ԵՊՀ-ն կդիմի դատարան՝ կառավարության որոշումը չեղարկելու պահանջով

ԵՊՀ-ն կդիմի դատարան՝ կառավարության որոշումը չեղարկելու պահանջով

Երեկ կառավարությունը հաստատել է պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման կարգը փոփոխելու վերաբերյալ նախագիծը, ըստ որի կառավարման խորհուրդների անդամների թիվը հասցվել է 20-ի, որից 55%-ին կնշանակի կառավարությունը, ԿԳՄՍՆ-ն՝ 10%, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը՝ 10%, ուսանողական կազմը՝ 25%։

Արդեն գրել էինք, որ այս նախագծով իշխանությունն ամեն գնով որոշել է ոչնչացնել բուհերի ինքնավարությունը՝ դարձնելով նրանց կառավարելի, իսկ այս շտապողականությունը հիմնականում ԵՊՀ-ում ստեղծված վիճակով է պայմանավորված։ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարն ազատման դիմում է գրել։ Լուծարվել է հոգաբարձուների խորհուրդը: Նոր կարգով իրենց ուզած հոգաբարձուների խորհուրդը կընտրեն եւ ցանկալի թեկնածուին ռեկտոր կդարձնեն, իսկ երբ ՍԴ-ն այս դրույթը հակասահմանադրական ճանաչի, այն հետադարձ ուժ չի ունենա։

Կառավարության այս որոշումից հետո ԵՊՀ-ում ներքին խմորումները շարունակվում են, հավանաբար մայր բուհը կդիմի վարչական դատարան՝ այդ որոշումը չեղյալ համարելու պահանջով։ Ինչպես պարզեցինք, նախօրեին ԵՊՀ-ում տեղի է ունեցել դեկանների նիստ, որին մասնակցել է նաեւ Գեղամ Գեւորգյանը, ում մեղադրել են Դումանյանի եւ կառավարության լրտեսը լինելու եւ նրանց շահերը պաշտպանելու մեջ, որին Գ․ Գեւորգյանը հակադարձել է՝ ասելով, որ համալսարանը իր համար ավելի կարեւոր է, քան նրանք։ Դեկաններն արձագանքել են, որ եթե այդպես է, ուրեմն թող դիմի վարչական դատարան՝ վիճարկելու այդ հակասահմանադրական որոշումը։ Ի հավելում, Գեւորգյանն ասել է, որ կստորագրի դատարան ուղարկվող դիմումը եւ կհեռանա համալսարանից։