Փաշինյանը պատրաստվում է հեռանա՞լ

Փաշինյանը պատրաստվում է հեռանա՞լ

Երեկ ֆեյսբուքում մի գրառում գրավեց ուշադրությունս: Օգտատերը հորդորում էր՝ առանձնապես չանհանգստանալ Նիկոլին հեռացնելու հարցով, նա անձամբ է նախապատրաստում այդ իրադարձությունը: Առաջին հայացքից դա ծիծաղաշարժ թվաց ինձ, բայց երբ մի թեթեւ վերլուծեցի այդ մարդու ասածը, տեսա, որ չէ, դա այնքան էլ այդպես չէ: Եթե մի փոքր ավելի ուշադիր հետեւենք վերջին օրերի իրադարձություններին, կնկատենք, որ Փաշինյանն իսկապես անում է քայլեր, որոնք, թեեւ հեռացողի քայլեր չեն հիշեցնում, բայց բոլոր կողմերից թուլացնում են նրան եւ այն էլ՝ մեծ արագությամբ:

Գամ ամենավերջին խայտառակությունից՝ ծածուկ ծառայություն պետավտոտեսուչների համակարգում: Պատկերացրեք, որ մի 200-300 մարդ առանց տարբերանշանների մի 100-150 ավտոմեքենայով հետեւելու է մեքենա վարող մեր քաղաքացիներին եւ արձանագրելու է այն բոլոր խախտումները, որ կանեն վարորդները: Ահա, խնդրեմ, առաջին հայացքից անմեղ օրենք, որի նպատակը, իբր, մեր մյուս քաղաքացիների առողջության պահպանումն է: Բայց այդպե՞ս է, արդյոք:
Նախ ես չեմ կարծում, որ կորոնավիրուսի եւ արտակարգ դրության պայմաններում դա ամենահրատապ օրենքն էր, որ պետք էր ընդունել: Մի իրավիճակում, երբ, ըստ Փաշինյանի, երկրում 1,1 միլիոն մարդ (իսկ սա մեր ազգաբնակչության մոտ կեսն է) 73 միլիարդ դրամի ինչ-ինչ օգնություններ է ստացել, ուղղակի աննորմալություն է բնակչությանը լրացուցիչ տուգանքների ենթարկելու «լազեյկա» ստեղծելը: Մարդիկ առանց այն էլ նյարդայնացած են՝ գործ չկա, ձեռքի եղած գումարը սպառվում է, ունեն հարազատներ, որոնց օգնում էին, բայց այսօր չեն կարողանում: Փաշինյանը մի կողմից ասում է՝ կորոնավիրուսը դեռ մեկ տարի ձգվելու է, դեմը չենք կարողանում առնել, իսկ մյուս կողմից էլ մոռանում, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ողջ բեռն ընկած է քաղաքացիների ուսերին, որոնք այս օրերին հազարներով զրկվում են աշխատանքից ու աշխատավարձից:

Հետաքրքիր է իմանալ նաեւ, թե ծածուկ ծառայության գծով ինչպիսի եկամուտ են ակնկալում քայլ արած իշխանությունները: Արդյոք խոսքն այնպիսի՞ գումարների մասին է, որոնցով կարելի է դեռ մի որոշ ժամանակ էլ մնալ ջրի երեսին եւ քողածածկույթ ստեղծել, թե ամեն ինչ կարգին է, թե անդունդի եզրին հասնելուն դեռ շատ կա... Բայց ինչ էլ լինի, այս ծառայությունը հանրության մի ահռելի խմբի՝ վարորդների գրպանից փող հափշտակելու ծառայություն է եւ նպաստելու է միայն այդ «միջակ» խմբի սոցիալական վիճակը ծանրացնելուն:

Թող տարօրինակ չհնչի, բայց ոչ ոք չի հավատում, որ հեղափոխական Հայաստանում որեւէ «ծածուկ» ոստիկան կհամարձակվի տուգանել Փաշինյանի մերձավորներին կամ նրա թիմի անդամներին: Դա նույնիսկ ԱԱԾ-ն է վախենում անել, էլ ուր մնաց 120 հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը, որն արդեն սովորել է վարչապետի ներկայությամբ զգաստ կանգնել: Սա էլ, ինչպես հասկացաք, այս օրենքի բարոյական կողմն է:

Իսկ որքանո՞վ էր բարոյական վաղ հասակում երեխաների սեռական դաստիարակության կոնվենցիայի ընդունումը, որը, անշուշտ, ենթադրում է ԼԳԲՏ համայնքի սողոսկում դպրոցներ: Սա՞ էր, արդյոք, այն քայլը, որ պետք է արվեր համաշխարհային վարակի ճիրաններում հայտնված մի բուռ ժողովրդի դեմ: Հստակ չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն այս քայլով իր հեռացումն է նախապատրաստում: Ու դեռ բանտերն են լցնում այս կոնվենցիայի դեմ բողոքողներին: Քանիսի՞ն են բանտարկելու, եթե ակնհայտ է, որ Հայաստանում այս կոնվենցիային կողմ է ընդամենը 79 պատգամավոր:

Վստահ եմ, որ Միքայել Մինասյանը դեռ էլի է խոսելու: Իսկ ինչպե՞ս է արձագանքում Փաշինյանը նրա մեղադրանքներին: Լռությամբ: Լավագույն դեպքում, Սասուն Միքայելյանին ու Ալեն Սիմոնյանին ուղարկում է Էդմոն Մարուքյանին ծեծելու եւ մեղադրելու Միշիկի «պրոյեկտ» լինելու մեջ: Բայց չէ՞ որ դրանով Փաշինյանն ակամա խոստովանում է, որ Միքայել Մինասյանը ճիշտ է, իսկ ինքը՝ սխալ: Ես արդեն մտածում եմ՝ արդյոք Միքայել Մինասյանի «պրոյեկտն» է միայն Էդմոն Մարուքյա՞նը, թե՞ նաեւ Նիկոլ Փաշինյանը, որ չի համարձակվում նույնիսկ Միքայել Մինասյանի անունը տալ իր ելույթում:

Արժե՞ եւս մեկ անգամ խոսել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարության մասին, որին ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն արդեն մեկ ամիս պատասխանում է ու դեռ չի պատասխանել: Եթե Փաշինյանը չի պատրաստվում հեռանալ, ապա ինչո՞ւ ինքը չի պատասխանում Լավրովին, չի պնդում, որ Լավրովը սխալվում է, որ արցախյան խնդրի փուլային կարգավորման շուրջ Հայաստանը չի բանակցում:

Նաեւ փորձենք գուշակել, թե ինչպես է հեռանում Փաշինյանը: Նա հազիվ թե կտրուկ որոշում կայացնի ու հրաժարական տա: Այդ դեպքում թիմը նրան հում-հում կուտի: Փաշինյանը, ամենայն հավանականությամբ, սկզբից կթռցնի իր մտերիմներին ու բոլոր նրանց, ում հետ հասցրել է կոռուպցիոն գործարքների մեջ մտնել: Ավիացիայի աղջիկը թռավ արդեն, մաքսանենգ սիգարետի գործով շուտով կթռնեն աներձագը, զարմիկն ու «Նակոլկա Շուշոն»: Հետո հերթը կհասնի վնգստացող դատավորներին, գլխավոր դատախազության ասերին: Իջեւանի քաղաքապետի ԺՊ քավորն այդպես էլ քաղաքապետ չի դառնա, Վահե Գրիգորյանը՝ ՍԴ նախագահ, հանրաքվե տեղի չի ունենա, էն կոլոտ կամանդիրն էլ ՀՀ սահմանադրության հայր չի հռչակվի: Իսկ սեպտեմբերի կողմերն արդեն Նիկոլը Թբիլիսի-Թել Ավիվ չվերթի տոմսեր բրոնյա կանի իր եւ Աննայի համար: Մանավանդ, եթե հիշում եք՝ «Հրապարակը» գրել էր, որ իր հին տունն էլ վաճառում է։ Չգիտեմ ով է ասել, բայց լավ է ասել՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ: Փաշինյանը հաստատ գիտի այդ մասին եւ, ահա, խնամքով նախապատրաստվում է: