ԱՊՀ երկրները կմշակեն ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծ. Լեբեդև

ԱՊՀ երկրները կմշակեն ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծ. Լեբեդև

ԱՊՀ երկրները մինչև 2030 թվականը կմշակեն ռազմական համագործակցության հայեցակարգի նախագիծը։ Այս մասին Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ հանդիպմանը հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ակնհայտ է, որ ներկա իրավիճակում ռազմական անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը կարևոր կայունացնող գործոն է։ Մենք ԱՊՀ-ում ձեռնամուխ ենք լինում մինչև 2030 թվականը ռազմական համագործակցության հայեցակարգի նախագծի մշակմանը, որում կնշենք միջնաժամկետ հեռանկարում փոխգործակցության հստակ առաջնահերթություններն ու նոր ուղենիշները», - ասել Է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

Նրա խոսքով՝ Համագործակցության երկրները ելնում են նրանից, որ ԱՊՀ պետությունների զինված ուժերի մարտական և մարտավարատեխնիկական պատրաստությունը պետք է իրականացվի առկա գործնական փորձով և գիտական նվաճումներով փոխադարձ հարստացման հիման վրա:

Նշենք, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա 12-րդ հանդիպումը տեղի է ունենում այսօր Մոսկվայում՝ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ: Հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է ՌԴ-ում դեսպան Գուրգեն Արսենյանը: