Ներկայիս իշխանությունների հետ կապված խնդիրներ կան․ Հրանտ Միքայելյան

Ներկայիս իշխանությունների հետ կապված խնդիրներ կան․ Հրանտ Միքայելյան

Նոյեմբերի 10-ի գիշերը ՀՀ կառավարության ղեկավարի կողմից հրադադարի, ԼՂՀ տարածքների մեծ մասի հանձնման եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն առավոտյան հայտարարել էր, որ մամուլից է տեղեկացել հայտարարության ստորագրման մասին։ 

«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Որպես հանրապետության նախագահ` այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որևէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որևէ բանակցության չեմ մասնակցել»,- նշված էր Սարգսյանի հայտարարության մեջ։

Նույն օրը նախագահը հայտարարել էր քաղաքական, հասարակական գործիչների հետ իր նախաձեռնած հանդիպումների շարք սկսելու մասին։ Արդեն նոյեմբերի 16-ին Արմեն Սարգսյանը հանդես եկավ ուղերձով, որով խոսեց Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացման, երկրի կառավարումն ազգային համաձայնության կառավարությանը հանձնելու անհրաժեշտության մասին։ Չնայած եռակողմ հայտարարությանը, Լեռնային Ղարաբաղի հետ կապված շատ հարցեր դեռևս մնում են անորոշ․ խոսքը վերաբերում է թե՛ հարցի վերջնական լուծման ձևաչափին, թե՛ սահմանների վերջնական տեսքին, թե՛ ԼՂ կարգավիճակին։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի հետ։

-Պարո՛ն Միքայելյան, կարծես թե, ԱՄՆ-ն և Ֆրանսիան անհամաձայնություններ ունեն Ռուսաստանի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի եռակողմ հայտարարության վերաբերյալ։ Նաև երեկ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասել էր, որ որոշակի ճշտումների կարիք կա, որ Հայաստանի կառավարությունը համաձայնել էր, թե այս պահին հնարավոր չէ քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Սրա վերաբերյալ ի՞նչ եք կարող ասել։

-Այս պահի դրությամբ Մինսկի խմբի բանակցային ֆորմատը և ընդհանրապես որևէ բանակցային ֆորմատ, անորոշ է։ Մենք դեռ չենք հասկանում, և որևէ մեկը չի հասկանում՝ ինչ վիճակ է տիրում։ Նախ, կարգավիճակ քննարկելու խնդիր կա, որովհետև հայտարարության մեջ կարգավիճակի հետ կապված որևէ բան չկա, և Ադրբեջանը կտրականապես դրան դեմ է։ Երկրորդը. խնդիր կա բանակցող կողմերի հետ կապված, այսինքն՝ ընդհանրապես հասկանալի չէ, թե Մինսկի խումբն այժմ ինչ կարգավիճակ ունի։ Պաշտոնապես, իհարկե, Մինսկի խումբը չի ցրվել (իհարկե, չեն հայտարարում դրա մասին պաշտոնապես), բայց հայտարարության մեջ Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները չկան, սակայն նրանք դեռ ցանկանում են մասնակցել, իսկ Ադրբեջանը չի ուզում։ Եվ երրորդը. անհասկանալի է Թուրքիայի մասնակցության աստիճանը։ Մենք ունենք բազմաթիվ անհայտներ այս իրավիճակում, և կողմերը դիվանագիտական եղանակներով փորձելու են այդ անհայտները ճշտել, հասկանալ՝ ինչն է հնարավոր, ինչ հնարավորություններ կան, ինչ շահեր կան։ Մի խոսքով՝ փորձելու են ստեղծված իրավիճակից որևէ դիվանագիտական ուղիներ փնտրել։

-Այսինքն՝ կարելի՞ է հասկանալ, որ համաձայնագրով նշված կետերը կկատարվեն, որից հետո արդեն կարգավիճակի ուղղությամբ քննարկումները կլինեն կամ այդ ուղղությամբ խոսակցությունները։  

-Իմ կարծիքով՝ կարգավիճակի մասին քննարկումները կարող են լինել, բայց այս պահի դրությամբ դա դժվար է ակնկալել։ Ադրբեջանը դեռ իրեն համարում է հաղթած կողմ և դեռևս չի համաձայնելու որևէ նման քննարկման, սակայն ես տեսնում եմ նման պատրաստակամություն միջնորդների կողմից՝ երեք համանախագահող երկրների կողմից։ Ինձ համար նաև անհասկանալի է, թե Հայաստանի դիրքորոշումն ինչպիսին է լինելու, որովհետև հստակ դիրքորոշում չուներ մինչև այս պատերազմը և հատկապես հստակ դիրքորոշում չունի հիմա։ Կողմերը դեռ խոսելու են, քննարկելու են, որպեսզի դեռ իրենց կարծիքներն իմանան։ Հիմա դեռ մենք այս փուլում ենք լինելու։ Իսկ թե իրականում կարգավիճակի քննարկումն ինչպես կգնա, դեռ մի քիչ շուտ է դրա համար, դեռ անհասկանալի է։ Եվ դեռ մի քիչ դժվար է ակնկալել, որ կարգավիճակի վերաբերյալ առարկայական քննարկումը լսվելու է։ Բայց, ամեն դեպքում, պետք է հաշվի առնենք, որ և Ֆրանսիայում, և Ռուսաստանում, և Ամերիկայի Միացյալ Նահանգներում հետաքրքրություն այդ թեմայի նկատմամբ կա։            

-Հայաստանի ինչպիսի՞ իշխանությունն է կարող դիվանագիտական օգուտներ քաղել թեկուզ այս բարդ իրավիճակում։

-Իշխանությունը և՛ ներքին, և՛ արտաքին հարթակում լեգիտիմության պաշար պետք է ունենա, և ներկայիս իշխանությունների հետ կապված խնդիրներ կան. սա` առաջինը։ Երկրորդը. իշխանությունը շատ հստակ պետք է հասկանա խնդիրները, ունենա իր օրակարգը և ունենա այն հարցերի պատասխանը, որ մենք մինչև հիմա չունենք։ Այսինքն, մեծ հաշվով, Հայաստանն ինչի է ձգտում և ինչի համար է պատասխանատու։ Որովհետև մենք չենք ձևակերպել մեր խնդիրները մինչև այս պատերազմը, հստակ ձևակերպված օրակարգ չկա և հիմա մանավանդ չկա։ Այսինքն՝ իշխանությունը պետք է լինի այնպիսին, որը կարող է դա անել։ Երրորդը. շատ կարևոր է, որ այն իշխանությունը, որը բանակցելու է, լինի որքան հնարավոր է պրոֆեսիոնալ, իսկ մենք խնդիրներ ունենք մեր դիվանագիտական կորպուսի մասնագիտական որակների հետ։ Խոսում եմ ամբողջ կորպուսի մասին, մեծ հաշվով՝ այդտեղ լուրջ խնդիրներ կան։  Չորրորդը. ինքը` իշխանությունն էլ պետք է լինի պրոֆեսիոնալ և դնի Հայաստանի ազգային խնդիրները և փորձի դրանք լուծել։ Մի խոսքով՝ այս բոլոր հատկանիշները հարկավոր են, իհարկե, դրանք միակը չեն։ Եվս մեկ կետ. այդ իշխանությունը պետք է ընդունելի լինի արտաքին գործընկերների համար և ունակ լինի նրանց հետ առարկայական բանակցություններ վարելու, որի հետ կապված մենք խնդիրներ ունեցանք պատերազմի հետևանքով։ Ես չեմ ասում, թե ինչ է եղել պատերազմի ընթացքում, բայց ամենակարևոր բացթողումները եղել են հենց այդ 44 օրվա ընթացքում։ Եվ այստեղ մենք բազմաթիվ բաներ ունենք ուղղելու, այդ թվում՝ օրինակ, Իրանի հետ, որը բանակցություններում ներկայացված չէ, բայց հակամարտության խնդիրները քննարկելիս մենք, իհարկե, չենք կարող Իրանի դերն անտեսել։ Եվ հիմա շատ ակտիվ և առարկայական քննարկումներ են հարկավոր Իրանի հետ։ Ո՞վ կարող է դա անել․ սա շատ մեծ հարց է, բայց այս հարցին պետք է պատասխանենք, թե ով է կարող այդ խնդիրները դնել, լուծել, քննարկել և այլն։

-Պարո՛ն Միքայելյան, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը խոսեց երկրի կառավարումն ազգային համաձայնության կառավարությանը հանձնելու մասին։ Շրջանառվում են վարչապետի թեկնածուի մի քանի անուններ, օրինակ՝ ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյան, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյան, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյան։ Այս երեքի ռեսուրսների մասով ի՞նչ գնահատական ունեք։ Նաև Հայաստանում հանրահավաքներ կազմակերպող կուսակցությունների ղեկավարների մասով ի՞նչ կասեք, իրենց ռեսուրսների մասով ի՞նչ գնահատական ունեք։

-Ձեր թվարկած մարդիկ հիմնականում Ռուսաստանի Դաշնության հետ կապ ունեն։ Այս մարդիկ ունեն որոշակի փորձառություն տնտեսության հարցերում, և եթե նրանց տնտեսության հարցերը վստահվեն, գուցե նրանք ի վիճակի են այդ ոլորտում որոշակի հաջողություններ գրանցել։ Սակայն եթե մենք խոսում ենք դիվանագիտական ոլորտի մասին, եթե մենք խոսում ենք քաղաքականության մասին, ճիշտն ասած, նրանց այդտեղ չեմ պատկերացնում։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը և հայությունը պետք է լուծեն քաղաքական խնդիրներ, և մեզ պետք են այնպիսի մարդիկ և այնպիսի քաղաքական թիմեր, որոնք ի վիճակի են հենց քաղաքական խնդիրներ լուծել։ Իսկ տնտեսական խնդիրների լուծման համար պետք է տարբեր մասնագետների կանչել և տարբեր բիզնես օղակներին փորձել միավորել այս գործում, այդ թվում՝ Ձեր կողմից նշվածներին, սա` այսպես։ Ինչ վերաբերում է կուսակցություններին․ բազմաթիվ տարբեր ուժեր կան։ Նախ, ես անտեղի եմ համարում նրանց «նախկիններ» անվանելը, որովհետև նրանց մեջ բազմաթիվ տարբեր ուժեր կան, այդ թվում՝ բազմաթիվ նոր ուժեր, օրինակ՝ «Ազգային օրակարգ» կուսակցությունը։ Ես բավականին մեծ պոտենցիալ տեսնում եմ Դաշնակցություն կուսակցության մեջ։ Ես տեսնում եմ բավականին մեծ պետենցիալ Հրանտ Բագրատյանի փորձառության մեջ, իհարկե, ավելի շատ տնտեսական հարցերում, չնայած նա վերջերս ցույց տվեց, որ քաղաքականության մեջ բազմաթիվ հայեցակարգեր ունի և ի վիճակի է։ Եվ այդ միավորման մեջ բազմաթիվ այլ մարդիկ կան, որոնք մտահոգ են և, անշուշտ, կարող են երկրին ծառայել։ Սակայն, ընդհանուր առմամբ, ես կգերադասեի նախագահի օրակարգը, որը հետևյալն է՝ այո՛, պետք է ստեղծվի ազգային համաձայնության կառավարություն, այդ կառավարությունը պետք է լինի մասնագիտական, որը շատ կարևոր է։ Եվ երրորդը. պետք է սկզբում ստեղծվի օրակարգ, և այդ օրակարգը Հայաստանի վերականգնումն է, այսպես ասենք պայմանականորեն։ Եվ այդ օրակարգը, եթե մենք ձևակերպել ենք, այդտեղ լուծումները կգտնվեն, մարդիկ կգտնվեն։ Եվ այդտեղ, ես կարծում եմ, բացի այն ուժերից, որոնք բերել են այս վիճակին, բոլոր ուժերը կարող են մասնակցել, որոնք ունեն կազմակերպչական և կադրային այլ որակներ, կարող են այս խնդիրները լուծել։ Այսպիսով, մենք պետք է ձևակերպենք օրակարգ և, ըստ այդ օրակարգի, մասնագետներին և հայեցակարգերով մարդկանց գտնենք, որպեսզի նրանք աշխատեն։ Որովհետև անձնական մոտեցումներն ապացուցել են, որ սխալ են։ Այսինքն՝ դա պարզ էր ի սկզբանե, բայց, ցավոք սրտի, շատ մեծ կորուստներով մենք արդեն տեսանք իրականության մեջ։ Պետք է գտնել մասնագետների և ոչ թե տարբեր անուններ։

-Իսկ նախագահ Արմեն Սարգսյանի ապագան ինչպե՞ս եք տեսնում։ Նախագահ, որը սկսել է ավելի ակտիվ խոսել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ու գնահատականներ տալ և, իրավիճակը գնահատելով, արդեն ուղերձներ հղել․ արտահերթ ընտրություններ, ազգային համաձայնության կառավարություն և այլն։          

-Նա ունի հիմնականում, ըստ գործող Սահմանադրության և օրենսդրության, արարողակարգային և, ընդհանուր առմամբ, որոշակի բարոյական կերպարի դեր։ Եվ այդ դերն ինքը մեծ հաշվով կատարելու է։ Օրենքով ինքն ուրիշ սահմանված լիազորություն չունի և, կարծես, չի էլ ձգտում։ Այսպիսիով, նա հենց այս հենակետից խոսում է այն մասին, որը Դուք մեջբերեցիք կամ ուրիշ հայտարարություն։ Նա տեսնում է, որ երկիրը պետք է դուրս բերել ճգնաժամից, իսկ թե ինչպես, դա արդեն հարց է։ Բայց նա փորձում է իր հեղինակությունն օգտագործել՝ որոշակի հարցեր լուծելու համար։ Իր դերը ես հիմնականում այստեղ եմ տեսնում, այսինքն՝ այդ լուծումների առաջարկի մեջ։ Նա շատ փորձառու մարդ է, նա շատ հարգված մարդ է, նա շատ լավ դիվանագետ է այդ թվում։ Նա ունի դիվանագիտական հմտություններ, նա ունի դիվանագիտական կարողություններ, կապեր և այլն։ Դա չօգտագործելը նույնիսկ պատերազմի ժամանակ, շատ կոպիտ բառեր չհնչեցնեմ, շատ մեծ կոպիտ սխալ էր, որը որոշիչ դեր խաղաց նաև։ Այս մարդը շատ բան էր ուզում անել, և թույլ չտրվեց։ Իր կարողությունները նույնպես պետք է օգտագործել, գուցե որոշակի լիազորություններ լայնացնել, բայց եղած կարգավիճակով նա կարող է շատ բաներ անել, եթե նրան չխանգարեն։

-Նա կարո՞ղ է որպես բանակցող հանդես գալ Ղարաբաղի հարցով։

-Իհարկե, որովհետև նա երկրի նախագահն է։ Լինելով երկրի նախագահ՝ Արմեն Սարգսյանը, ամեն դեպքում, ունի կարգավիճակ, երկրի ֆորմալ ղեկավարն է։ Եվ այսպիսով, նա ունի լիազորություն, որպեսզի բանակցի, իհարկե, իր բանակցային կետերը պետք է համաձայնեցված լինեն, բայց, ընդհանրապես, մենք Հայաստանում ամեն ինչի մասին պետք է համաձայնվենք։ Չպետք է որևէ հարցեր լինեն, մասնատված օրակարգ չպետք է լինի, այսինքն՝ ամեն ինչն անցած պետք է լինի։ Եթե այս ամեն ինչի շուրջը համաձայնություն լինի, նա, որպես նախագահ, բազմաթիվ բաներ է կարող անել, նույնիսկ իր եղած կարգավիճակով և բազմաթիվ այլ բաներ, որ արել է մինչև հիմա։  

-Ձևավորվում է ազգային համաձայնության կառավարությունը, բայց բանակցում է նախագահը, Ադրբեջանի նախագահի հետ կլինի կամ կողմերի հետ, միջնորդների մասնակցությամբ։ Գնում և բանակցում է նախագահը, բայց ոչ թե ձևավորված կառավարության ղեկավարը, այսպես նկատի ունեմ։

-Այդպես, իհարկե, հնարավոր չէ, բայց մենք տեսել ենք, օրինակ՝ Ռուսաստանի պատվիրակությունն էր եկել (նոյեմբերի 21-ին Հայաստան ժամանած ՌԴ պատվիրակությունը՝ «Հրապարակ») և՛ արտաքին գործերի նախարարը, և՛ վարչապետը, և՛ նախագահը։ Այսինքն՝ նախագահը կարող է որոշ բանակցություններ վարել, թե ինչ բանակցություններ, նախ՝ այստեղ իրավական հարցեր կան, որոնք ես չեմ կարող ասել, որ դա իմ ուժեղ կողմն է։ Երկրորդը․ այստեղ հարցեր կան քաղաքական համաձայնության տեսանկյունից, և կախված է, թե ինչ կառավարում կունենանք, թե ինչ կառավարություն կունենանք և այլն։ Եվ երրորդը․ արդեն թե ինչ հնարավորություններ է տալիս իր կարգավիճակը, իր ցանկությունը։ Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, հնարավորություններ կան, և այդ հնարավորությունները պետք է օգտագործել։ Նախագահի հեղինակությունը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում քաղաքական գործիչներինը։ Եվ մենք տեսնում ենք, որ նա կարողանում է հանդիպել, շատ լուրջ հարցեր քննարկել։ Եվ նույնիսկ ես կասեի, որ այն հանդիպումը, որ նա ունեցել է Լավրովի հետ, բավականին լավ անցավ, և դրանով իսկ ցույց տվեց, որ շատ ավելի լավ կարող է դիվանագիտական ասպարեզ դուրս գալ, այդ թվում՝ ներկայացնել Հայաստանի խնդիրները։ Բայց էլի եմ ասում․ սա մեծապես կախված է կառավարությունից, այսինքն՝ կառավարությունը որքանով ի վիճակի կլինի նրա հեղինակությունը, նրա փորձը և գիտելիքներն օգտագործել։