Եթե գիտես, որ քո օբյեկտում դյուրավառ նյութեր կան, բա դու հակահրդեհային շիջող միջոց չունենա՞ս 

Եթե գիտես, որ քո օբյեկտում դյուրավառ նյութեր կան, բա դու հակահրդեհային շիջող միջոց չունենա՞ս 
Նիկոլայ Գրիգորյան

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը դեռ վերջին հրդեհներից առաջ մեզ հայտնել էր, որ այս տարի՝ օգոստոսի 20-ի դրությամբ արձանագրվել է 7 հազար 46 հրդեհ, եւ այս թիվը շատ ավելի է ոչ միայն 2018-ի ողջ  տարվա ցուցանիշից, այլեւ հրդեհաշատ 2017-ից, երբ, ինչպես հիշում ենք, հրդեհներ եղան «Նաիրիտ» գործարանի տարածքում, Խոսրովի անտառում, այլուր։ Առհասարակ, այս տարվա հրդեհներն ավելի շատ են եղել, քան 2000-2006թթ․ վեց տարիներին։

Թե՛ ՃԿԱԿ պետը, թե՛ շրջակա միջավայրի պահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հայտնել էին, որ դեպքերի հիմնական մասը մարդածին են․ անտառում ու չոր խոտերում այրվող քնթուկ են թողնում, խոտը չեն խուզում եւ այլ բազում պատճառներ։ «Վեգայի» այրված տեխնիկայի օրինակով էլ տեսանք, թե ինչպես հսկա շենքը կարող է հաշված րոպեների ընթացքում լուցկու տուփի նման այրվել։ Մենք զրուցեցինք ԱԻՆ երկարամյա աշխատակից, ներկայումս Տավուշի մարզպետի անվտանգության գծով խորհրդական Նիկոլայ Գրիգորյանի հետ։


- Ի՞նչ է արվում հակահրդեհային անվտանգության կանխարգելման ուղղությամբ։ Օրինակ՝ ԱԻՆ-ը ջրո՞ւմ է խոտածածկ տարածքները, որ բանը չհասնի հրդեհներին։

- ԱԻՆ-ը ջրող չէ։ ԱԻՆ-ում ստորաբաժանումներ կան, որոնք, եթե ուշադրություն դարձրել եք, մեկ ամիս առաջ ԱԻՆ նախարարի հանձնարարականն է գնացել բոլոր մարզերին ու կազմակերպություններին, որ սպասվում է ծանր իրավիճակ, եւ կոնկրետ հանձնարարականներ են տրվել, թե ինչ կարելի է անել, որպեսզի արագ արձագանքեն, նախապատրաստվեն եւ կարողանան անհրաժեշտության դեպքում օպերատիվ ահազանգել 911, որովհետեւ հրդեհն առաջին մի քանի օրերին հնարավոր է նույնիսկ մեկ բաժակ ջրով հանգցնել, իսկ հետո արդեն մեկ մեքենան չի բավականացնի։ Այստեղ չեն կարող դեր չխաղալ շոգ եղանակը եւ քամիները։ Բնականաբար, երբ տաք եղանակ է, չորանում են խոտը, խոտի արմատները, եւ դրանք շատ լուրջ հրդեհավտանգ իրավիճակ են ստեղծում։ Եվ ամենափոքրիկ կայծը, քամին կարող են հրդեհ առաջացնել եւ տարածել։ Օրինակ՝ մեր սահմանամերձ շրջաններում, որտեղ կան, այսպես կոչված, չեզոք գոտիներ, կրակը գնում է մի սահմանից մյուսը, որովհետեւ այդ տարածքները գտնվում են կրակոցների տակ։ Բայց կարող եմ ասել, որ վերջին 30 տարում չեմ հիշում նման քանակի հրդեհներ, նման թվաբանություն։ Ինչ վերաբերում է արձագանքներին, կարող եմ վկայակոչել, թե ինչպես է աշխատում Տավուշի փրկարարական ծառայությունը։ Այստեղ շատ կարեւոր է, որ հրշեջ-փրկարարների հետ միասին աշխատանքների մեջ ներգրավվում են նաեւ բանակը, համայնքային ստորաբաժանումները։ Եվ կան մարդիկ, ովքեր կողքից են նայում, խորհուրդներ են տալիս, երբեմն էլ մուննաթ են գալիս, կողքից կանգնում ասում են՝ պաժառ է, սա էլ պաժառնիկ է, թող հանգցնի։ Նրանց ուզում եմ մի ուղերձ հղել, որ բոլորովին էլ էդպես չէ, մեր ընդհանուր հարստությունն է վառվում, եւ որ թող պատկերացնեն՝ ինչ է նշանակում մեկ օրվա մեջ 17 հրդեհ։ Եվ նաեւ՝ թե ինչպես կարող են նրանք արձագանքել եւ ինչ դժվարությամբ են արձագանքում, ինչքան ուժեր են ներդնում՝ էդ հրդեհները մարելու համար։ Կան նաեւ հրդեհներ, որոնք անընդհատ բռնկվում են, եւ անընդհատ ստիպված են լինում նույն դեպքի վայրը տարբեր օրերի գնալ։

- Բայց կանխարգելիչ քայլեր արվո՞ւմ են։

- ԱԻՆ-ի կողմից կանխարգելիչը բացատրական աշխատանքներն են։ Մյուս կողմից՝ երբ գործում էր տեսչությունը, տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում նման աշխատանքներ իրականացնում էր, դաշտերում նույնպես գյուղացիներին կոնսուլտացնում էին, թե դեզերը ոնց սարքեն, էլեկտրալարերից, երեխաներից հեռու պահեն։ Այս բացատրական աշխատանքները, խորհրդատվությունը, թե ինչից ինչ կարող է լինել, նաեւ տուգանքները, որ կային, հիմա ես հասկանում եմ, որ ինչ-որ բան էս հսկողությունից թուլացել է։ Կարող եմ ասել, որ մեր հարեւան Ռուսաստանում սարսափելի  «ուսուցողական» հրդեհներ են տեղի ունենում դպրոցներում, ծերանոցներում ու հիվանդանոցներում, որոնք օրինակներ են, թե ինչպես կարելի է չապահովել անվտանգությունը։ Փառք Աստծո, որ մեզ մոտ նման մարդկային զոհերով եւ ծանր հետեւանքներով հրդեհներ չունենք։ Սա ե՛ւ լավ աշխատանքի արդյունք է, ե՛ւ բախտը բերելու, որ նման բաներ տեղի չեն ունենում, որովհետեւ մեզանում էլ խախտումները բազմաթիվ են ու բազմազան։ Օրինակ՝ գնում ես, ասում ես՝ այ ընկեր ջան, էս դուռդ դեպի դուրս պետք է փակվի, ասում է՝ ուզում ես իմ բիզնեսին հարվածե՞ս։ 

- Բայց չե՞ք կարծում, որ ավելի լավ է ԱԻՆ-ը ջրող լինի, քան բացատրական աշխատանքներ տանի։

- Սիրելի լրագրող, ամեն մեկն իր պարտականությունն ունի․ ԱԻՆ-ը ջրող չէ, ինքը նախականխարգելիչ աշխատանքների մասին հուշում է։ Մասնավոր ձեռնարկությո՛ւն, ես ձեզ շատ եմ խնդրում, մյուսներ, տեսնում եք, որ խոտն աճել է, վաղը չորանալու է, սանիտարական գոտիներ ստեղծեք, հակահրդեհային միջոցառումներ ձեռնարկե՛ք։ Եթե դու գիտես, որ քո օբյեկտում դյուրավառ կամ թունավոր նյութեր կան, բա դու հակահրդեհային շիջող միջոց չունենա՞ս։ Գոնե ջրավազան։

- Դա պարտադիր պայման չէ՞։

- Պարտադիր պայման է։ Որ խոշոր ձեռնարկությունները, տարբեր կազմակերպություններ պետք է ունենան հակահրդեհային տարաբնույթ միջոցներ։ Կառուցվող նոր շինությունները՝ հյուրանոցներ եւ այլն, դրանք ունեն սեփական հրդեհաշիջող տարբեր միջոցներ, նորագույն տեխնոլոգիաներ են օգտագործում, բայց մենք ունենք սարսափելի վատ ժառանգություն, որը կարգի բերելու համար հսկայական միջոցներ են անհրաժեշտ ու ժամանակ։ Բայց հիմա գլխավոր խնդիրն այն է, որ ունենք անտառածածկ տարածքներ հրդեհների մեծ վտանգ, եւ այդտեղ պետք է բնակչությանը կոչ անել, անտառտնտեսությանը։ Որ շատ արագ արձագանքեն, առաջին րոպեներին 911 զանգեն, որովհետեւ էդ հարստությունը, որի համար դողում են, կարող է մեկ վայրկյանում այրվել։

- Բայց շենք-շինություններում կա՞ն այդ միջոցները։

- Եթե իրեն հարգող կազմակերպություն է, իհարկե, կան, բայց կարող եմ ասել, որ բազմաթիվ հիմնարկ-ձեռնարկություններ ու բնակելի տներ տարրական անվտանգության կանոնների պահպանման միջոցներ չունեն։ Շատ շենքերում օդափոխությունը նորմալ չէ, սարքավորումներով հագեցված չեն, տարհանման դռները զմռսած են։ Եվ նույն բարձրահարկերի մասին էլ պետք է մտածել՝ էդ մարդկանց ո՞նց պետք է տարհանեն, երբ շենքերն այդքան մոտիկ-մոտիկ կառուցում են, եւ ոչ մի մեքենա չի կարող մոտենալ դրանց։ Սանդուղք բացելու համար Դուք գիտե՞ք ինչքան հեռավորություն է պետք։ Եվ, առհասարակ, ամեն ինչ սկսվում է շենքի նախագծման փուլից, երբ նախագծման փուլում ԱԻՆ-ը չի մասնակցում, հետո պատրաստի շենքի ժամանակ ասում է՝ սա պետք է փակել, սա անել։ Սրանք այնպիսի բաներ են, որ պետք է շենքը նորից կառուցել։ Հետեւաբար, նոր կարգավորումների կարիք կա։

- «Վեգայի» շենքը վառվեց, եւ տասնյակ գույք ոչնչացավ։

- Դեպքի վայրը չեմ տեսել, դա պետք է քննությունը ցույց տա, բայց կարող եմ ասել, որ կենցաղային տեխնիկայի մեջ էլ կան բաներ, որոնք ահավոր դյուրավառ են, որ կարող են միանգամից տարածվել։