Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Հուլիսի 4-ին դեպի Արցախ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ նախագահ Հարությունյանը կարևորել է Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներով պարբերական շփումները՝ ԼՂ խաղաղ գործընթացի բովանդակային և միջավայրի հարցերի շուրջ դիրքորոշումները և մոտեցումները ճշգրտելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին և համագործակցության հեռանկարներին անդրադառնալու տեսակետից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշեց. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ ընտրվելու կապակցությամբ և առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել այն կարևորությունը, որ այս ընտրությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին. Արցախի ժողովրդի ձգտումը՝ կառուցելու կայուն, կայացած, անկախ պետություն, որը կառուցում է իր ապագան՝ ըստ համամարդկային և համազգային արժեքների, որոնք հիմնված են մարդու ազատության և ժողովրդավարության վրա: Արցախում կայացած մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրություններն ի ցույց դրեցին Արցախի ժողովրդի և ղեկավարության հաստատակամությունը՝ ամրանդելու և կառուցելու ապագան հենց այդ հիմքերի վրա»: 

«Բազմիցս ընդգծել ենք այն գերակայությունները, որոնց շուրջ կառուցում ենք մեր աշխատանքը. Արցախի ներգրավվածությունը, ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչպես նաև Արցախի անվտանգային համակարգի կայունությունը: Այս կարևորագույն դրույթների հիման վրա մենք կառուցում ենք մեր բոլոր դիրքորոշումները՝ հասկանալով, որ մենք պետք է հասնենք այնպիսի լուծման, որն ընդունելի է  բոլոր երեք կողմերի համար: 

Արցախի կողմի մասնակցությունը խաղաղ բանակցային գործընթացում կարևորագույն խնդիրներից մեկն է և ամենից զատ դա պրակտիկ խնդիր է, քանի որ հարցը վերաբերում է անմիջապես Արցախի ժողովրդին, Արցախի ժողովրդի և Արցախի ղեկավարության մոտ խաղաղ գործընթացի հանդեպ այդ սեփականության զգացման ամրապնդմանը: 

Դրանք սկզբունքային և պրակտիկ հարցեր են գործընթացում ռեալ և շոշափելի առաջընթաց ունենալու համար: Այդ առումով մենք իմ լավ բարեկամ և գործընկեր  պարոն Մայիլյանի հետ այս երկու տարիների ընթացքում ի ցույց ենք դրել մեր կարողությունը՝ շատ սերտ աշխատելու, բանակցելու և համագործակցելու, որպեսզի շատ ավելի լավ ընկալում ունենանք մեր գերակայությունների և դիրքորոշումների վերաբերյալ, և այս երկխոսությունն ու աշխատանքը շարունակվում է»,- նշել է ԱԳ նախարարը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ շարունակվում է աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանգամանալից մտքեր փոխանակվեցին համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ անցկացված վերջին տեսակոնֆերանսի շուրջ: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հասցեագրմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների շուրջ:

Մանրամասները՝ տեսանյութում