Եթե դա կազանյան խրամատն է, ապա…

Եթե դա կազանյան խրամատն է, ապա…

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ասում է, որ վարչապետ Փաշինյանը քանդել է Սերժ Սարգսյանի կառուցած դիվանագիտական խրամատը, իսկ նորը չի կառուցել: Ինչի՞ մասին է խոսքը: Հայտնի «մադրիդյան սկզբունքները» բանակցվել են Ռոբերտ Քոչարյանի նախագահության երկրորդ շրջանում: Եթե դա դիվանագիտական ամուր խրամատ է, ապա կառուցվել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ՝ Ռոբերտ Քոչարյանի կողմից: Եթե Աշոտյանը նկատի ունի 2008թ. նոյեմբերի 2-ին ստորագրված Մայենդորֆյան փաստաթուղթը, որը 1994-ի հրադադարի համաձայնագրց հետո հայ-ադրբեջանական միակ գրավոր պայմանավորվածությունն է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ, ապա այն լավագույն ցանկության դեպքում իսկ դժվար է խրամատ անվանել, որովհետեւ Հայաստանը նախ առանց Արցախի ստորագրեց այն, երկրորդ՝ հանձն առավ ԼՂ խնդիրը կարգավորել միջազգային կազմակերպությունների ընդունած որոշումների (կարդալ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձեւերի) հիման վրա:

Մայենդորֆում դրվեց բանակցությունները «նորացված մադրիդյան սկզբունքներով» շարունակելու գործընթացի սկիզբը, որը, եթե դիվանագիտականից փոխադրենք հանրամատչելի լեզվի, ապա կստացվի, որ Հայաստանը համաձայն էր Ադրբեջանին վերադարձնել ԼՂ շուրջ բոլոր տարածքները, որի դիմաց Ադրբեջանը վերացնելու էր շրջափակումը, Լեռնային Ղարաբաղն ստանալու էր անցումային կամ միջանկյալ կարգավիճակ: Ինչպես հայտնի է, բանակցությունները պետք է պսակվեին Կազանի փաստաթղթի ստորագրմամբ, սակայն վերջին պահին Ադրբեջանը հրաժարվեց:

Ըստ որոշ աղբյուրների, պատճառն այն էր, որ տեքստում տեղ էր գտել ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով մի X պահի հանրաքվե անցկացնելու գաղափարը, ինչին Ալիեւը դեմ արտահայտվեց, եւ գործընթացը մղվեց փակուղի՝ ի վերջո բերելով քառօրյա պատերազմի: Հիմա եթե վարչապետ Փաշինյանին հաջողվել է քանդել մայենդորֆյան-կազանյան-լավրովյան խրամատը, դրա համար նրանք պետք է ոչ թե քննադատել, այլ գովել: Իսկ որ նորը դեռ չի կառուցվել, դա միայն Փաշինյանի պարտավորությունը չէ: Բոլորը, այդ թվում եւ նախկին իշխանությունը, պետք է վեր կանգնեն հավակնություններից, քինախնդրությունից եւ վրիժառության մոլուցքից եւ ուժերի ներածին չափով օգտակար լինեն, որ Հայաստանը կառուցի դիվանագիտական նոր, ամուր եւ ԼՂ խնդրի արժանապատիվ կարգավորման երաշխիք հանդիսացող խրամատ: ՀՀԿ փոխնախագահը պատրա՞ստ է աջակցել իշխանություններին: Դատելով նրա գրառման տոնայնությունից՝ ոչ: Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որքան հիշում եմ, ԼՂ հարցում իշխանություններին գոտկատեղից ներքեւ չէր հարվածում: Թեեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ էր եւ, ամենայն հավանականությամբ, որոշակի տեղեկատվության տիրապետում էր: Ընդդիմադիր Արմեն Աշոտյանը գոնե կարո՞ղ է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի նման այդ նուրբ հարցում լռություն պահել: