Փիառն ու երկիրը

Փիառն ու երկիրը

Պարզագույն սխեմաներ է կիրառում Նիկոլ Փաշինյանը: Դրանցից մեկը հանրությանը ներշնչելն է, թե իրենք ամենաակտիվ մասնակցությունն ունեն երկրի կառավարմանը` իրենք են որոշում ամեն ինչ: Դրա համար պարբերաբար դիմում է նրանց, ասում է` սիրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ, իշխանությունը ձեզ է պատկանում եւ այլ լոլոներ: Մյուս միջոցը անպայման պարբերաբար գյուղեր այցելելն է, ցանկալի է` բանուկ ճանապարհից հեռու եւ ոչ այնքան մեծ, մարդկանց հետ հանդիպել-զրուցելը, տեսագրել-ցուցադրելը բոլոր TV-ներով, այնպես, որ այդ այցերի մասին բոլորն իմանան:

Ճիշտ է` որոշ օգտատերեր եւ որոշ լրատվամիջոցներ մանրամասներ են ներկայացնում, թե ինչպես են ապահովել այդ հանդիպումները, ում են մոտ թողել վարչապետին, ում` արգելել, քանի «հովանոց» է նետվել Փաշինյանի ուղղությամբ, եւ քանիսն են «դավաճան» բղավել, բայց դա էական չէ: Որովհետեւ այդ մանրամասներն անհամեմատ քիչ մարդու են հասանելի դառնալու, եւ ոչ բոլորն են դրան հավատալու: Եվ այդ հանդիպումների բովանդակությունն ու մարդկանց ասածն էլ էական չեն` էականն այն տպավորությունն է, որ բոլոր որոշումները իշխանությունը նախապես քննարկում է հանրության հետ:

Իհարկե, մարդիկ արդեն սկսել են համադրել ու քննադատաբար վերաբերվել իրենց տեսածին ու լսածին, եւ ոմանք նաեւ հասկանում են, որ Բաքվի բռնապետի եւ ՀՀ վարչապետի խոսքը, քայլերը, որոշումները սկսել են ավելի ու ավելի շատ համընկնել, եւ դրանք պատահական համընկնումներ չեն, այլ սինխրոնացված աշխատանք: Եվ այդ աշխատանքի արդյունքում ոչ միայն փոքրանում է Հայաստանի Հանրապետության կենսական տարածքը, այլեւ նվազում է երկրի կենսունակությունը, գոյատեւելու հավանականությունը: Նաեւ հայ մարդը կորցնում է արժանապատվության ու ինքնագիտակցության վերջին նշույլները: