Համընդհանուր հիպնոս

Համընդհանուր հիպնոս

Մի կողմից՝ աճում են կորոնավիրուսով վարակվածների եւ մահացածների թվերը, մյուս կողմից՝ մեր ժողովուրդն ավելի ու ավելի շատ չի հավատում այս վարակի մահաբերությանը։ Եվ դրա մասին է վկայում նաեւ այն աշխուժությունը, որը տիրում է մեր փողոցներում, եւ այն արհամարհանքը, որը հասարակությունը դրսեւորում է արտակարգ դրության հանդեպ։ Սա, իհարկե, նախեւառաջ պայմանավորված է ողջ աշխարհում տարածված դավադրությունների տեսություններով, այն բազում հրապարակումներով, որտեղ հիմնավորում են, թե այս վարակի շուրջ աժիոտաժն ուռճացված է՝ կազմակերպված ինչ-որ ուժերի եւ պետությունների կողմից, որոնք աներեւույթ շահ են ստանալու պանդեմիայից եւ համաշխարհային ճգնաժամից։ Մյուս կողմից, այս ժխտումը պայմանավորված է զուտ մարդկային բնույթով՝ մարդը փորձում է տարանջատվել վտանգից, հերքել այն եւ համոզել ինքն իրեն, որ ինչ-որ չար ուժեր համաշխարհային պսիխոզ են ձեւավորել, իրականում՝ չկա ո՛չ հիվանդություն, ո՛չ վտանգ, ուստի հարկավոր է օր առաջ վերադառնալ բնականոն կյանքի հուն եւ ապրել այնպես, ինչպես ապրում էինք 2019-ի վերջին, 2020-ի սկզբին։ Իսկ բոլոր նրանք, ովքեր առարկում են եւ մատնացույց անում մահերի աճող վիճակագրությունը, այս տեսության կողմնակիցները վստահեցնում են, որ մահացողների քանակը մեծ չէ, միշտ էլ մարդիկ մեռնում են, եւ հավատացնում են, որ ցանկացած այլ հիվանդությունից մահվան դեպքերն այժմ ներկայացվում են որպես կորոնավիրուսից մահվան դեպքեր։ Այսինքն, աշխարհով մեկ մի մեծ դավադրություն են նյութել մարդկության դեմ, եւ ո՛չ զարգացած պետությունները, ո՛չ գիտական հանրույթը, ո՛չ լուրջ հետազոտական կենտրոնները չեն կարողանում այն բացահայտել։ Մենք այլ մոլորակից կամ ինչ-որ չար ուժերից մեզ ուղարկված մի խորհրդավոր հիպնոսի մեջ ենք, եւ վերջ։