Մի պղծեք գաղափարը

Մի պղծեք գաղափարը

Ֆեմիդան՝ մի ձեռքում կշեռք, մյուսում՝ սուր, որպես արդարադատության խորհրդանիշ, գործում է այն երկրներում, որոնք երկար, համառ պայքարի արդյունքում գտել են արդարության, պատժի համաչափ կիրառման իրական բանաձեւը։ Դա երկարամյա դեմոկրատիա եւ բարձր կրթական ցենզ ունեցող երկրներին բնորոշ գործիք է, չկայացած երկրներում, որտեղ աղքատության ու անգրագիտության բարձր մակարդակ կա, դա անհասանելի երազանք է, եւ զարմանալի չէ, որ ծառայում է քաղաքական նպատակներին՝ որպես հակառակորդներին ոչնչացնելու գործիք։ Որովհետեւ այդ գործիքը կիրառող մարդիկ պետք է ներքին ազատության, արդարամտության, ազնվության, մեծահոգության այնպիսի մակարդակ ունենան, որ զերծ մնան քրեաիրավական լծակներն իրենց շահերի համար կիրառելու գայթակղությունից։ Հիմա դառնանք, ինչպես ասում են, մեր «ոչխարներին»։

Երբ 2018-ին իշխանության եկան հեղափոխական երիտասարդները, սկսեցին սուր ճոճել նախկինների դեմ՝ հայտարարելով, որ պատժելու են բոլոր թալանչիներին եւ թալանն էլ վերադարձնելու են հասարակությանը, ես շատ թերահավատ էի այդ հարցում։ Պարզ էր, որ Ֆեմիդան գործելու է ընտրովի մարդկանց նկատմամբ, որովհետեւ տարբեր լֆիկներ իրենց հարցերը լուծելու են, եւ արդարադատության սուրն իջնելու է միայն իրենց թրի տակով չանցածների գլխին։ Իսկ երբ դու ի վիճակի չես իդեալական արդարադատություն իրականացնել՝ բոլոր մկներին ու ձկներին պատժել եւ նրանք պլստալու են, ուրեմն չպետք է մոտենաս անգամ այդ գաղափարին, չպետք է պղծես արդարադատության գաղափարը եւ այն ծառայեցնես քո աթոռին։ Պարզ էր, որ հետո լինելու են հազարավոր նման դեպքեր, երբ նարեկնալբանդյաններին ներվելու է ամեն ինչ, «Զովքի» Արամյաններին՝ ոչինչ, եւ սեփական թիմից էլ պատժվելու է ինչ-ինչ հարցերում անհնազանդություն դրսեւորած Արսեն Թորոսյանը, իսկ Սասուն Միքայելյանն անպատիժ է մնալու։