Իրենց ատեստավորումը ե՞րբ է լինելու, իրենց մոտ կրճատելու բան չունե՞ն

Իրենց ատեստավորումը ե՞րբ է լինելու, իրենց մոտ կրճատելու բան չունե՞ն

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ միավորելու ԿԳՄՍ նախարարության ծրագիրը մի քանի օր է՝ փոթորկել է թատերական աշխարհը: 

Դերասան Լեւոն Հարությունյանը ցավով ընդգծում է՝ նույն ճակատագիրը սպասվում է բոլոր թատրոններին․ «Կարծում եմ՝ սա պետական ծրագիր է, թատրոններն իրար միացնելով՝ թուլացնել այս օղակը, որն իմ ու քո ազգի դեմքն է։ Հերիք չէ վերջին տարիներին մեր հպարտությունը մի լավ ջարդեցին, մի հրաշք սերունդ մեջտեղից հանեցին, կրթության հերն անիծեցին, այսօր էլ արդեն մշակույթն է խանգարում։ Երբ կառավարությունդ, ղեկավարդ ծախվել է եւ այդ ազգի ներկայացուցիչը լինելով ուզում է այդ ազգը վերացնել, ես այդ կառավարության հետ անելու բան չունեմ, ու իրենք լավ տեղից են սկսել՝ մշակույթից»։

Վերջերս մի շարք թատրոնների տնօրենների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍՆ-ն ֆինանսավորման նոր մոդել է առաջարկել թատրոններին՝ առաջ քաշելով նաեւ դերասանների շրջանում ատեստավորման հարցը։ «Ես ուզում եմ հասկանալ մի բան՝ իրենց ատեստավորումը ե՞րբ է լինելու, շատ եմ սպասում այդ օրվան, իրենք իրենց մոտ կրճատելու բան չունե՞ն։ Եթե սենց նայենք, իրենց 90 տոկոսին պետք է կրճատես, 10 տոկոսին էլ՝ չգիտեմ․․․։ Ես չգիտեմ՝ այդ քայլերն ինչին են միտված, բայց իմ եզրահանգումն այն է, որ ուզում են այս ասպարեզը թուլացնել, ոնց որ սկսել ենք իրենց խանգարել, ու ուզում են դա արանքից հանել։ Հետո՝ որովհետեւ իրենք շատ վաղուց թատրոն չեն եկել, իրենք միայն գնում են խնդալու եւ հավես չունեն մտածելու կամ էլ չեն կարող մտածել, իրենք մտածող չեն։ Ինչպես որ եկան կառավարության գլուխ, որ լավ ապրեն, հիմա էլ այս ազգին են ուզում դարձնել կինտո՝ օր դատեն, օր ուտեն»։

«Գոյի» կողքին թեպետ կանգնած են դերասաններ, ռեժիսորներ՝ նաեւ այլ թատրոններից, բայց թատերական գործիչների մեծ մասն էլ լուռ է, ձայն չի հանում, ինչո՞ւ։ «Վախենում են իրենց տեղը կորցնեն, որովհետեւ կամաց-կամաց սարքեցին մի երկիր, որտեղ ինչ-որ մի կետի վրա ծախվում են, այսօր մեր ասպարեզում էլ լիքը մարդիկ ծախվում են։ Մեկը՝ մեր շատ սիրելի Խզմալյանը, որը նորմալ ծախվել է, որը շատ կրթված տղա է, հոյակապ գիտի թատրոնը, կինոն եւ ժամանակին ճառում էր թատրոնի մասին, ինքը խոսում էր, ու ես հաճույք էի ստանում, հիմա իրեն նշանակեցին այդ պաշտոնին, ու իրեն տալիս է հրաման մի մարդ, որը կապ չունի ո՛չ թատրոնի, ո՛չ մշակույթի, ո՛չ սպորտի եւ ընդհանրապես՝ ոչ մի բանի հետ, ու ինքը՝ պարոն Խզմալյանը, չի կարողանում այդ գեղեցկուհուն համոզել, որ թատրոն փակել պետք չէ։ Իսկ գիտե՞ք ինչու չի կարողանում, որովհետեւ վախենում է, որ էլի վատ ապրի»։

Լեւոն Հարությունյանը կարծում է, որ այստեղ առկա է նաեւ տարածքի խնդիր, եւ ամեն մեկն ուզում է իր ձեւով այն տնօրինել․ «Երեի Սունդուկյանի տնօրենն ուզում է այս տարածքը վարձակալության տալ, դա էլ է փող, ինչո՞ւ չէ, կամ էլ ուզում է այստեղ ուրիշ փորձասենյակ սարքի, գուցե Սունդուկյանի տարածքն իրեն չի հերիքում։ Բայց ես ուզում եմ հասկանալ, թե Խզմալյանի «քյարը» ո՞րն է, եթե այդքան թատրոն է սիրում, այդքան լավ գիտի թատրոնի պատմությունը, ու եթե որոշումը կայացրել ես, դա պետք է նաեւ հիմնավորված լինի, ո՞րն է հիմնավորումը՝ սե՞նց եք բյուջե լցնում՝ մշակույթո՞վ, այնքան տարբերակներ կան՝ բյուջե լցնելու, պետք է մի քիչ մտածել, բայց այս կառավարությունը ոնց որ չի սիրում մտածել։ Եթե գալիս ես կառավարության գլուխ, պետք է առաջ նայես, բայց այսօրվա մեր կառավարությունն անընդհատ հետ է նայում՝ նախկիններ, հա նախկիններ, այն կառավարությունը, որ հետ նայեց, ապագա չունի, այստեղից էլ ծնվում է մի նոր կարգախոս՝ ապագա չկա, չկա ապագա»։