«Հանուն քավորի» օպերացիան շարունակվում է

«Հանուն քավորի» օպերացիան շարունակվում է

Իշխանությունը որոշել է հետաձգել Իջեւանում սպասվող ՏԻՄ ընտրությունները, որոնք, ԿԸՀ հաստատած ժամանակացույցի համաձայն, նախատեսվում էին դեկտեմբերի կեսերին։ Այն կհետաձգվի մինչեւ գարուն, ամենայն հավանականությամբ՝ կկայանա մարտ ամսին։ Իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հույս ունի, որ այդ ընթացքում իրենց թեկնածուն՝ վարչապետի քավոր Հայկ Ղալումյանը, որն այսօր նաեւ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է, կկարողանա աշխատել եւ բավարար ռեյտինգ ձեռք բերել, որպեսզի հարազատ օջախում խայտառակ չլինի՝ հաղթի։

Բանն այն է, որ ե՛ւ թեկնածուն, ե՛ւ ընդհանրապես՝ իշխանությունը իջեւանյան «անտառային պատերազմից» հետո կորցրել են հանրային վստահությունը, եւ մտավախություն կա, որ վարչապետի ֆավորիտը կարող է պարտվել ընտրություններում։ Թերեւս այդ նպատակով ընդամենը մեկ շաբաթ առաջ կառավարությունը շրջանառության մեջ դրեց Իջեւանի խոշորացման մասին օրենսդրական նախաձեռնությունը, համաձայն որի՝ Իջեւանին կմիանան հարակից 18 համայնքները, որոնց շարքում կան նաեւ սահմանամերձ գյուղեր։ Խոշորացման նպատակները թերեւս երկուսն են՝ նախ գործընթացը հնարավորություն կտա հետաձգել դեկտեմբերին նշանակված ընտրությունը, հակառակ պարագայում օրենքը  հնարավորություն չէր տալու հետաձգել։ Մինչդեռ, եթե մինչեւ ընտրություններն ընդունվի խոշորացման նախագիծը, ապա ֆորմալ առումով օրենքի խախտում չի արձանագրվի։ Իսկ երկրորդ՝ խոշորացման արդյունքում բոլոր միավորված համայնքներում կաշխատեն իշխանության թեկնածուի համար եւ կփրկեն տապալումից։ Ոչինչ, որ այդ համայնքներում բուռն դժգոհություն կա խոշորացման ծրագրի հետ կապված, ոչինչ, որ գյուղապետերից ոմանք մեզ հետ զրույցում մեկ շաբաթ առաջ  հրապարակային սրտնեղել էին, որ համերկրացի վարչապետից սպասում էին ոչ թե խոշորացման հրատապ նախագիծ, այլ առնվազն հանրաքվե, որի արդյունքում պարզ կդառնա՝ ժողովուրդը համաձա՞յն է խոշորացմանը, թե՞ մերժում է։ Քավորը սրբություն է, ու վարչապետն էլ սրբորեն կյանքի է կոչում «հանուն քավորի» օպերացիան։

Այդ նվիրական գործին է լծվել նաեւ Նիկոլ Փաշինյանի պատգամավոր զարմիկը՝ Սիփան Փաշինյանը, ով քաղաքի լուսավորության գործն է վերցրել ուսերին։ Երեկ նա չպատասխանեց մեր զանգերին, որպեսզի հենց իրեն հարցնեինք՝ ճի՞շտ են այդ խոսակցությունները, որ անձամբ իր ավտոմեքենայով է հայրենի Իջեւան հասցնում փողոցային լուսավորության համար անհրաժեշտ պարագաները, եւ առհասարակ՝ ինքն է կոորդինացնում Հայկ Ղալումյանի ընտրության գործընթացը։ Չցանկացավ զրուցել նաեւ քաղաքապետի ԺՊ Հայկ Ղալումյանը, Ֆեյսբուքով մեր փոքրիկ շփումն ավարտվեց մերժմամբ․ «Հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»։ Սակայն, այդուհանդերձ, չհերքեց, որ ընտրություններն անցկացվելու են մարտին։ Հարցին՝ ճի՞շտ է, որ Ձեր վարկանիշը բարձր չէ, այդ պատճառով են ընտրություններն այսքան հետաձգում, որ մի քանի ամիս լավ-լավ գործեր անեք ու վերջում չձախողվեք։ Ղալումյանը «բութ» ուղարկեց, այսինքն՝ համաձայնության նշան։

Խոսեցինք նրա եղբոր՝ պատգամավոր Վահե Ղալումյանի հետ, նա էլ խորհուրդ տվեց, թե ովքեր հետաձգել են, իրենցից պարզենք, թե ինչու։ «Մենք քաղաքը կարգի ենք բերել, լուսավորությունն էլ արել ու ընտրություններն էլ կարանք դեկտեմբերին անենք, էդ մեկը մյուսի հետ կապ չունի»,- մեր նշած փաստարկների հետ չհամաձայնեց պատգամավորը։

- Իսկ Ձեր եղբոր վարկանի՞շը։

- Կոռեկտ չէ, որ ես մեկնաբանեմ իմ եղբոր վարկանիշը։

- Խոշորացման ծրագիր է բերվել, որին համայնքապետերից շատերը դեմ են։

- Ո՞ր մեկն է դժգոհ, ես նման համայնքապետի չեմ հանդիպել, որ դժգոհ է։ Ես գիտեմ, որ մեր դիրքորոշումն այն է, որ որտեղ ընտրությունները մոտենան, ընդեղ խոշորացում անենք։ Այնպես որ՝ դա բացառապես իմ եղբոր վարկանիշի հետ կապ չունի, իմ եղբոր վարկանիշն էլ հերիքում է, որ ընտրությունների գնանք ցանկացած պահի։

- Ինչքան տոկոս ուզեք, խփե՞ք։

- Տոկոս չենք խփի, բայց պատրաստ ենք, մենք նոր չենք քաղաքականություն մտել։

- Անտառային պատերազմի հետեւանքներն ինչպե՞ս վերացրիք։

- Դա պատերազմ չի եղել, տարածաշրջանի մարդիկ են դա իրականացրել, ավելին՝ պարզվել է, որ մի քանի հոգի են էդ ակցիան արել, մենք իրենց հետ միշտ խոսացել ենք, կապի մեջ ենք եղել։

- Ու ձեզ ասել են, որ էլ նման ակցիաներ չե՞ն անի։

- Ես չեմ կարող երաշխիք տամ, թե ինչ ակցիա որտեղ, երբ կլինի։ Ակցիան ինչի համար որ եղել է, իմ կարծիքով՝ իրենց դիրքորոշումը փոխվել է։

- Ո՞նց է փոխվել, այլընտրա՞նք է տվել իշխանությունը, մարդիկ ասում էին, որ անտառով ընտանիք են պահել տարիներ շարունակ։

- Այո, իշխանությունը տվել է այլընտրանք՝ սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական աջակցության ծրագրեր, սուբսիդավորվող վարկեր, բիզնես նախագծեր, շինարարական ծրագրեր, որտեղ բանվորի աշխատանք կա։ Մենք սպառել ենք անտառային ռեսուրսը։