Операция Ы, կամ ինչից են վախենում ՀՀ ապագա իշխանությունները

Операция Ы, կամ ինչից են վախենում ՀՀ ապագա իշխանությունները

Նիկոլ Փաշինյանին, կարծես, չի անհանգստացրել արտախորհրդարանական 7 կուսակցությունների համատեղ հայտարարությունը՝ կապված դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Փողի մասով Սվիտալսկու ճոխ խոստումները հանգստություն են բերել Փաշինյանի հոգուն: Մինչդեռ 7 կուսակցություն բաց տեքստով ՀՀ իշխանություններին, այսպես ասենք, նախազգուշացրել են՝ հեռու մնալ դետական իշխանությունը ուզուրպացնելու անհեռանկար ձգտումներից, քանզի դա ոչ ավել, ոչ պակաս, Սահմանադրության դեմ հանցագործություն է, այլ խոսքով՝ սահմանադրական կարգի կանխամտածված տապալման փորձ:

Փաշինյանն, անշուշտ, գիտակցում է այդ քայլերի քրեորեն հետապնդելի լինելը, բայց նա չէր կարող կանխագուշակել, որ այդ մասին կխոսեն քաղաքական ուժերը և այն էլ ժողովրդի համար հասկանալի լեզվով շարադրված հայտարարությամբ: Բայց վարչապետի աշխատակազմը և մասնավորապես խոսնակը, որ բոլորից, այդ թվում և Փաշինյանից, ավելի ուժեղ քաղաքական հոտառություն ունի, առայժմ լռում է: Հնարավոր է՝ դեռ մտածում են՝ ինչ ասել, բայց չի բացառվում, որ իշխանության լռությունը նաև տակտիկական քայլ է՝  խոսելու առաջնահերթությունն առայժմ տալ «յուր» ընդդիմությանը, դիցուք՝ «Լուսավոր Հայաստան»-ի ճարտասաններին:
Առաջ չանցնելով՝ մի դիտարկում անեմ կապված «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ: Այսօր այն ինձ հիշեցնում է Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանակների «Ժառանգությունը», որի խորհրդարանական ֆրակցիայում ամեն մեկը՝ անգամ բուն ժառանգականները, իր ուզածն էր անում՝ չխորհրդակցելով ոչ ֆրակցիայի մյուս անդամների և ոչ էլ նույնիսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Հետո, իհարկե, արդարանում էին՝ մեր կուսակցության դրվածքն է այդպիսին, մեզ մոտ ամեն ոք իրավունք ունի սեփական կարծիքն արտահայտելու… Բայց դա, շատ ներողություն, ողջ ֆրակցիան վերածել էր «Գումի շուկայի», որտեղ ամեն մեկն իր լոլիկը իր ուզած գնով էր վաճառում: Կարելի է ասել՝ վիճակն առանձնապես հուսադրող չէ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում, որտեղ ոչ այնքան մարուքյանական կադրերն սկսել են «սեփական լոլիկը» վաճառել:

Թեև հասկանալի է, թե խոսքն ում մասին է, բայց, ամեն դեպքում հստակեցնեմ՝ Արման Բաբաջանյանի, որին «Լուսավոր Հայաստանի» գծով խորհրդարան բերեցին ոչ անհայտ շրջանակները՝ ավելի խորացնելով Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական ծագումնաբանության հետ կապված մեր ամենավատ կասկածները: Եթե մի փոքր ուշադիր լինենք, ապա կտեսնենք, թե հեղափոխությունից հետո հատկապես ո՞ր լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները բուռն առաջընթաց ապրեցին: Դրանք այն լրատվամիջոցներն են, որոնցում հաճախ է լինում Էդմոն Մարուքյանը, ինչպես նաև լրատվամիջոցներ, որոնք, ճիշտ է, Մարուքյանի բացահայտ PR-ով չեն զբաղվում, բայց, քանի որ հովանավորվում են միևնույն «ընդդիմադիր» մեդիամագնատի կողմից, նույն գծի մեջ են, ինչ Մարուքյանին գովազդող լրատվամիջոցները: Յոթ կուսակցությունների հայտարարության մեջ առկա «իշխանամերձ մամուլ» արտահայտությունը նաև այս լրատվամիջոցներին է վերաբերում, որոնք, «վախ վախ վախ, մենք ընդդիմադիր ենք» ասելով, իրականում Փաշինյանի ու նրա կառավարության գործն են առաջ տանում: Հենց այսպիսի ընդդիմադիր է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը, որի ղեկավարությամբ գործող լրատվամիջոցներին էլ հանձնարարվել է «ընդդիմադիր» դիրքերից, որքան հնարավոր է, քննադատել արտախորհրդարանական ընդդիմությանն ու նրանց գործողությունները:
Իսկ հիմա այն մասին, թե ի՞նչ է ստացվում, երբ խորհրդարան սպրդած «ընդդիմադիր» քաղաքական ուժին հանձնարարվում է քննադատել արտախորհրդարանական ընդդիմությանը, և այդ «պատասխանատու» գործը դրվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ ատելության պերեդոզ ունեցող, հակադաշնակցական Արման Բաբաջանյանի ուսերին: Օրը 2-3 հոդված արտախորհրդարանական ընդդիմության և Քոչարյանի դեմ, Փաշինյանին, իբր, զգաստացնող մի քանի ակնարկ ու մեղմ դիտարկում, հակահեղափոխության հերթական գրոհի մասին 1-2 մատից ծծած վերլուծություն և, որպես այս ամենի միջով անցնող կարմիր թել՝ հակադաշնակցական աղմուկ: Բայց միեւնույնն է՝ ԼՀԿ խմբակցությանը չի հաջողվում դառնալ ընդդիմադիր: Պատճառը, հավանաբար, այն է, որ «Լուսավոր Հայաստանն» ու Էդմոն Մարուքյանը հեղափոխության օրերի ամենաթունդ հակահեղափոխականներն էին, որոնց «լուսավոր» քթներին անգամ հեղափոխության մասին ազդարարող ծուխն էր տհաճ: Այսինքն՝ ոչ մի տրամաբանական բացատրություն չունի այս կուսակցության՝ խորհրդարանում հայտնվելը, բացի այն, որ դա տեղի է ունեցել «Փաշինյան» օպերացիայի շրջանակներում, որպեսզի խորհրդարանում առնվազն 3 քաղաքական ուժ լիներ ներկայացված:

Հայկական հեղափոխություն կոչված այդ օպերացիայի արդյունքում մենք ունեցանք մի խորհրդարան, որտեղ մեծամասնությունը ոչ մի կերպ չի կարողանում դրսևորվել որպես իշխանություն, իսկ փոքրամասնությունը՝ որպես ընդդիմություն: Եվ ամեն ինչ խառնվել է իրար, որովհետև իսկական ընդդիմություն կամ չկա, կամ՝ դրսում է: Սա հատկապես նկատելի է «Իմ քայլ»-ում ընթացող պրոցեսներից: Առանց խորհրդարանական ընդդիմության մնացած այդ հսկա մասսան այսօր իր ներսում է «ընդդիմություն-ընդդիմություն» խաղում, որովհետև խուսափում է իսկական ընդդիմության հետ բանավեճից և այդ սուրբ գործը հանձնարարվել է խորհրդարանական «ընդդիմադիրներին»:

Անձամբ ես չեմ կարծում, որ Փաշինյանի մատը խառն է վերջին օրերին իրար հետևից լույս տեսնող «հակաընդդիմադիր» հոդվածներում: Ահա, 1in.am-ը Արման Բաբաջանյանի բերանով (կամ հրահանգով) գրում է. «Յոթի հայտարարությունը ուշադրության տակ պետք է պահել այն համատեքստում, թե արդյոք այդ ուժերի հայտարարությունը ժամանակի ընթացքում կարո՞ղ է վերածվել ձևաչափի: Որովհետև պայքարի մասին հայտարարությունը, համենայնդեպս, տալիս է այդօրինակ ենթադրության հիմք: Եվ ինչպիսի՞ն է լինելու այդ ձևաչափի վերաբերմունքը երկրորդ նախագահ Քոչարյանի հանդեպ, և ինչպես է Քոչարյանը վերաբերելու յոթի այդ ձևաչափին:

Համենայնդեպս, հատկանշական է մի հանգամանք, որ դատական համակարգի ներկայիս գործընթացի առումով հայտարարությունը «զբաղեցնում» է դաշտը, փաստորեն դրանում գտնվող մյուս ուժերին ստիպելով դիրքավորվել կամ իշխանության, կամ իրենց կողքին»: Զգացի՞ք վախը: Չգիտեմ միայն, թե ինչո՞ւ են «զբաղեցնում» բառը վերցրել չակերտի մեջ, եթե իսկապես համարում են, որ «Real Politic»-ն այս պահին իրականացվում է խորհրդարանից դուրս, իսկ յոթ ուժերն էլ (Քոչարյանը կմիանա՞ նրանց, թե ոչ, հայտնի չէ) մյուսներին ստիպում են «դիրքավորվել կամ իշխանության, կամ իրենց կողքին»:
Եվ ավարտեմ Էդմոն Մարուքյանին ուղղված մի անսպասելի հարցով: Պարոն Մարուքյան, էս ինչո՞վ է զբաղված Ձեր խմբակցության անդամը, որ օրը ցերեկով թունդ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանին» դիրքավորում է իշխանության կողքին: Իբր ընդդիմության փոշի կար վրաներդ, դա էլ գնաց, բարեկամ: