ՀՀ համայնքներից որո՞նք են միացել «Քաղաքապետերի դաշնագրին» և ի՞նչ են ստացել դրա դիմաց 

ՀՀ համայնքներից որո՞նք են միացել «Քաղաքապետերի դաշնագրին» և ի՞նչ են ստացել դրա դիմաց 

Դեկտեմբերի 2-ին «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի համայնքների միության աջակցությամբ Երևանում տեղի ունեցավ ծրագրի թիմի անդամների հանդիպումը լրագրողների հետ։ Հանդիպման ընթացքում «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Քրիստոֆ Ֆրերինգը մասնակիցներին ներկայացրեց «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության հիմնական նպատակները, զարգացման փուլերը, համայնքների կողմից ստանձնած հանձնառությունները, նախաձեռնության ընթացակարգերը, և անդրադարձավ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» տարածարջանային ծրագրի նպատակներին և նախատեսված գործողություններին՝ շեշտադրելով նախաձեռնությանը անդամակցող համայնքներին ցուցաբերվող տեխնիկական աջակցության և տեղական մասնագետների կարողությունների ամրապնդման կարևորությունը: Դաշնագիրը ստորագրող ՀՀ 14 համայնքներից 12-ն արդեն մշակել են գործողությունների ծրագրեր, և ՀՀ բնակչության 50 տոկոսից ավելին ապրում է այն համայնքներում, որոնք անդամակցում են Քաղաքապետերի դաշնագրին։ Կան նաև համնայնքներ, որոնց մասնակցությունը ժամանակավորապես կասեցվել է, դրանք այն համայնքներն են, որոնք դաշնագիրը ստորագրելուց հետո երկու տարվա ընթացքում ոչինչ չեն ձեռնարկել։

Կոտայքի մարզում, օրինակ, այդպիսի համայնքներից մեկը Աբովյան քաղաքն է, որը դաշնագրին միացել է դեռ նախորդ քաղաքապետի՝ Վահագն Գևորգյանի կառավարման օրոք, սակայն որևէ քայլ չկատարելու, ծրագիր չներկայացնելու պատճառով այսօր Աբովյանի մասնակցությունը սառեցվել է։

Քրիստոֆ Ֆրերինգի խոսքով՝ ծրագիրն օգնում է համայնքներին, բայց նրանց փոխարեն գործ անել չի կարող։ Այսինքն՝ իրենք ոչ թե ձուկն են տալիս, այլ սովորեցնում են ձուկ որսալ։ 

«Մենք շատ լավ հասկանում ենք, որ համայնքները ցանկանում են, որ մենք իրենց տանք ձուկ, կամ գումար, որ գնեն այդ ձուկը։ Բայց մեր ծրագրի նպատակն է սովորեցնել համայնքներին՝ ինչպես ձուկ բռնել։ Եթե մենք չենք սովորեցնում դա նրանց, նրանք ուղղակի միշտ ֆինանսական աջակցության կսպասեն»,-ասաց Ֆրերինգը։

Ներկայումս Հայաստանում Դաշնագրին անդամակցում է 28 համայնք, որոնցից 12-ը արդեն մշակել են իրենց գործողության ծրագրերը: «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելքը» ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է ներկայացնել և աջակցել ԵՄ-ի այս կլիմայական և էներգետիկ նախաձեռնությունը Արևելյան գործընկերության երկրներում: Ծրագիրն աջակցում է տեղական իշխանություններին կայուն էներգետիկ քաղաքականության իրականացման, էներգետիկ անվտանգության ապահովման և կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության գործում: Ծրագրի ազգային համակարգողն է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, ծրագրի աջակիցն ու տեղական գործընկերն է Հայաստանի համայնքների միությունը, աջակիցներն են Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամն ու Էներգախնայողության աջակցության հիմնադրամը։ 

Ծրագրի ազգային փորձագետ Արտեմ Խարազյանն անդրադարձավ Դաշնագրի շրջանակներում համայնքների կողմից ստանձնած հանձնառություններին՝ մասնավորապես կլիմայի փոփոխությունների մեղմման, հարմարվողականության և էներգետիկ աղքատությանը վերաբերող հարցերին և այն գործողություններին, որոնք համայնքները պիտի անեն իրենց նապատակներին հասնելու համար։ Նա նշեց՝ կատարվել է նաև հետազոտություն համայնքներում ներդրումների իրականացման հիմնական խոչընդոտները բացահայտելու համար, որոնք կան ֆինանսական և օրենսդրական դաշտում։ Նրա խոսքով՝ դաշնագրին միացած համայնքները հետո մեծ շանս են ունենում՝ իրենց ներկայացրած ծրագրով արժանանալ Եվրամիության հատկացրած դրամաշնորհներին։

«Երկու տարվա ընթացքում համայնքները պետք է պատրաստեն գործողություններ ծրագիր, եթե ոչ, համայնքի անդամակցությունը Դաշնագրին կասեցվում է։ Ցանկացած ժամանակ, երբ համայնքը կներկայացնի գործողությունների ծրագիր, նրա անդամակցությունը վերականգնվում է։ 2022-ի դեկտեմբերի դրությամբ Դաշնագրին միացել է ՀՀ 28 համայնք, նրանցից 14-ն ակտիվ են, 14-ի մասնակցությունը՝ կասեցված։ Ծրագրի նպատակն է նաև այս կասեցված համայնքներին բերել ակտիվ գոտի։ Ծրագիրը ֆինանսական աջակցություն անմիջապես համայնքներին չի տրամադրում, այլ տրամադրում է տեխնիկական աջակցություն, որպեսզի նրանք պատրաստեն ռազմավարություն։ Ակտիվ ենք աշխատում Սպիտակ, Երևան, Տաշիր, Գավառ համայնքների հետ։ Մենք համայնքներին օգնում ենք համատեղ ուժերով մշակել ռազմավարություն, եթե համայնքը ժամանակին կարողանում է գործողությունների ծրագիր մշակել, ԵՄ-ի կողմից գրանտային ծրագրերի համար նա դառնում է պոտենցյալ շահառու։ Վայք, Ապարան, Արթիկ, Սպիտակ, Երևան համայնքները ԵՄ կողմից ստացել են խոշոր գրանտային միջոցներ»,-ասաց Խարազյանը։

ՀՀ-ում ծրագրի հաղորդակցության փորձագետ Տաթևիկ Հարությունյանն էլ ներկայացրեց տեղական մակարդակում ԵՄ կայուն էներգիայի օրերի անցկացումը՝ ՀՀ համայնքների օրինակով՝ որպես իրազեկման հիմնական միջոց։ 

Այնուհետև լրագրողների համար կազմակերպվեց մեդիա տուր դեպի Դավթաշեն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերից մեկի տանիք, որտեղ ԵՄ կողմից ֆինանսավորվող Քաղաքապետերի դաշնագիր ցուցադրական նախագծեր ծրագրի ներքո «ԵՄ-ն Երևան արևային համայնքի համար» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից տեղադրվել է ֆոտովոլտայիկ կայան: Այս շենքը Երևանի 97 բազմաբնակարան շենքերից մեկն է, որտեղ տեղադրվել են ֆոտովոլտային կայաններ: