«Սուրմալու» տոնավաճառում, ինչպես կյանքում եւ քաղաքականությունում

«Սուրմալու» տոնավաճառում, ինչպես կյանքում եւ քաղաքականությունում

Հայաստանում սուգ է հայտարարվել Երեւանի «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկեւկես տասնյակից ավելի զոհերի կապակցությամբ: 
Բուն պայթյունի շուրջ իրադարձությունները եւ ՀՀ իշխանությունների արձագանքը մինչ այժմ ինչ-որ ստոպ-կադրերի խառնակույտ, չկապակցված արձագանքների շարան են հիշեցնում: Օգոստոսի 14-ին՝ պայթյունի օրը, բացի ԱԻ նախարարից եւ փոխնախարարներից, կառավարության ոչ մի անդամ ասպարեզում չերեւաց, միայն ԱԺ նախագահն էր գնացել: Հաջորդ օրը՝ առավոտյան, Նիկոլ Փաշինյանը մի երկու պաշտոնյայի ուղեկցությամբ լուռումունջ դեպքի վայր այցելեց` առանց որեւէ հրապարակային խոսք արտաբերելու, կատարվածին գնահատական տալու, ձեռնարկվող քայլերին անդրադառնալու կամ գոնե բացատրելու, թե նախորդ օրը ողջ կառավարության կազմով որտեղ էին, որ Երեւանի կենտրոնում որոտացած պայթյուններից հետո որեւէ մեկը դեպքի վայր չէր այցելում:

Կառավարությունից ոչ ոք տեղում փրկարարների, առողջապահական համակարգի, իրավապահների գործողությունները չէր կոորդինացնում եւ հասարակությանը չէր ներկայացնում:
Ավելին` մինչեւ օգոստոսի 15-ի երեկոյան ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չկար անգամ քրեական գործ հարուցելու (կամ նոր Քրեական դատավարության օրենսգրքի տերմինաբանությամբ` քրեական վարույթ նախաձեռնելու) մասին:

Օգոստոսի 14-ի ուշ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր քրեական վարույթ նախաձեռնելու մասին` հավելելով, թե լայնածավալ քննչական գործողությունները կսկսվեն դեպքի վայրում ընթացող որոնողափրկարարական աշխատանքների ավարտից հետո: Ուրիշ որեւէ տեղեկատվություն իրավապահ համակարգից չկար, եւ նման հրապարակային լռությունն այն աստիճան տարօրինակ էր, որ օգոստոսի 15-ին, աշխատանքային օրվա վերջում անգամ ՀՀ գլխավոր դատախազություն զանգահարեցինք` պարզելու, թե քրեական վարույթ հարուցվա՞ծ է արդյոք, ի՞նչ ընթացքում է: Ժամը 18:00-ին մոտ Գոռ Աբրահամյանի` նախորդ օրվա ֆեյսբուքյան գրառմանը դեռ ոչինչ չունեին ավելացնելու: 

Մեկ-երկու ժամ անց Քննչական կոմիտեից մամլո հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ «Սուրմալու» տոնավաճառում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որ բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել, քրեական վարույթ է իրականացվում, եւ ասվում էր, թե իրականացվում են լայնածավալ քննչական գործողություններ: Հաջորդ օրը Քննչական կոմիտեի նոր հաղորդագրությամբ տեղեկացրին, թե շուրջ երկու տասնյակ անձանց են հարցաքննել: 

Այդուհանդերձ, օրեր են անցել, եւ դեռ որեւէ հոդաբաշխ խոսք չի հնչել այն մասին, թե ով է այն առերեւույթ քրեական հանցագործը (ըստ մամուլի պարզած տեղեկությունների, ոմն ԱՁ Գոհար Մխիթարյան, ՀՀԿ-ական ինչ-որ նախկին պատգամավորի, թե թաղապետի օգնական), որին թույլ է տրվել Երեւանի կենտրոնում տոննաներով պայթուցիկ ու հրդեհավտանգ նյութեր պահեստավորել եւ վաճառել: Եվ դա՝ այն դեպքում, երբ ամենքին էլ հասկանալի է, որ այս առերեւույթ քրեական հանցագործի անձը պարզելը, նրա հանդեպ քննչական գործողություններ իրականացնելը ոչ մի կապ չունեն որոնողափրկարարական աշխատանքների հետ` ո՛չ դրանց սկզբի, ո՛չ ավարտի: Իրավապահ մարմիններին եթե հավատաս, հնարավոր բոլոր վարկածները կարող են քննության առարկա դառնալ: Կապրենք` կտեսնենք, թե ի վերջո որ վարկածը կհաստատեն եւ ինչ կպարզեն, բայց ցանկացած գիտակից մարդու էլ տեսանելի է, որ «Սուրմալու»-ում պատահած դժբախտ պատահարի ակունքները հասարակության եւ իշխանությունների հանցավոր վարքի մեջ են: 

