Իշխանության փոխարեն մի մտահոգվեք

Իշխանության փոխարեն մի մտահոգվեք

Այսօր 1-in.am կայքում հրապարակում է եղել «Արա Սահակյանն ու Պատրոն Դավոն՝ բիզնես գործընկերներ. ինչի համար պետք է մտահոգվի իշխանությունը» վերտառությամբ, որտեղ ներկայացված է ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի եւ զենքի առեւտրով ու արտադրությամբ զբաղվող Դավիթ Գալստյանի «համագործակցությունը»։ Մասնավորապես այն, որ Արա Սահակյանն է ընկերության հիմնադիրը, եւ քանի որ Գալստյանը Հայաստանի սպառազինությունների հարցերում լավատեղյակ է, ապա իշխանությունը պետք է «մտահոգվի» այն փաստով, որ Արա Սահակյանը Արթուր Վանեցյանի կուսակցության խորհրդի անդամն է։ Մեզ հետ զրույցում պարոն Սահակյանն անդրադարձավ իրենց «համագործակցությանը» եւ Արման Բաբաջանյանի կողմից իրեն «հիշելու» փաստին։


«Իմ անձին անդրադառնալու համար պարտական եմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Այդ կերպ է նա պատասխանել Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդմանը արտահայտած կարծիքիս առ այն, որ Ա․Բաբաջանյանն ունի վարչապետական հավակնություններ և մեդիա հնարավորություններ՝ դրան գումարած խորհրդարանականի կարգավիճակն ու խորհրդարանի ամբիոնը։ 

Հրապարակմամբ հանրությանը ապակողմնորոշումից դուրս բերելու նպատակով հարկ եմ համարում տալ մի քանի պարզաբանում։

ա) Կյանքումս երբեք առևտրային ընկերություն չեմ հիմնել, գործարարությամբ չեմ զբաղվել, հետևաբար որևէ մեկի գործընկերը չեմ հանդիսացել։ Դավիթ Գալստյանի առաջարկով 1 տարի պաշտոնավարել եմ որպես «ԿազԱրմՆեֆտ» ընկերության գլխավոր տնօրենի՝ հասարակայնության հետ կապերի գծով տեղակալ։ 

բ) Հայաստանի զենքի արտադրության կամ մատակարարման հարցերը բերանի ծամոն մի դարձրեք։ Այդ մասին որևէ գաղտնի տեղեկատվության չեմ տիրապետում, իսկ «Հայրենիք» կուսակցությունում նման հարցեր չեն քննարկվում։ Իշխանության փոխարեն մի մտահոգվեք և մի տվեք հետևություններ անելու պատրվակ, նա առանց այդ էլ խիստ կասկածամիտ է դարձել՝ ամեն ինչից անհանգստանում է ու մարդկանց հետապնդելու պատրվակներ է փնտրում կամ սարքում։

գ)  Ընդունված չէ ոչ մտերիմ, առավել ևս անծանոթ մարդկանց հրապարակավ մականունով դիմել։

Այսօր շատ բարձր պաշտոն զբաղեցնող մեկը ժամանակին դրա համար յուղոտ ապտակ է ստացել՝ հետագա փոխհատուցումով, իհարկե»։