Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ էր

Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ էր

Ժամանակի բուժիչ հատկությունների մասին լեգենդներ են պատմում: Թեւավոր խոսք կա՝ ժամանակը բուժում է վերքերը… Ընդամենը 2 տարին բավական եղավ, որ հեղափոխական Հայաստանը բուժվի հեղափոխական էյֆորիայից: Ճիշտ է, հիմա վրա է հասել «էշացման շրջանը», բայց դա էլ ժամանակի խնդիր է եւ շուտով կանցնի: Ոմանք ասում են՝ կորոնավիրուսը պատճառ դարձավ համատարած «դուխաթափության»: Համամիտ չեմ: Այս կառավարությունը տապալված էր դեռ վիրուսից առաջ: Պարզապես մարդիկ դեռ հույս էին փայփայում, որ մի լավ բան, այնուամենայնիվ, տեղի կունենա: Ժամանակն առանց կորոնավիրուսի էլ անցնելու էր՝ իր հետ անէացնելով նաեւ այդ վերջին հույսը: Փաշինյանի կառավարությունը, դատելով նրա կազմից, քայլերից, որեւէ նորմալ առաքելություն ունեցող կառավարություն չէ: Ի՞նչ սպասես այն իշխանությունից, որի ներսում միայն քանդելու, բռնելու, վարկաբեկելու, թալանելու, արագ հարստանալու բնազդներն են իշխում: Փաշինյանի ձեռքերի շարժումը հիշեք մի պահ՝ ընկել է ձեռքները, պիտի «թպպացնեն»: Իրենք սպասո՞ւմ էին, որ երբեւէ իշխանության կգան Հայաստանում: Եվ այդպես էլ անծրագիր եկան ու նստեցին վերի օթախում: «Եկան ու նստեցին»-ն էլ մի քիչ շատ է ասված այս ինքնագործ պոպուլիստական խմբակի համար: Ավելի ճիշտ է ասել՝ «բերին, նստեցրին»:

2 տարի առաջ այս օրերին Հայաստանում մեծ ոգեւորություն կար, ընդհուպ ցնծություն, որ փրկիչ է հայտնվել, ու հեսա տեսեք ինչ է անելու: Բայց երկրագնդի տարբեր կողմերում, չգիտես ինչու, չէին հավատում, որ Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել: Երբ սկսեցինք շատ պնդել եւ այստեղ-այնտեղ գլուխ գովել մեր թավշյա, անարյուն հեղափոխությամբ, համաշխարհային լիդերների մեջ կասկածն ավելի խորացավ: Ի վերջո աշխարհի ոչ մի պետություն լուրջ չընդունեց «հայկական հեղափոխությունն» ու տոն չտվեց նախկին «հակաժողովրդական» ռեժիմը տապալելու մասին Փաշինյանի ինքնագովազդներին: Շատ դռներ թակեց Փաշինյանը, բայց նա չէր սովորել ամենակարեւոր բանը՝ քաղաքականության մեջ չի կարելի ստել, չի կարելի, օրինակ, Անգելա Մերկելի մեծության լիդերին բերել Հայաստան, հա-հա, հի-հի անել ու մտածել՝ մեծ կնիկ էր, խաբեցինք, էսա կգնա՝ եվրոպաներում մեր գովքը կանի: Քաղաքականությունը հաշվարկ է, ոչ թե շատախոսություն: Եվ ինչո՞ւ պետք է Մերկելը եվրոպաներում ձեր գովքն աներ, եթե իրենից հետո վազ էիք տալիս Մոսկվա ու երդվում հայ-ռուսական հարաբերությունները աննախադեպ բարձունքի հասցնել: Եվ այսպես 2 տարում մսխվեց ՀՀ միջազգային հեղինակությունը, Հարավային Կովկասում խաղաղության բալանսը պահող երկիրը դադարեց որեւէ հարցում ֆակտոր լինելուց:

Այս իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության մասին ընդհանրապես չարժե խոսք ասել: Նման բան գոյություն չունի Փաշինյանի կառավարության օրակարգում: Կառավարության կառուցվածքային չմտածված փոփոխությունները եւ ներքին տնտեսվարողների հետ անիմաստ պատերազմները տրամաբանորեն պետք է հանգեցնեին տնտեսության քայքայման, ներդրումների բացակայության, կապիտալի արտահոսքի, աշխատատեղերի փակման, սոցիալական խնդիրների սրման: Փաշինյանը ճիշտ է ասում՝ կորոնավիրուսը հնարավորություն է: Այն գահավիժումից առաջ հանրության աչքերը փակելու, նրան մոլորեցնելու, նրա մեջ անհասկանալի վախեր արթնացնելու հրաշալի հնարավորություն է: Բայց ժամանակի հետ սա էլ կանցնի՝ խորացնելով իշխանությունների հանդեպ եղած դժգոհությունները:

Հայտնի խոսք կա՝ շունը սպանողին են քարշ տալ տալիս: Մեկ այլ խոսք էլ կա՝ էշ նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու: Զինվենք այս ճշմարտություններով եւ փորձենք հասկանալ, թե ինչ է լինելու Փաշինյանի իշխանության հետ, որին բերել են եւ, որքան հասկանում եմ, ուզում են հեռացնել: Քիչ չեն հեռացնել ցանկացողները: Քաղաքական դաշտում նա չունի դաշնակիցներ, դա նշանակում է, որ նրան հեռացնել կուզենան գրեթե բոլորը: Բայց կա մի նրբություն: Փաշինյանն ինքնուրույն խաղացող չէ եւ չի եղել երբեք: Իսկ դա նշանակում է, որ նրա թիկունքում կա մի աներեւույթ ուժ, հենց այն ուժը, որն էյֆորիայի հասցված ժողովրդի ուսերին նրան բերել է իշխանության: Եվ հիմա այդ ուժը փորձելու է հայտնվել իշխանության գալու ցանկություն ունեցողների առաջին շարքում: Եվս մեկ անգամ կարդացեք վերեւում մեջբերված ասույթները՝ առանց անձնավորելու, խնդրում եմ, որովհետեւ ոչ մի ցանկություն չունեմ Նիկոլի ճղճղոցը լսելու: Եվ, ուրեմն, հիմա պետք է «թավիշը» դուրս տանեն, եւ դա փորձում են անել «թավիշը» բերողները: Այդ մարդկանց անունները մենք այսօր հաճախ ենք լսում, քննարկում, հիանում նրանցով ու Նիկոլի հասցեին նրանց զիլ քննադատությամբ: Նրանք իշխանության գալու ցանկություն ունեցողների առաջին շարքում են եւ բոլորի հետ համագործակցելու խոստումներ են շռայլում այս օրերին:

Կորոնավիրուսի ճանկերում հայտնված «ժողջանը» շատ էլ չի հետեւում, թե ինչ է տեղի ունենում իր շուրջը: Եվ այսօր մենք ազնիվ չենք լինի, եթե նրանից թաքցնենք «թավիշը» դուրս տանելու օպերացիայի խորքում ընթացող պրոցեսները: Ասեմ՝ չի բացառվում, որ տեղի է ունենում 2018-ին խախտված մի պայմանավորվածության սրբագրում. պայմանավորվածություն, որ չպահպանվեց կողմերից մեկի անսպասելի որոշման պատճառով:

Ժամանակն այսօր աշխատում է բոլորիս դեմ: Իշխանության գլխին Փաշինյանի մնալն այլեւս անհնար է: Նրան պետք է օր առաջ հեռացնել եւ մտածել ժողովրդի մասին: Մենք մեր թշնամին չենք, ի վերջո, որ հորթի հայացքով հետեւենք, թե ինչպես է վերջանում ժողովուրդը: Պետք է արագ շարժվել: Ինչպե՞ս ենք ուզում դա կազմակերպել: Միքայել Մինասյանն առաջարկում է «կաշ-կալամաշ» չսարքել՝ «Իմ քայլից» ուրիշ վարչապետ ընտրել: Ինձ թվում է, սակայն, որ Մինասյանն ուզում է ավանակից այնքան աննկատ իջնել, որ ոչ ոք չնկատի: Դա մի քիչ դժվար է, պարոն Մինասյան, թեեւ՝ վատ չեք սկսել, իսկ լավ սկիզբը գործի կեսն է: Մարդիկ անհամբերությամբ են սպասում Ձեր հերթական լայվին, այդ մի քանի րոպեներին կորոնավիրուսն իսկապես էլ ո՞ւմ շունն է: Կլանված լսում են Ձեզ: Պետք է արագացնել «թավիշը» տանելու գործընթացը, իսկ հետո արդեն կխոսենք 2018-ին խախտված պայմանավորվածության մասին, որը, ինչ իմանաս, գուցե նաեւ կարողանանք համատեղ ուժերով սրբագրել: