Եթե «Հայաստան»-ը, «Պատիվ ունեմ»-ը մանդատները վայր դնեն, խորհրդարանը պիտի լուծարվի․ Ղուկասյան 

Եթե «Հայաստան»-ը, «Պատիվ ունեմ»-ը մանդատները վայր դնեն, խորհրդարանը պիտի լուծարվի․ Ղուկասյան 

Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ Ազգային ժողով են անցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92% ), «Հայաստան» (21.04%) և «Պատիվ ունեմ» (5.23%) դաշինքները։ 

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու, Հայ կառուցողական կուսակցության նախագահ, իրավաբան Անդրիաս Ղուկասյանի հետ։ 

- Պարո՛ն Ղուկասյան, ի՞նչ տպավորություններ ստացաք, արդյո՞ք սպասելի էր ընտրությունների այսպիսի ելքը։

- Այն արդյունքը, որ որ գրանցվեց, կարելի էր ասել, որ Ռուսաստանի Դաշնության տեսակետից լավագույն արդյունքն էր, որը որ կաորղ էր լինել Հայաստանում։ Եվ պետք է ասել, որ բոլոր ուժերը ներդնելով այս արդյունքին հասնելու համար՝ Մոսկվան հասավ նրան, որ խորհրդարանում քաղաքական այս դասավորությունը հաստատվեց։ Սա իմ անձնական գնահատականն  է։ «Ազատ Հայրենիք» դաշինքը մոտակա ժամերին հանդես է գալու հայտարարությամբ քաղաքական գնահատական տալու համար։

- Ըստ Ձեզ՝ որո՞նք էին հիմքերը, որ այսպիսի արդյունք ստացվեց։ Իշխանությունները Երևանում չկարողացան այնքան ձայն հավաքել, որքան սահմանապահ մարզերում և, ըստ էության, այն տիրույթում, որտեղ Հանրային հեռուստաընկերության ինֆորմացիոն ազդեցությունը նաև կար։ 

- Ես ուզում եմ զերծ մնալ մեդիայի աշխատանքի գնահատումից և մյուս բոլոր էլեմենտներից, որոնք վերաբերում են ընտրությունների կազմակերպմանը և բոլորին հավասար պայմաններ տրամադրելուն, այլ հարցերին։ Գլխավոր բանաձևը, որ դրվեց և առաջ բերվեց հանրության վրա, եղել է, որ «քվեարկության արդյունքում լինելու է քաղաքացիական պատերազմ»։ Մարդկանց սպառնացին, որ ներքին բախումներ են սպասվում։ Եվ դա էական ազդեցություն ունեցավ քվեարկության արդյունքների վրա։ Այսինքն՝ մարդիկ քվեարկել են սպառնալիքի ազդեցության տակ։

- Տարօրինակ չէ՞ր, որ սահմանային գյուղերում կամ համայնքներում ձայն տվեցին իշխող կուսակցությանը, որի քաղաքականության հետևանքով վտանգավոր իրավիճակ ստեղծվեց․ ադրբեջանցիները Սյունիք, Գեղարքունիք ներխուժեցին։ Բայց ամեն դեպքում բնակչությունն էլի ձայն տվեց։ Սա ասում եմ զուտ պաշտոնական տվյալների վրա հիմնվելով։

- Նորից եմ կրկնում։ Մարդկանց ներկայացրեցին պատկեր, որ քվեարկության արդյունքում երկրում լինելու են արյունալի բախումներ։ Եվ բնականաբար այն բնակավայրերը, որոնք առանց այդ էլ վտանգավոր գիտիներում են գտնվում, որտեղ որ անվտանգության խնդիր կա, մարդիկ էլ ավելի վախեցան իրենց անձնական անվտանգության համար և քվեարկեցին սպառնալիքի ազդեցության տակ։ Քարոզարշավն անելիս հաշվի են առել մեր ժողովրդի առանձնահատկությունները, հաշվի են առել, որ անվտանգությունը մարդկանց համար լրջագույն խնդիր է այսօր։ Եվ Քոչարյանին ներկայացնելով որպես սպառնալիք, որը կարող է ապակայունացնել հետընտրական գործընթացը, և շահարկելով այդ հանգամանքը՝ ճնշում գործադրեցին մարդկանց վրա։ [Իշխանությունները] Պնդեցին, որ այդ հետընտրական բախումերից միակ փրկվելու ձևը Նիկոլ Փաշինյանին ձայն տալն է։ Եվ այն մարդիկ, ովքեր հիասթափված էին Նիկոլ Փաշինյանից, այդ քարոզի ազդեցության տակ այնուամենայնիվ գնացին ընտրությունների և քվեարկեցին Նիկոլ Փաշինյանին կողմ՝ իրենց «անձնական կաշին փրկելու» ազդեցության տակ։

- Եթե Ազգային ժողովն այս տեսքով աշխատանքը սկսի, Հայաստանին ի՞նչ ապագա է սպասվում՝ թե՛ Արցախի հարցում և թե՛ Հայաստանի սահմանների դեմարկացիայի, դելիմիտացիայի հարցում, եթե եռակողմ հայտարարության համատեքստում դիտարկենք։

- Քիչ հավանական է, որ Ռոբերտ Քոչարյանը վիճարկի այս ընտրությունները։ Եվ իրականում բլեֆ էր այդ ամբողջ քարոզը, որ հետընտրական բախում է սպասվում։ Դա արված էր ընդամենն ընտրողներին վախեցնելու համար։ Արդյունքում ձևավորվելու է խորհրդարան, որտեղ բոլոր ներկայացված ուժերը համակարծիք են, որ Հայաստանը միակողմանի քաղաքայանություն պետք է իրականցնի։ Եվ Ռուսաստանի կողմից առաջարկվող եռակողմ (Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան) ձրաչափը, պետք է գործի դրվի։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը մանդատ ունի արցախահայությունը թողնել Ադրբեջանի կազմում՝ որպես ազգային փոքրամասնություն, և բացել Հայաստանի սահմանները, որպեսզի Ադրբեջանը Նախիջևանի հետ կապ ունենա։ Նաև հնարավորություն ստեղծել, որպեսզի Թուրքիան և Ռուսաստանը Հայաստանի  և Ադրբեջանի տարածքում ունենան ազատ գործող կումունիկացիա։ Նաև որպեսզի Թուրքիայի հետ վերահաստատվեն Կարսի պայմանագրի այն դրույթները, որ Հայաստանը հրաժարվի Թուրքիայի նկատմամբ որևէ պահանջից և ընդունի 1920 թվականին մեր տարածքենրի ուժող առգրավումը՝ որպես կատարված փաստ, այսինքն՝ չվիճարկի այդ ամենը։

Նիկոլ Փաշինյանն այդ ամբողջն այս քվեարկության արդյունքով օգտագործելու է իր այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի քաղաքականությունն» առաջ տանելու համար։ Դրա հետևանքները Հայաստանի համար, իմ կարծիքով, լինելու են բացասական։ Մնալով Ռուսաստանի ազդեցության տիրույթում՝ Հայասստանը զրկված է մնալու որևէ լուրջ ներդրումից, միջազգային տնտեսությունից։ Եվ դա տնտեսական զարգացման համար բնականաբար վատագույն սցենար է, որովհետև նոր աշխատատեղեր չեն լինի, մարդիկ ստիպված են լինելու երկրց արտագաղթել աշխատանք որոնելու պատճառով։ Սոցիալական և տնտեսական վիճակն այդ առումով մոտակա տեսանելի ժամանակահատվածում բարելավելու որևէ ռեսուրս չկա։ Հայկական բանակը մոդեռնիզացնելու, վերազինելու նույնպես որևէ ռեսուրս, և նույնիսկ այդ ուղղությամբ որևէ քաղաքականություն չի լինի, որովհետև Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու ծրագրի շրջանակում բնականաբար Հայաստանը չպետք է զինված ուժեր ունենա, կամ Հայաստանի զինված ուժերը չպետք է ինչ-որ նշանակալի դերակատարություն ունենան տարածաշրջանում։ Եվ իհարկե միջազգային աջակցությունը Հայաստանին Արցախի հարցում լինելու է նվազագյուն, եթե այս ընտրությունների արդյունքներն այսպես պահպանվեն։ Իմ կարծիքով՝ այս ամենը մեր երկրի ներսում քաղաքական ուժերի համար ոչ բարենպաստ պայմաններ են ստեղծում նման զարգացումների դեմ պայքարելու համար, որովհետև Փաշինյանն ամեն անգամ մատնացույց է անելու, որ ինքը ունի ժողովրդի մանդատն այն բոլոր քայլերը կատարելու համար, որոնք որ ես թվարկեցի։ 

- Եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, կամ չընդունի արդյունքները, ի՞նչ կլինի Ազգային ժողովի հետ, կլուծարվի՞։

- Իհարկե Ազգային ժողով չի կարող մեկ կուսակցությունից կազմված լինել։ Եվ այսօր Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի որոշումից  է կախված՝ այս ընտրությունների քաղաքական արդյունքը հաստատվելո՞ւ է, թե՞ դառնալու է անվավեր։ Այն փաստը, որ, ըստ էության, նախապես որոշվածն իրականացավ քվեարկության արդյունքում, վկայում է, որ այս քաղաքական խաղը։ Եվ արդեն վաճառված է եղել մինչև քվեարկությունը։ Եվ ակնկալել, որ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը դրա դեմ այսօր դուրս կգան, և, այսպես ասած, «սեղանը շուռ կտան» և կտապալեն ընտրությունների արդյունքները, շատ քիչ հավանական է։ Բնականաբար եթե այդպիսի քայլ անեն, ապա խորհրդարանը չի կարողանալու ձևավորվել։ Բայց դա, նորից եմ ասոմ, քիչ հավանական սցենար է։

- Եթե մանդատները դնում են, ստիպված նորից ընտրություններ պե՞տք է լինեն։ Բայց այստեղ նաև իրավական խնդիր չկա՞։

- Իրավական տեսանկյունից խորհրդարանում պետք է ներկայացված լինեն երեք քաղաքական ուժ։ Եվ քվեարկության արդյունքներով խորհրդարան է անցում «Քաղաքացիական պայամանագիրը», «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները։ Եթե վերջին երկուսը խորհրդարանը ձևավերելուց հետո մանդատները վայր դնեն, ապա խորհրդարանում կմնա մեկ քաղաքական ուժ, ինչը կնշանակի, որ Սահմանադրության պահանջը կատարված չէ։ Եվ այդ խորհրդարանը չի կարողանալու աշխատել․ օրենքի ուժով այն պիտի լուծարվի։ Այդ հնարավորությունը, ըստ էության, գոյություն ունի, միշտ գոյություն է ունեցել։ Նախորդ խորհրդարանում նույնպես «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստանը» ցանկացած պահի կարող էին այդ լուծումն իրականցնել։ Բայց մեր քաղաքական պրակտիկան ցույց է տալիս, որ դեռևս որևէ քաղաքական ուժ իր գրանցած արդյունքից չի հրաժարվել և չի բոյկոտել խորհրդարանում իր մասնակցության հնարավորությունը։ Այսօր որևէ բան ակնկալելու քիչ հիմքեր կան։ Եթե ֆուտբոլի հետ համեմատել, իմ անձնական տպավորությամբ՝ քաղաքական խաղը վաճառված է եղել ավելի վաղ։ Եվ սա էր գլխավոր պատճառը՝ ինչու Նիկոլ Փաշինյանն արդյունքը  վստահաբար հայտարարել էր բոլորին, քանի որ գիտեր, որ պայմանագրային խաղն իր գրպանում է։

Հարցազրույցն արվել է ժամը 14։15-ի դրությամբ։