Սյունիքը ձեր ինչի՞ն է. գնում ենք դեպի համաշխարհային ոչ բռնի, թավշյա հեղափոխության

Սյունիքը ձեր ինչի՞ն է. գնում ենք դեպի համաշխարհային ոչ բռնի, թավշյա հեղափոխության

Զարմանալ կարելի է ու նաեւ զայրանալ: Հո՞ղն է կարեւորը (զարմանալի է, որ որոշ մարդիկ այդ հողին հայրենիք են ասում), թե՞ ժողովրդավարության համաշխարհային բաստիոն լինելը: Արժանապատիվ սյունեցի՞ն կամ արցախցի՞ն են կարեւորը, թե՞ հեղափոխության իդեալները: Մի քիչ էլ համբերեք: Երբ հայկական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը կհաղթանակի աշխարհում, գլուխներդ կախ կգաք ու կչոքեք թագավոր Նիկոլի ոտքերի մոտ, կփորձեք համբուրել, բայց նա թույլ չի տա, որովհետեւ դուք անարժան եք, չեք գնահատել իրեն, չեք հասկացել նրա մեծությունը:
Հենց այսպես, նամուսից զուրկ ժողովուրդ: Բա էլ ինչպե՞ս: Նիկոլն ազնիվ է, անկեղծ է, կոռումպացված չէ, հմուտ գերագույն գլխավոր մոդերատոր է, կներեք, հրամանատար: Չէ, լո՞ւրջ:

Հետո ինչ, որ մի քանի հազար ջահել գնացել դարձել են թնդանոթի միս ու բայրաքթարի թիրախ: Է, թող չգնային: Բացի դրանից, որդեկորույս մայրեր կան, որ հայտարարել են, չէ՞, որ իրենց երեխաներին մաքուր սրտով մատաղ են արել ամենափրկչին: Մարդիկ իրենց կամքով զոհել են իրենց երեխաներին եւ հիմա վայելում եք հերոսի մայր լինելու հաճույքը: Հիմա, եթե մատաղացու տված հազարավոր մայրերը ձայն չեն հանում, ապա էլ ո՞վ իրավունք ունի ձայն հանել:  

Հետո ինչ, որ տնտեսությունը կործանվել է, երկիրը խրվել է պարտքերի մեջ: Մարդը ձեզ բացատրում է, որ տնտեսական հեղափոխությունն այլեւս իրագործվել է. գույքահարկը փոխվել է ու նման բաներ: Էդ մեծամիտ, իրենց չգիտես թե ինչու զարգացած համարող երկրները թող գան ու սովորեն, թե ինչպես է հնարավոր մի ամբողջ ժողովրդի վերածել բանջարեղենի: Ավելին, թող տեսնեն, թե այդքանից հետո ինչպես կարելի է համոզել այդ ժողովրդին, թե բանջարեղեն լինելը լավ բան է, հարմարավետ է ու քիչ ծախսատար. չթոռոմելու համար ընդամենը ջուր է պահանջվում, կարելի է անգամ կոյուղու ջուր, որը նաեւ անվճար է:

Այսքանից հետո ինչ-որ վայնասուն է բարձրանում, թե Սյունիքը տարան: Ո՞վ տարավ, ո՞ւր տարավ, ինչո՞վ տարավ: Տարան՝ տարան, մենք ավելի կարեւոր գործի ենք՝ կատարելագործում ենք թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը՝ արտահանելու համար. կորոնավիրուսի շնորհիվ 30 մլրդ դոլարի տեղ է բացվել համաշխարհային շուկայում:

Ինչեւէ: Դառնանք ոտնամաններին: ՀՀ հպարտ քաղաքացիները, ում մեծահոգաբար կթույլատրվի համբուրել բարձրյալի ոտնամանները, ընտրությունների օրը գուցե ցանկանային հանրաքվեի կարգով հայտնել իրենց մտադրությունը՝ Թուրքիայի կամ Ադրբեջանի հպարտ քաղաքացիներ դառնալու վերաբերյալ: Հետեւաբար, ԿԸՀ-ն ստիպված կլինի նախապատրաստել հանրաքվեի քվեաթերթեր, որի վրա նշված կլինի. 1. Ցանկանում եմ լինել Ադրբեջանի հպարտ քաղաքացի: 2. Ցանկանում եմ լինել Թուրքիայի հպարտ քաղաքացի:

Հպարտ քաղաքացիների իրազեկվածության աստիճանի բարձրացման նկատառումներից ելնելով, բացատրենք դրանց միջեւ եղած տարբերությունը: Թուրքիայի քաղաքացի դառնալու դեպքում լուծվում է ծովից-ծով Հայաստանի խնդիրը, իսկ Ադրբեջանի քաղաքացի դառնալու դեպքում կլուծվի ինչպես Արցախի եւ Նախիջեւանի, այնպես էլ Սյունիքի խնդիրը, բայց չի լուծվի առաջին խնդիրը, թեպետ կվերանա միջանցքների անհրաժեշտությունը, եւ, որն էլ ավելի կարեւոր է, կվերանա հայերի եւ Հայաստանի հիմնախնդիրը:

ՀԳ1. 1990-ականներին մի քաղաքական գործիչ կար, ով հուսադրելով անելանելի ծանր վիճակում հայտնված ժողովրդին՝ ասել էր, թե շուտով գարունը կգա՝ բանջար կուտեք: Նորմալ խորհուրդ: Կարեւորը, որ նա չէր ասում, թե ժողովուրդը բանջարեղեն է:

ՀԳ2. Այժմ կան գործիչներ, որոնք այն կարծիքին են, թե նույնիսկ Հայաստանը կորցնելու պարագայում (անշուշտ, հայկական պետությունը չի վերանա, եթե նույնիսկ բանջարեղեն ժողովուրդը շատ ցանկանա. ուղղակի թույլ չեն տա: Բայց դե բանջարեղեն ժողովուրդ ունեցող պետությունն ինչի՞ է պետք եւ ո՞ւմ է պետք) հները, այդ ավազակներն ու մարդասպանները չպիտի գան իշխանության: Այսինքն, այս գործիչները հրապարակավ պնդում են, որ հայ ժողովուրդը բանջարեղեն է: Դա չէ էականը: Էականն այն է, որ ժողովրդի բանջարեղեն մասն անդրդվելի է եւ Նիկոլ թագավորից այն կողմ ոչինչ աչքին չի գալիս: Այդ բանջարեղենը մի բան լավ չի գիտակցում. ով եղել է բանջարեղեն հների ժամանակ, մնալու է այդպիսին նորերի եւ էլ ավելի նոր իշխանությունների ժամանակ: Տարբերությունն այն է, որ հների ժամանակ այդ բանջարեղենին չի ասվել, որ դու էլ ես վարչապետ, չէ՝ վարչապետը դու ես:

Գագիկ Վարդանյան
Դեռեւս ոչ բանջարեղեն