Ո՞վ, ո՞ր իրավունքով եւ ինչո՞ւ է թույլ տվել մի առերեւույթ քրեական հանցագործի բառացիորեն Երեւանի կենտրոնում պայթուցիկ նյութեր պահեստավորել եւ վաճառել, ընդ որում ակնհայտորեն` առանց անվտանգության պայմանների պահպանման (ի վերջո, միանգամայն հնարավոր է, որ հրավառվող նյութերի պահեստում օդի սառեցման համակարգերը բացակայել են, ինչի արդյունքում էլ օդի գերբարձր ջերմաստիճանից նյութերը բռնկվել են` առանց որեւէ մարդկային գործոնի կամ մասնակցության): Հետեւաբար, պահեստավորում եւ վաճառք իրականացրած տնտեսվարողը պետք է առաջին հերթին կալանավորվի, եւ նրան մեղադրանք առաջադրվի: Վերջինիս հետ էլ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն այն պետական պաշտոնյաները, ովքեր թույլ են տվել Երեւանի կենտրոնում պայթուցիկ նյութերի պահեստավորում եւ վաճառք: Մնացյալը` թե ինչպես է հրդեհը բռնկվել, տարածվել, կոնկրետ դեպքի հանգամանքներ են: Բուն եւ հիմնարար հանցագործությունը, որ պետք է օրենքի ողջ խստությամբ պատժվի, պայթուցիկ նյութերի պահեստավորումն է Երեւանի կենտրոնում:

Ես երկյուղում եմ, որ հենց այդ հիմնարար հանցագործությունը կշրջանցվի եւ ստվերի մեջ կթողնվի: Երկյուղում եմ, որ չի էլ պարզվի, թե ինչու եւ ինչպես են կոնկրետ անձի կամ անձանց թույլատրել Երեւանի կենտրոնում տեղակայված տոնավաճառում հրավառ նյութեր պահեստավորել եւ վաճառել: Ավելի շուտ կպարզվի, որ տոնավաճառում միշտ էլ հրավառ նյութերի վաճառքի կետ է եղել, եւ ոչ ոք պատվախնդրություն ու պատասխանատվություն չի ունեցել սովորույթի ուժով շարունակվող վաճառքն արգելելու, ոչ էլ նկատել են, թե երբ է պայթյունավտանգ նյութերի իրացման ու պահեստավորման ծավալն անթույլատրելի չափերի հասել: Հենց այս իներցիոն ընթացքն է բուն դժբախտությունը: Երբ գործարարից մինչեւ պետական պաշտոնյա` սովորության ուժով, միեւնույն կամ տարբեր դեմքերով, նույն անգիտակից ու անպատասխանատու ընթացքը շարունակելով, կրկնում են այն, ինչ նախկինում արվել է:  

Եվ այդ հակաբնական ու հակաբանական, առավելապես կենդանուն վայել վարքը շարունակում են այնքան, մինչեւ մի տապալման կամ դժբախտության բախվեն, նոր այդ մեքենայական ընթացքը կանգնեցնեն: Գոյություն չունեն սեփական ընթացքը վերանայելու, արտաքին փոփոխությունները գնահատելու, նոր իրադրությանը համապատասխանելու ոչ մի մարդկային ազդակ ու ներքին մղում: Եվ սա ամեն քայլափոխի է դրսեւորվում, առօրյա կյանքից մինչեւ քաղաքականություն: Ղարաբաղյան խնդրի ընթացքը` ասվածի օրինակ:     

Քանի կար, Հայաստանում իշխանության եկած ղարաբաղցիներին Իսրայել Օրուց ժառանգած հայացքներով թվում էր, թե Հարավային Կովկասում պետք է հավերժ Ռուսաստան լինի եւ ԼՂՀ-ին հովանավորի, մինչեւ 2020-ին բախվեցին աղետի: Ու չնայած 2020-ը կույրին անգամ տեսանելի դարձրեց, որ Ռուսաստանը ոչ թե դաշնակից կամ հովանավոր է, այլ լավագույն դեպքում` Անկարայի հետ համագործակցող միջնորդ, այդքանից հետո իներցիան, գիտակցության հետ խնդիրներն ու ֆլագմատիզմը շարունակվեցին: Ասենք, երբ ԼՂՀ ԱԳ նախարարը հայտարարում է, թե «Ով ատում է Արցախը, նա ատում է Ռուսաստանին», նրա գիտակցությանը հասնո՞ւմ է, որ Ռուսաստանին ատում է մարդկության կեսը` ընդսմին զարգացած, հզոր ու ազդեցիկ կեսը, ում շնորհիվ ռուսական բանակը ջախջախվում է Ուկրաինայում արդեն քանի ամիս: 

Իսկ ինչն ամենից վատ է, կյանքը ցույց է տալիս, որ քանի իշխանություն էլ փոխվի` իներցիոն ընթացքը, անպատասխանատվությունը եւ ֆլագմատիզմը չեն փոխվում: Սա է, որ հայտարարված սգո օրերին արժե մտորումի առարկա դարձնել: