Պայքարը կթեւակոխի նոր փուլ` հեղափոխությունների պատմական փորձից դատելով

Պայքարը կթեւակոխի նոր փուլ` հեղափոխությունների պատմական փորձից դատելով

Որքան էլ իշխանականները ոգեւորվեն, թե սրբազան շարժումը մարել է, եւ իրենք կարող են հանգիստ շունչ քաշել ու ամառային հանգիստ վայելել արտերկրում, դա ընդամենը պատրանք է՝ ինքնահանգստացման համար: Հունիսի 12-ին, երբ ոստիկանությունը նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա, առեւանգվեցին եւ խոշտանգվեցին փողոց ելած մարդիկ, իրավական հաշվեհարդարներ սկսվեցին շարժման առաջնորդներից շատերի նկատմամբ, ակնհայտ դարձավ, որ Փաշինյանը չի հրաժարվել արյան գնով իր իշխանությունը պահելու մոլուցքից: Հայաստանն իրականում գտնվում է բռնապետի ձեռքում: 

Այնուհանդերձ, հունիսի 12-ի արյունալի դեպքերից հետո հասարակությունը չվախեցավ, չնահանջեց, հակառակը` Բաղրամյան պողոտան ու հանրահավաքներն ավելի մարդաշատ դարձան: Սակայն նաեւ ավելի զգուշավոր դարձավ Բագրատ սրբազանը, եւ նման իշխանության պարագայում դա տրամաբանական է` իր հետեւից գնացող մարդկանց չվնասելու համար: 

Պայքարը ոչ թե մարել է, այլ նախապատրաստվում է նոր փուլի: Պայքարը չի մարել ու չի մարի, քանի դեռ նրա առանցքային դեմքը` Բագրատ սրբազանը, ետ չի կանգնել իր առջեւ դրված նպատակից: Ի տարբերություն նախորդ ընդդիմադիր շարժումների, սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ սրբազանի կերպարն անխոցելի է. նա չունի բիզնեսներ, չունի կասկածելի ճանապարհներով ձեռք բերված անշարժ գույք, որոնք կորցնելու մտավախություն ունենա, չունի անցած այնպիսի ճանապարհ, որտեղ կարողանան փաստացի կոմպրոմատներ գտնել ու դնել իր դիմաց: Իհարկե, խոսքը ֆեյք-բամբասանքների մասին չէ, որոնք շատ արագ հերքվում են: Բագրատ սրբազանն անխոցելի ու անկոտրում է, ու քանի դեռ նա այս գործընթացների մեջ է, անհիմն է շարժումը մարած համարելը: Մանավանդ` նրան ճանաչողներն ասում են, որ շատ համառ եւ հետեւողական անձնավորություն է եւ աննահանջ գնում է դեպի իր նպատակը:
Հասկանալի է նաեւ հասարակության շտապողականությունը. մենք ժամանակ չունենք կորցնելու, քանի որ Փաշինյանի՝ իշխանության մնալու ամեն օրը նոր ու անդառնալի կորուստներ է բերում Հայաստանին: Սակայն չմոռանանք, որ բռնապետները, որպես կանոն, հեշտությամբ չեն հեռանում... Իսկ նրանց հեռացնելու պայքարը պահանջում է չհոգնել, չհուսահատվել: 

Դա է ցույց տալիս նաեւ համաշխարհային պատմական փորձը: Շատ երկրների եւ համաշխարհային պատմության համար կարեւոր նշանակություն ունեցող ազատագրական, հեղափոխական շարժումները հասել են հաջողության` երկարատեւ ու համառ պայքարից, վայրէջքներից ու վերելքներից հետո: Բերենք երկու վառ եւ հաջողված օրինակ։ 
Իրանի Իսլամական հեղափոխությունը տեւել է մեկ տարի. սկսվել է 1978-ի հունվարին, այդ ժամանակ շարժումը դաժանությամբ ու բռնությամբ ճնշվել է: Շարժման առաջնորդները դաժանությամբ սպանվել են, բանտարկվել, խոշտանգվել: Ամբողջ տարվա ընթացքում հոգեւորականներն Իրանի տարբեր քաղաքներում ընդվզումներ եւ գործադուլներ են կազմակերպել: Շահը գահընկեց է արվել միայն դեկտեմբերին: Հարկ է նշել, որ շահի դեմ բողոքի ալիքը սկսվել էր 1963-ից՝ կապված նրա տնտեսական եւ արտաքին քաղաքականության հետ: 

Ֆրանսիական հեղափոխությունը երկրի կարեւորագույն պատմական իրադարձություններից է, որը երկրի սոցիալ-քաղաքական կյանքում մեծ փոփոխություն է կատարել. կազմաքանդվել են հին կարգերը, եւ Ֆրանսիան միապետական համակարգից անցել է հանրապետության՝ ազատ եւ հավասար քաղաքացիների համար։ Հեղափոխությունը սկսվել է 1789 թվականի հուլիսի 14-ին` Բաստիլի գրավումով, եւ ավարտվել 1799 թվականի նոյեմբերի 9-ին:
Նման պատմական փաստերը շատ են: Բոլոր ազատագրական, հեղափոխական շարժումներն էլ ունեցել են վայրէջքներ, դաժանաբար ճնշվել են, բայց վերջում արդյունքի են հասել: Ուստի ասել, թե ընդամենը երկու ամիս առաջ սկսված շարժումը մարել է, տեղին չէ, մոլորություն է եւ գնահատականներ տալու, արդյունքի հասնելու շտապողականությամբ է բացատրվում: