Դուք չեք պատկերացնի, թե ես ինչերի միջով եմ անցել

Դուք չեք պատկերացնի, թե ես ինչերի միջով եմ անցել

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը, որն այդ կառույցը ղեկավարել է 2002-2018 թվականներին, հասարակական կազմակերպություն է բացում եւ զբաղվելու է հանրային ծառայողների խնդիրներով։ Ասում է, որ հասարակական գործունեությունն իր համար նոր չէ, որ մինչեւ բարձր պաշտոն զբաղեցնելը երիտասարդական ՀԿ է ունեցել, Հայաստանում առաջին ՀԿ-ն է հիմնել: Երեկ Բադալյանի կազմակերպությունը պետական գրանցում ստացավ։ Այն կոչվելու է «Հանրային ծառայողների արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն»: ՀԿ-ն, ի թիվս այլ նպատակների, ուսումնասիրելու է, թե որքանով է իշխանությունը, քաղծառայության պաշտոնների նշանակելիս, պահպանում արժանիքահենության սկզբունքը: Մանվել Բադալյանի նոր ամպլուայով հետաքրքրված՝ մի քանի հարց տվեցինք նրան:

- Ինչպե՞ս եք պատրաստվում պաշտպանել քաղծառայողներին, եթե նախկինում էլ Ձեր հիմնադրած համակարգն արդյունավետ չէր աշխատում:

- Ի՞նչ ասեմ, այն, ինչ նախկինում չի ստացվել, հիմա կարող է ավելի լավ ստացվել:

- Ձեր սխալները չասեմ, Ձեր հնազանդ վարքն ենք հիշում, որ կարող էր նախարարը կամ ավելի բարձր իշխանավորն ասել՝ այս մարդը պետք է զբաղեցնի այս պաշտոնը, այն մյուսը՝ ոչ, բայց Դուք չեք ընդդիմացել:

- Իհարկե, ընդդիմացել եմ, բայց իմ ընդդիմանալը շատ չի երեւացել: Շատ դեպքեր են եղել: Դուք չեք պատկերացնի, թե ես ինչերի միջով եմ անցել: Հետագայում վիճակագրություն կհրապարակեմ, որը հետաքրքիր կլինի, կարծում եմ: Բայց, բոլոր դեպքերում, իր թերություններով հանդերձ՝ Քաղծառայության խորհուրդն ինչ-որ բան փոխեց դեպի լավը, դա պետք է ընդունել: Խորհուրդն ուներ ծառայողական քննություն նշանակելու լիազորություն, նաեւ որոշում էր՝ համաձայնություն տա՞լ, թե՞ չտալ որեւէ աշխատողի ազատմանը, եւ մեր վիճակագրությամբ մոտ 50 տոկոս դեպքերում մենք համաձայնություն չէինք տալիս: Իսկ դա լուրջ ցուցանիշ է:

- Եթե, օրինակ, այն մաքսավորը, որը վարչապետի հրահանգով դիմում գրեց, դիմի դատարան, Ձեզ, կարո՞ղ եք պաշտպանել նրան:

- Նախկինում էլ երբ նման դեպքեր էին լինում, ես կոչ էի անում մարդկանց, որ փորձեն պաշտպանել իրենց շահերը: Իսկ երբ դուք դիմում եք գրում ու ազատվում եք՝ այն ժամանակի մասին եմ ասում, Քաղծառայության խորհուրդը որեւէ լիազորություն ու իրավունք չուներ մարդուն պաշտպանելու: Մարդը երբ որ դիմում է գրում, գնում է, ինքը քայլ չի անում, որեւէ մեկը նրան չի կարող օգնել:

- Ո՞ր դեպքն է Ձեզ շատ զարմացրել, որը դրդեց, որ հասարակական կառույց բացեք:

- Անցյալ տարի հուլիսին, որ ուժի մեջ մտավ «Քաղծառայության մասին» նոր օրենքը՝ ի դեպ, այն մշակվել էր նախկին իշխանության օրոք, ու Քաղծառայության խորհուրդը լուծարվեց, ես՝ ինքս եմ իմ աշխատանքից ազատման հրամանը ստորագրել, իմ, իմ տեղակալների, խորհրդի անդամների: Հենց այդ ժամանակից էլ այս մտահղացումն ունեցել եմ:

- Ասում էին, որ հազարավոր քաղծառայողներ են աշխատանքից ազատվել նորերի օրոք: Նույնիսկ թիվ էր հնչում՝ 10 հազար: Որքանո՞վ են իրատեսական այս թվերը:

- Խոսում էին, որ 10 հազար քաղծառայողներ են ազատվել, բայց դա միֆ էր, կարծում եմ: Ո՞նց կարող է 10 հազար քաղծառայող ազատվել, եթե Հայաստանում 7-8 հազար քաղծառայող կա: Բայց եթե անգամ 1000 մարդ է ազատվել, կրճատումները չպետք է լինեն ինքնանպատակ, չպետք է իրականացվեն երկակի ստանդարտների կիրառմամբ: Թեեւ ես նախկինում էլ ասել եմ, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է: Դրա համար մեր կազմակերպության հիմնական խնդիրներից են լինելու մարդկային ռեսուրսի կառավարման ուսուցումը, դասընթացների կազմակերպումը, վերապատրաստումները:

- Պարոն Բադալյան, հիմա շատ հաճախ կամայական նշանակումներ են լինում, ձեւական մրցույթներ են անցկացվում, «Քաղծառայության մասին» օրենքը հաճախ խախտում են: Օրենքի ամենակոպիտ խախտումը ո՞րն է՝ նոր մարդկանց նշանակման հարցում:

- Բանն այն է, որ մինչեւ հիմա դեռ քաղծառայության մրցույթներ չեն եղել: Իրավական դաշտն էլ, նորմատիվային ենթաօրենսդրական բազան ձեւավորված չէ, եւ բոլոր թափուր տեղերը հիմնականում զբաղեցնում են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերով: Բայց, միեւնույն է, այդ դեպքում էլ պետք է բավարարեն օրենքի եւ պաշտոնի անձնագրի պայմաններին, կապ չունի՝ ժամանակավոր պաշտոնյանե՞ր են, թե՞ հիմնական: Այսօրվա օրենսդրությունը մի սահմանափակում ունի, որն արդեն խախտվել է: Ժամանակավոր պայմանագրով քաղծառայության պաշտոնը կարող են զբաղեցնել մինչեւ 6 ամիս ժամկետով, սակայն մարդիկ կան, որ 8-10 ամիս է՝ քաղծառայության հաստիքների վրա են: