Պետությունը ես եմ

Պետությունը ես եմ

Բոլորովին ցանկություն չունենալով ներքաշվել այս իշխանությունների ձեւավորած կեղծ օրակարգի մեջ եւ չցանկանալով կուլ տալ այն խայծը, որը նետվել է մեզ, թե որքանով է ճիշտ Կոնստանտին Զատուլինի եւ Մարգարիտա Սիմոնյանի՝ «պերսոնա նոն գրատա» ճանաչվելը, մի քանի դիտարկում, այնուամենայնիվ, անենք պետության եւ պետական շահի, պետության ղեկավարի եւ պետական որոշումների փոխհարաբերությունների թեմայով։ Ցավալիորեն, տասնամյակներ շարունակ արձանագրում ենք, որ դեպի վեր բարձրացող ոչ մի անձ չի կարողանում տարանջատել սեփական անձը իր զբաղեցրած աթոռից։ Շատ կարճ ժամանակ անց պետությունն ու պետության առաջին դեմքն այնպես են միաձուլվում միմյանց, որ առաջին դեմքն իր դեմ ուղղված ցանկացած քայլ դիտում է որպես պետության դեմ ուղղված ոտնձգություն։ Եվ այս անձանց անցանկալի անձ ճանաչելու գործընթացը դրա վառ ապացույցներից է։ Սակայն եթե առաջ պետության առաջին դեմքերը փոքր-ինչ քողարկում էին այդ միտումը եւ փորձում էին ինչ-որ օրենքների ու հիմնավորումների մեջ թաքցնել դա, այժմ դա անթաքույց է կատարվում։

Պետությունը ես եմ՝ ասում էր Լյուդովիկոս 14-րդ թագավորը՝ անգամ չպատկերացնելով, թե ինչպես են 300 տարի հետո փոքրիկ Հայաստանի խղճուկ կառավարիչները գերազանցելու իրեն՝ իրենց ամբիցիաներով, պետությունն իրենց անձնական շահերին ծառայեցնելու ցինիզմով, իրականությունից կտրվելու ունակությամբ։ Ինչպես են մոռանալու, որ մի օր եկել են՝ մի օր էլ հեռանալու են։ Ինչպես են անտեսելու երկրային ու երկնային պատժի գործոնը։ Ի վերջո, կարելի է Հայաստան մտնելու իրավունքից զրկել բոլոր նրանց, ովքեր երբեւէ քննադատել են Նիկոլ Փաշինյանին, կարելի է անգամ երկրից վտարել բոլոր նրանց, ովքեր համարձակվում են քննադատել, բայց դժգոհությունները դրանից չեն նվազելու։