Հայաստանի փայատերերը

Հայաստանի փայատերերը

Հանրային կարծիքը վրդովվում է եւ մեղադրում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին` ընդամենը այն բանի համար, որ մարդն անկեղծ է եւ ազնվորեն խոստովանում է իրենց շահագրգռվածությունը Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարման հարցում: Իհարկե, դիվանագիտական էթիկետն արգելում է նման հայտարարություններ անել, դա կարող է դիտվել որպես միջամտություն տվյալ երկրի ներքին գործերին: Մանավանդ այսօր մեծ թվով մարդիկ պայքարում են իշխանափոխության համար, իսկ սույն հայտարարությամբ դեսպանը փորձում է աջակցել Փաշինյանին:

Իհարկե, ԱՄՆ դեսպանը շատ լավ հասկանում է, որ ամեն ժողովուրդ ինքն է որոշում, թե ով պետք է կառավարի իր երկիրը, եւ կարող է ինչպես ընտրությունների, այնպես էլ հեղափոխության ճանապարհով փոխել այդ իշխանություններին: 2018-ին իրենք գործող իշխանություններին չեն աջակցել, որեւէ հայտարարություն չեն արել: Գուցե տակից աջակցել են Նիկոլ Փաշինյանին, սակայն դա բացահայտ չեն արել, որովհետեւ նման պրոցեսին բացահայտ աջակցելը դատապարտելի է, անօրինական եւ կարող է հենց դեսպանի հետկանչման պատճառ հանդիսանալ: Բայց էթիկետի, էթիկայի, օրենքների մասին խոսելու ժամանակներում չենք ապրում մենք` աշխարհը խախտել է օրինականության բոլոր սահմանները, մոռացել է ժողովրդավարության մասին, կորցրել է հարյուրամյակների ընթացքում ձեւավորած ուղենիշները եւ ամենակոշտ միջոցներով իր շահերն է առաջ մղում:

Ըստ էության, Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոստովանեց, որ ինքն այս իշխանության փայատերերից է, ինչպես փայատերերից են սորոսականները: Ինչպես փայատեր են Ռուսաստանն ու ԵԱՏՄ-ն, Եվրամիությունն ու Հայաստանում ԵՄ դեսպանը: Նիկոլ Փաշինյանը երկրի ինքնիշխանությունն այնքան է ոչնչացրել, որ ով ասես կարող է այժմ հավակնել ՀՀ իշխանական տորթից մաս ունենալուն: