Դուք աշխարհի ամենալավ «ուսապարկերն» եք՝ շնորհակալություն հավատարմության համար

Դուք աշխարհի ամենալավ «ուսապարկերն» եք՝ շնորհակալություն հավատարմության համար

Եվ նորից ու կրկին դեմագոգիա, մանիպուլյացիաներ ու քարոզարշավ՝ քարոզարշավից առաջ։ Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների քարոզարշավն ընդամենը 12 օր է տեւելու եւ սկսվելու է հունիսի սկզբին, բայց այս տարիներին հազարավոր օրենքներ ու կանոններ խախտած Փաշինյանն օրեր առաջ արդեն սկսել է քարոզարշավը՝ խախտելով օրենքը, միաժամանակ իր բոլոր ելույթներում խոսելով օրենքի, օրինականության, բարոյականության եւ արդարության մասին։ 

Երեկ նա Ազգային ժողովում իր եզրափակիչ խոսքն ավարտեց «Իմ քայլի» նախընտրական կարգախոսով՝ «Եվ որեւէ մեկը չկասկածի, որ ապագա կա, կա ապագա»: Բայց ելույթը միայն դրանով չէր ուշագրավ։ Եթե մինչ ընտրությունները նրան թիմակիցներն էին քծնում, որ ցուցակում գրի իրենց անունները, որ իրենց «սպիսատ» չանի, եւ իրենք չդառնան «օխտը կորածի մինը»՝ ինչպես Թումանյանն էր ասում, ապա այս փուլում արդեն սկսվել է հակառակ պրոցեսը՝ Փաշինյանն է քծնում թիմին, որ չհեռանան իրենից, չդավաճանեն իրեն, մենակ չթողնեն։ Եվ երեկվա ելույթի մի մեծ հատված նվիրված էր «Իմ քայլը» խմբակցությանը, որն այս ընթացքում հասցրել է «ուսապարկերի խմբակցություն» խոսուն անվանումը ստանալ եւ երկուսուկես տարվա ընթացքում ոչ մի խելքը գլխին օրենք չի ընդունել, անգամ մի խելքը գլխին ելույթ չենք լսել նրանցից։ Բայց շեֆը գոհ է, ասում է՝ «դահլիճի այս հատվածում (ձախ) նստած մարդիկ իրար հետ կապված չեն ո՛չ բիզնես, ո՛չ ինչ-որ այլ ստվերային կապերով»։ 

Ընդամենը մի քանի օր առաջ է իրենց իսկ ստեղծած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատգամավոր Հայկ Սարգսյանի մասով նյութերն ուղարկել դատախազություն՝ գործ հարուցելու, քանի որ նրա «եկամուտների էական փոփոխությունը չի հիմնավորվել օրինական եկամտի աղբյուրներով», բայց բիզնես ու ստվերային գործունեություն չեն ծավալում նրանք։ 
Նորից չապացուցված եւ օդում կախված լուրեր հրապարակեց, թե «նոյեմբերին, հոկտեմբերին եւ նույնիսկ սեպտեմբերին, այդպես արդեն խոսվում էր, որ պետք լինի, չգիտեմ, 5 մլն, 10 մլն, 50 մլն դոլար կդնեն եւ «Իմ քայլը» խմբակցությունից 20, 23 հոգի, հազար ներողություն այդ արտահայտության համար, կգնեն»: Ո՞վ էր խոսում, ո՞վ էր գնելու, ո՞ւմ էր գնելու, եթե նման փաստեր ունեն՝ ինչո՞ւ գործ չեն հարուցել եւ ինչո՞ւ կոնկրետ անուններ չեն հրապարակում, պարզ չէ։ Լրագրողական «մեր աղբյուրներով» տեղեկությունների ավանդույթը հետեւողականորեն շարունակվում է նաեւ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու շրջանում։ 

Հետո անցավ իր թիմից հեռացածներին վիրավորելուն․ «Մեր երեսով են տալիս Օսիպյանին, ինչի՞ միայն Օսիպյանին, էլի մարդկանց կարող են տալ երեսով․․․ չգիտեմ, օսիպյաններ, պողոսյաններ, էլ ինչեր, կարող եմ բարձրաձայնել»։ Մարդկանց մասին «ինչեր»-ով խոսելն առնվազն անբարեկրթություն է, եւ Վալերի Օսիպյանն ու Հունան Պողոսյանն էլ ո՛չ ճորտ էին, ո՛չ ստրուկ, ո՛չ էլ եկեղեցով ամուսնացել էին իրենց հետ, որ մինչեւ կյանքի վերջը հավատարմություն պահեին՝ օրենքի ու իրականության հետ կապերը վաղուց խզած վարչապետի հետ։ 

Իսկ «Իմ քայլը», ուղղակի, իդեալական խմբակցություն է, ըստ վարչապետի ԺՊ-ի։ Անցել է «ամենադաժան փորձությունների միջով» եւ միասնական է մնացել, «ապացուցել է, որ արժեքների եւ սկզբունքների մասին խոսակցությունն ուղղակի կենաց եւ վերնագիր չէ»։ Եվ 44-օրյա «հաղթելու ենք»-ի անփառունակ վախճանից հետո մեկ արտահայտության մեջ 6 անգամ օգտագործում է «հաղթանակ» բառը․ «Այս օրը մեր ամենամեծ հաղթանակն է, ժողովրդի ամենամեծ հաղթանակն է, արժեքների ամենամեծ հաղթանակն է, բարոյականության ամենամեծ հաղթանակն է, Հայաստանի Հանրապետության ամենամեծ հաղթանակն է եւ ապագայի ամենամեծ հաղթանակն է»: 
Վերջում էլ շնորհակալության խոսքեր է ուղղում «Իմ քայլը» խմբակցությանը․․․ ժողովրդի անունից: Ինչե՜ր չես անի հանուն վարչապետի աթոռի՝ անգամ արփիդավոյաններին ու արթուրհովհաննիսյաններին պատրաստ ես շնորհակալություն հայտնել։

Եվ մի շերեփ էլ՝ խմբակցությունից անկախացած պատգամավորներին․ «Մենք կտեսնենք, թե նրանք, ովքեր ազգի, ժողովրդի, սահմանների, ծննդավայրի մտահոգություններով մտահոգված հեռանում էին, տեսնենք, թե ուր կհասնեն: Ես կարծում եմ, որ նրանք հասել են արդեն»: Եվ սա ասում է մի մարդ, ով երբեք աչքի չի ընկել հավատարմությամբ՝ ժամանակին լքել է իրեն քաղաքականություն մտցրած անձանց, սառեցրել իր մասնակցությունը պատգամավորական խմբակցությանը՝ ՀԱԿ-ին, եւ դաժանաբար քննադատել իր քաղաքական կնքահորը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Գոնե «Իմ քայլից» հեռացողներին պատերազմը, կորուստները, մեր սահմանները, իրենց ծննդավայրի համար մտահոգությունն է մղել նման քայլի, իսկ իրեն նման քայլի ժամանակին ի՞նչն էր մղում։