենք էնքան տեղեկացված ենք, որ խաբվելու տրամադրություն էլ չունենք, որ անիմաստ հարցեր տանք»։

Արմինեն վստահ է, որ իր որդին և ևս մի քանի զինվոր ոչ թե անհետ կորած են, այլ գերի են։ Սա իմացել են Արցախից, ուր «որոնողական էին գնացել»։ Բայց անվտանգության համար մայրը որդու անուն-ազգանունը չի հրապարակում։ «Որովհետև թուրքը կարդում է։ Ես դեմ եմ, որ շատ բաներ գրում են, բայց լրագրողներին ոչինչ չասելն էլ ստացվում է, որ իրենք են հանգիստ նստում։ Դրա համար ուզում ենք, որ մեր ձայնը լսվի, բայց ճշմարտությունը»։ 

Լավ, իսկ կոնկրետ գերիների մասո՞վ ինչ է ասում Փաշինյանը։ Գերեվարվածի մայրն ասում է՝ ոչ մի խոստում չի տալիս, դրա համար մենք դուրս չէինք գալիս։ «Ոչ մի հույս ինքը չի տալիս, որ կբերի։ Չի հրաժարվում, բայց հույս էլ չի տալիս։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, ծնողը ո՞նց կարա առանց պատասխանի նստի, սպասի»։

Տիկին Արմինեին հարցրինք՝ Փաշինյանը ուղիղ հայտարարու՞ւմ է, որ իրենից ոչինչ կախված չէ, Ալիևի բարի կամքն է, որ կա։ Գերեվարվածի հարազատն ասում է՝ «ի՞նչ բարի կամք, հիմա հայը հային չի անում»։

Հարցին էլ, թե գերիների այստեղ չլինելը բացատրո՞ւմ է «սևերի» քաղաքական ինտրիգներով, ինչի մասին իշխանամերձ մամուլում նյութեր եղան, մեր զրուցակիցը բացասական պատասխան տվեց, բայց ասաց․ «Ես իրեն էլ եմ ասել ու բոլորին, մի ջղայնացրեք, մի վիրավորեք մորը։ Այ, որ ջղայնանում եմ, ասում եմ՝ մի նկարեք, պատճառը դա է, որ գալիս են, նկարում ու սխալ տեղեկատվություն են տալիս։ Չկա տենց մի քաղաքական գործիչ, որ ես թույլ կտամ իմ էրեխուն օգտագործեն։ Եվ դրա համար էլ հարվածեցի, որովհետև մեզ կապում են մի մարդու հետ, որի հետ ամուսինս, տեգրս աշխատել են։ Մինչև մեր էրեխեքի գերի ընկնելը իմ ամուսինը 10 տարի աշխատել է։ Քո կողքը նեղության պահին ովքե՞ր են լինում, քո հարազատները, բարեկամները, ընկերները, չէ՞։ Բայց դա ինչ կապ ունի»։

Հիշեցնենք՝ տեղեկացրել էինք, որ իշխանությունը սկսել է նենգ խաղ խաղալ՝ տարբեր ձեւերով իրենով անել անհետ կորած զինծառայողների ծնողներին ու ձեւավորել «իշխանամետ ցուցարարների» բանակ Փաշինյանի համար։ Դրանում նրան աջակցում է «թունդ ընդդիմադիրի» կերպարի մեջ մտած Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, որը մի 
խումբ ծնողների ուղղորդել էր դեպի կառավարության շենք, որ իրենց «բողոքի ձայնը» բարձրացնեին, ապա հանդիպում պահանջեին վարչապետի հետ։

Արմինե Մնացականյանը հայտարարում է՝ եթե կա որևէ քաղաքական գործիչ, որը կխոստանա, որ «մեր էրեխեքին կբերի, մենք պատրաստ ենք օգտագործվել»։ Նա Փաշինյանին էլ է ասել՝ եթե իրենց երեխաներին բերի, իր կողքին կանգնած են։ «Էրեխուց թանկ ուրիշ ի՞նչ ունենք, մեր ապրելու նպատակն են, մեր կյանքի գույները։ Էլ ո՞նց ասեմ»,-ամփոփեց կինը։

«Իրենց աթոռն է հետաքրքրում, սրբություն չունի էս ազգը։ Մարդ տեսակ, սրբություն, գութ չկա»։ 
Ցավոք, գերեվարվածների ու անհետ կորածների հարազատներին ոչ ոք նման խոստում դեռ չի տվել։ 

Նաև հարց տվեցինք՝ Փաշինյանն իրո՞ք ասաց, որ ոչ մի երաշխիք չկա, որ թուրքը վաղը Երևանում չի հայտնվի։ Արմինե Մնացականյանն ասաց՝ իրենց չի ասել, մեկ այլ խմբի՝ Արցախում ծառայող զինվորներ ունեցող ծնողներին՝ մի քիչ այլ կերպ է ասել.

«Գիտեք, նման մի դրվագ էլ մեզ ասաց, որ մենք ասացինք՝ մեր էրեխեքն ինչ գործ ունեին Ղարաբաղում, ասաց՝ նույնը կարա լինի Կապանում, ամենուր, որտեղ որ թուրք կա, սահման կա։ Էդպիսի բան ասել է»։

Արմինե Մնացականյանն ասաց, որ իրենք երեկ շենքից դուրս գալիս չեն եղել, ի վերջո մոտեցել են ԱԱԾ աշխատակիցները և խոստացել ամեն ինչ անել, որ գերիների հարցը լուծվի։