Չարենցավանի հիվանդանոցում 80-ականների ռենտգեն ապարատով են «կռվում»

Չարենցավանի հիվանդանոցում 80-ականների ռենտգեն ապարատով են «կռվում»

Երկրում ռազմական դրություն հայտարարվելուց հետո հանրապետության բոլոր բժշկական կենտրոններն անցան հատուկ ռեժիմի՝ բոլոր թեթեւ հիվանդներին դուրս գրելով ու տեղ ազատելով ռազմաճակատից վիրավորներ ընդունելու համար։ Այդ ամենից անմասն չի մնացել նաեւ Չարենցավանի բժշկական կենտրոնը, որը պատերազմական իրավիճակում իր ուղղվածությամբ համարվում է տրավմատոլոգիական հոսպիտալ։ Սակայն ամբողջ զավեշտն այն է, որ տրավմատոլոգիական, այսինքն՝ վնասվածքների վերացման համար նախատեսված բուժենտրոնը ռենտգեն հետազոտության նորմալ ապարատներ եւ բաժանմունք չունի։

Ռենտգենի մի ապարատ կա, որը գտնվում է հիվանդանոցից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ պոլիկլինիկայի նախկին կիսախարխուլ շենքում, որտեղ միայն այդ բաժանմունքն է, եթե կարելի է դա բաժանմունք անվանել։ Ապարատը 80-ականների արտադրության է, սենյակից էլ սովետի ժամանակների մքլահոտ է բուրում։ Ասել է թե՝ 80-ականների զենքով են կռիվ տալիս։ Այսինքն՝ ոտքի կոտրվածքով կամ որեւէ այլ վնասվածքով շտապ Չարենցավանի հիվանդանոց տեղափոխված պացիենտը պետք է մոտ 1 կմ ճանապարհ անցնի, որ իր դարն ապրած երկաթյա ռենտգեն ապարատով հետազոտվի։ 

Իսկ թե որքանով ճշգրիտ է ախտորոշում տվյալ ապարատը, դա էլ միայն ռենտգենի բժշկի պրոֆեսիոնալիզմից է կախված, եթե դա էլ չլինի, կարելի է առհասարակ խաչ քաշել Չարենցավանում ռենտգեն հետազոտության վրա։ Ու այս ամենն արդեն մեկ տարի է։ Տպավորություն է, որ այս խնդիրը չի լուծվում, որ տաքսիստների բիզնեսը ծաղկի։ Ամեն օր խոստանում են, որ շուտով ռենտգենի նոր ապարատներ կստանա հիվանդանոցը, կտեղադրեն եւ կազատվեն այս խնդրից, բայց արդեն մեկ տարի է՝ հարցը որեւէ կերպ չի լուծվում։

Առողջապահության նախարարությունից Կոտայքի մարզպետարանի վրա են գցում, մարզպետարանից՝ երեւի հիվանդանոցի ու նախարարության, հիվանդանոցի տնօրինությունն էլ մեզ վստահեցնում է, թե տենդերը շահած մատակարար ընկերությունն արդեն պատվիրել է ապարատները, մի մասը հասել է, մի մասը ճանապարհին է, շուտով կլինի։ Շուտով-ն էլ, ասում են՝ մինչեւ նոյեմբեր է․ պայմանագրով այդ ժամկետն է նախատեսված։ Իսկ թե ինչու է հարցը ձգվել մինչեւ նոյեմբեր, ոչ ոք հոդաբաշխ պատասխան չունի, հիվանդանոցի տնօրենն էլ չգիտի։ Արդեն երեք օր է՝ պատերազմի մեջ ենք, եւ, բարեբախտաբար, դեռ վիրավորներ չեն բերել Չարենցավանի հիվանդանոց, բերելու դեպքում անհայտ է, թե ինչպես են արագ ու պատշաճ հետազոտելու նրանց։ Ահա այսպիսին է առողջապահության նախարարության ու մարզպետարանների վերաբերմունքը նման՝ փոքր թվացող կարեւոր հարցերի նկատմամբ։