Թույլին ճնշելը միշտ ավելի հեշտ է. ԱՄՆ-ն մեզ դեռ շատ զիջումներ է պարտադրելու

 Թույլին ճնշելը միշտ ավելի հեշտ է. ԱՄՆ-ն մեզ դեռ շատ զիջումներ է պարտադրելու

ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը Euronews-ին տված հարցազրույցում պահանջում է, որ Ուկրաինան ավելի լուրջ վերաբերվի պատերազմին եւ մոբիլիզացիայի ենթարկի իր 18-27 տարեկան տղամարդկանց եւս: Ուկրաինայում գործող օրենքը թույլ է տալիս ռազմաճակատ տանել 27-ից բարձր տարիքի տղամարդկանց, սա արվել է, որ երկրի գենֆոնդը պահպանվի, վերարտադրողական տարիքի տղամարդիկ կենդանի մնան, երեխաներ ունենան, ի վերջո, պատերազմից հետո երկիրը ոտքի հանել է պետք, վերականգնել ու վերակառուցել: Բայց ամերիկացիներին ու եվրոպացիներին Ուկրաինայի ճակատագիրն ընդհանրապես չի մտահոգում, նրանց նպատակն այն է, որ Ուկրաինան կռվի մինչեւ վերջին ուկրաինացին: Լրագրողի հարցին, թե գուցե արեւմտյան երկրները` ՆԱՏՕ-ն զորքեր մտցնեն Ուկրաինա, Դաալդերն ասում է. «Ես կարծում եմ, որ կարող է գալ մի օր, երբ դա անհրաժեշտ կլինի: Բայց դուք չեք կարող դա անել, քանի դեռ չեք մոբիլիզացրել ձեր 18-27 տարեկաններին: Շատ դժվար է խնդրել մորը կամ հորը, ամուսնուն կամ կնոջը, քրոջը կամ եղբորը՝ ուղարկել իրենց որդիներին, քույրերին եւ դուստրերին՝ կռվել մի երկրում, որը չի ցանկանում մոբիլիզացնել իր մինչեւ 25 տարեկան մարդկանց: Հետեւաբար, ուկրաինացիները պետք է անեն ավելին, որը լուծման մի մասն է: Ձեզ պետք է ավելի շատ մարդ առաջնագծում, պետք է վերջ դնել վերապահումներին»: 

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ արեւմտյան երկրների, ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի կողմից իրենց դաշնակիցներին տրվող անվտանգության երաշխիքների մասին` ուկրաինացիներն աջակցություն են ուզում, ՆԱՏՕ-ն պահանջում է ավելի շատ մարդ ուղարկել ռազմաճակատ: Ուկրաինացիները հասկացել են, որ իրենք կռվում եւ մեռնում են ոչ թե Ուկրաինայի տարածքային ամբողջականության եւ անկախության համար, այլ հանուն ԱՄՆ-ի, որին այդ պատերազմը պետք է՝ Ռուսաստանին եւ ԵՄ անդամ երկրներին հնարավորինս թուլացնելու համար: ԵՄ երկրները մինչեւ ռուս-ուկրաինական պատերազմը որոշել էին ըմբոստանալ ԱՄՆ-ի դեմ, ԱՄՆ-ն պատերազմն օգտագործում է նրանց իրենից էլ ավելի մեծ կախվածության մեջ գցելու համար: Ամերիկացիները հիմա եվրոպացիներին վախեցնում են ռուսական հարձակման վտանգով, ասում են` տեսեք, Ուկրաինայից հետո հաջորդը դուք եք լինելու, հաջորդը Ռուսաստանը հարձակվելու է մերձբալթյան երկրների, Լեհաստանի վրա, հետո հերթը կարող է հասնել նաեւ Գերմանիային ու մյուս երկրներին: Դուք՝ ինքներդ, ձեզ պաշտպանել չեք կարող, ձեր միակ պաշտպանը ես եմ, առանց ԱՄՆ-ի դուք կհայտնվեք ռուսական գերության մեջ, այնպես որ՝ խելոք համակերպվեք ամերիկյան գերությանը, քանի որ մենք մեր գերիներին ավելի հումանիստորեն ենք վերաբերվում, քան կվերաբերվեն բարբարոս ռուսները, որոնք առանց այն էլ կատաղած են ձեզ վրա: 

Ուկրաինացիները հարյուր հազարավոր զոհեր են տվել, մի քանի անգամ ավել մարդ հաշմանդամ է դարձել, արդեն երկու տարուց ավելի ամերիկացիների պահանջով երկրում տոտալ մոբիլիզացիա է: Ինչո՞ւ ամերիկացիների պահանջով, քանի որ ուկրաինացիներն այլեւս չեն ցանկանում կռվել, ոչ թե չեն ցանկանում պաշտպանել իրենց երկիրը, այլ հասկացել են, որ իրենք թնդանոթի միս են ուրիշների պատերազմում: Ուկրաինացի տղամարդիկ հարյուր հազարներով փախչում են երկրից, իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ փորձում են լողալով անցնել սահմանային գետերը, շատ դեպքերում խեղդվելով եւ այդպես էլ չհասնելով հակառակ ափ: Ուկրաինայի սահմանապահ ծառայությունը երեկ մի լուսանկար էր հրապարակել, որտեղ կալանավորված 27 տղամարդիկ էին, ովքեր փորձել են անցնել Մոլդովայի սահմանը՝ վճարելով 4-7 հազար եվրո փրկագին: Օդեսայում սահմանապահը կրակել սպանել է սահմանն անցնել փորձող տղամարդուն, ըստ սահմանապահների` երբ նրան փորձել են կանգնեցնել, նա դիմադրություն է ցույց տվել եւ հարձակվել է սահմանապահի վրա: 

Հայաստանը եւս որոշել է փոխել իր անվտանգության հայեցակարգն ու հույսը դնել ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի կողմից տրող անվտանգության երաշխիքների վրա: Թե ինչ է իրենից ներկայացնում այդ երաշխիքը, պարզ երեւում է Ուկրաինայի օրինակով. ՆԱՏՕ-ն եւ այդ կազմակերպության ներկայացուցիչներն անվտանգության փոխարեն խորհուրդներ են տալիս` ավելի շատ մոբիլիզացիա, ավելի շատ զոհեր, մենք ձեր փոխարեն չենք պատրաստվում մեռնել, ընդհակառակը՝ դուք պետք է մեռնեք հանուն մեր շահերի: Եվ սա միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, որտե՞ղ է տեսնված, որ տերն իրեն զոհի ծառայի համար, սյուզերենը` վասալի: Ամերիկացիների եւ եվրոպացիների համար ուկրաինացու կամ հայի կյանքը որեւէ արժեք չունի, նրանք համոզված են, որ մյուս ազգերն ու ժողովուրդները գոյություն ունեն բացառապես իրենց ծառայելու, հանուն իրենց շահերի զոհվելու, իրենց բարեկեցությունն ապահովելու համար:

Պատերազմի արդյունքում Ուկրաինան արդեն կորցրել է իր տարածքի 20-25 տոկոսը, գրեթե այդ չափով տարածքային կորուստներ ունեցավ Հայաստանը: Անկախ նրանից, թե ինչ են հայտարարում Փաշինյանն ու իր թիմակիցները, մինչեւ 2020 թվականը Արցախը Հայաստան էր, Ադրբեջանին հանձնված Գորիս-Կապան ճանապարհը Հայաստան էր, Ներքին Հանդի, Սոթքի, Կիրանցի, Ոսկեպարի հարակից տարածքները, թշնամուն պատերազմով ու խաղաղ զիջված հազարավոր հեկտարները Հայաստան էին, այդտեղ կանգնած էր Հայաստանի բանակը, ապրում էին Հայաստանի քաղաքացիներ, գործում էր Հայաստանի օրենսդրությունը: Դաալդերն ասում է, որ եթե նույնիսկ Ուկրաինային ընդունեն ՆԱՏՕ, ապա ՆԱՏՕ-ի անվտանգության երաշխիքները կտարածվեն միայն այն տարածքների նկատմամբ, որոնք վիճարկման ենթակա չեն, այսինքն՝ գրավված չեն Ռուսաստանի կողմից: ՆԱՏՕ-ն արդեն բացեիբաց ուկրաինացիներին հորդորում է համակերպվել տարածքային կորուստների հետ: Նույնը տեղի է ունենում Հայաստանի հետ: Երբ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն ասում է, որ խաղաղության համար Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է գնան ծանր փոխզիջումների, նկատի ունի, որ Հայաստանը պետք է համաձայնի արդեն ունեցած տարածքային կորուստների հետ, իսկ գուցե նաեւ նոր զիջումներ անի: Կյանքը ցույց է տվել, որ ԱՄՆ-ն ուժեղին, մեր դեպքում` Ադրբեջանին զիջումներ պարտադրելու ո՛չ ուժ ունի, ո՛չ էլ ցանկություն, ԱՄՆ-ի պահանջով զիջումներ անողը միշտ Հայաստանն է լինելու:

Ավետիս Բաբաջանյան