Մի խաբեք ժողովրդին

Մի խաբեք ժողովրդին

Երեկ գրել էի, որ իշխանության հայտ ներկայացնող ցանկացած քաղաքական ուժ պետք է հանրային թեսթ հանձնի՝ ինչպե՞ս է տեսնում ղարաբաղյան կարգավորումը, որովհետեւ դա մեր գերխնդիրն է: Այսօր կարդում եմ, որ «հնարավոր վտանգներից խուսափելու եւ հաղթանակով ձեռք բերված արդյունքները պաշտպանելու համար Հայաստանը պետք է…»…

Շարունակությունը կարելի է արդեն չկարդալ: Նույն ջուրն է, նույն ջրաղացը: Որովհետեւ հաղթանակով ձեռք բերված արդյունքը սկզբունքորեն պետք է ոչ թե պաշտպանության կարիք ունենա, այլ դառնա ինքնաբավ պաշտպանություն, աշխարհաքաղաքական անանց արժեք: Մի իրավիճակ, որ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին ռեսուրսներով պաշտպանելու անհրաժեշտություն է պարտադրում, չի կարող հաղթական կոչվել: Մանվածապատ, երբեմն նույնիսկ տրիվիալ դատողությունները միայն շեղում են խնդրից, մինչդեռ այն շատ առարկայական է. Հայաստանն ունի՞ ղարաբաղյան ստատուս-քվոն միջազգայնորեն լեգիտիմացնելու սեփական ռեսուրսներ եւ գործիքակազմ: Այս հարցում արտաքին օժանդակության սպասումները սին են: Մենք ունենք չորս հարեւան՝ Թուրքիա, Վրաստան, Իրան, Ադրբեջան: ԼՂ հարցում Թուրքիան եւ Ադրբեջանը նույնական են: Վրաստանը հասկանալի պատճառով այդ հարցում Ադրբեջանի համախոհն է: Մանկամտություն է կարծել, թե իսլամական համերաշխության ջատագով, բայց մանավանդ շուրջ 20 միլիոն թուրքախոս բնակչություն ունեցող Իրանը, անկախ իշխող ռեժիմի բնույթից, երբեւէ կճանաչի Արցախի անկախությունը կամ ներկայիս փաստացի սահմանների վրա Հայաստանի իրավազորությունը:

Նույնը՝ Ռուսաստանի պարագայում: ԱՄՆ-ի: Եվրամիության: Մնում է ապավինել սեփական հնարավորություններին: Սա է իրականությունը: Եւ՝ թե որքանո՞վ են համադրելի մեր եւ հակառակորդի ռեսուրսները, որովհետեւ հաղթանակով ձեռք բերված արդյունքների պաշտպանության դիվանագիտական հնարավորություն նույնիսկ տեսականորեն չկա, մնում է դա Ադրբեջանին պարտադրել պատերազմով: Եթե որեւէ մեկն ունի իրավիճակից ելքի այլ ռացիոնալ պատկերացում, թող ներկայացնի: Բայց՝ անկեղծորեն, առանց մանիպուլյատիվ մտավարժանքների: Ժողովրդի հետ պետք է անկեղծ լինել: