Դա երիտթուրքերի կուսակցությունն է` սին հույսեր մի փայփայեք

Դա երիտթուրքերի կուսակցությունն է` սին հույսեր մի փայփայեք

Մարտի 23-ին Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում Իմամօղլուի կողմնակիցները ցույցի են դուրս եկել 1915 թվականի հայերի դահիճների` Թալեաթի, Էնվերի, Ջեմալի ցուցապաստառներով: Էրդողանի մոտալուտ վախճանի հույսից ոգեւորված հայերի համար սա կարող է սթափեցուցիչ հանգամանք հանդիսանալ: Դեմոկրատական դիրքերից հանդես եկող Իմամօղլուի կողմնակիցները պարզում են ցեղասպան Ջամալի, Թալեաթի ու Էնվերի պաստառներ:

«Ի պաշտպանություն Իմամօղլուի ժողովուրդը ցույցի էր դուրս եկել տարատեսակ պաստառներով, հատկապես ժողովրդահանրապետական կուսակցության սատարողները դուրս էին եկել պաստառներով, որոնց վրա պատկերված էին երիտթուրքական Եռյակ միության գլխավոր գլուխները, հատկապես` Թալեաթը, Էնվերը, Ջեմալը և սա խոսում է այն մասին, որ Թուրքիայում էական չեն քաղաքական փոփոխությունները` կապված Հայաստանի հետ: Բոլոր այն քաղաքական կուսակցությունները, որոնք գալիս են իշխանության Թուրքիայում, ունեն նույն քաղաքական գիծը հայերի նկատմամբ և ժողովրդահանրապետական կուսակցությունը բացառություն չի կազմում: Նշենք, որ ժողովրդահանրապետական  կուսակցությունը դա այն կուսակցությունն է, որը հիմնադրվեց Թուրքիայում ՝ Աթաթուրքի կողմից և կարելի է համարել Թուրքիայի Հանրապետության առաջին կուսակցությունը»,-«Հրապարակի» հետ զրույցում ասաց թուրքագետ Մհեր Աբրահամյանը:

Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներն էին «նախկին» երիտթուրքերը, և այդ կուսակցությունն ու դրա ղեկավար Աթաթուրքն էին կազմակերպել Արևելյան Հայաստանում և հատկապես Գյումրիի տարածքում հայերի դեմ ոճրագործությունները` շարունակելով նույն երիտթուրքական քաղաքականությունը հայերի նկատմամբ:

Բացի այդ, Թուրքիայում վերջերս այս երեք ոճրագործ գործիչների փառաբանման միտում է սկսվել, նրանց հերոսի կերպար են դիտում, իսկ ժամանակը ավելի է կարծրացրել այդ միտումը, նկատում է Մհեր Աբրահամյանը:

«Սա վկայում է այն մասին, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվելու, թեկուզ որ հնչում են խաղաղության տարատեսակ լոզունգներ… Պատմությունից գիտենք, որ թուրքական երեք իշխանություններն էլ, երիտթուրքերն էլ, քեմալականներն էլ, այժմ նաև էրդողանականներն էլ ունեն հայերի ոչնչացման հստակ ծրագիր և դրա ապացույցն էր Արևմտյան Հայաստանը, 1920-ական թվականներին Արևելյան Հայաստանը, 2020 թվականի պատերազմը, և մինչև 2023 թվականը արցախահայության հետ տեղի ունեցածը: Ահա այս է պատկերը և պետք չի շատ ոգևորվել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններից: Սա չի բերելու Թուրքիայի կործանմանը, այլ բերելու է թուրքական պետության ղեկավարների փոփոխությանը, որը կփոխի երկրի կառավարման ձևը, բայց չի փոխի արտաքին քաղաքականությունը՝ հատկապես հայերի հետ կապված քաղաքականությունը»,-ասաց Աբրահամյանը:

Սին են Հայաստանի այսօրվա իշխանության մտքերը, թե Թուրքիայի հետ հնարավոր է խաղաղություն հաստատել եւ խաղաղ ապրել: Թուրքերը ամբողջ պատմության ընթացքում ապացուցել են, որ խաղաղությունն անհնար է հայերի և Հայաստանի հետ. «Նրանք չեն համակերպվի այն մտքի հետ, որ նրանք կարող են իրենց կողքին ունենալ հարևան` ի դեմս Հայաստանի ու խաղաղ ապրել մեզ հետ», ասում է թուրքագետը: