Շարունակելով ճանշինի թեման․ «Բլեսկի» տնօրենը պարզաբանում է

Շարունակելով ճանշինի թեման․ «Բլեսկի» տնօրենը պարզաբանում է

Ճանապարհաշինության ոլորտում կոռուպցիոն երեւույթներին ու ռիսկերին, որոնց թելերը տանում են տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն, երկու հոդված էինք նվիրել։ Երեկ մեր հրապարակումներից մեկի առիթով արտահայտվելու ցանկություն է հայտնել «Բլեսկ» ՍՊԸ տնօրեն Վովա Մարտիրոսյանը։ Ընկերությունը երկարամյա փորձ ունի ճանապարհաշինարարության ոլորտում։ Գրել էինք, որ  «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը «Բլեսկ» ՍՊԸ-ին պատվիրել էր Վայոց ձորում գտնվող Հերհերի ջրամբարից դեպի Կարմրաշեն համայնք տանող 12 կիլոմետրանոց կիսաքանդ ճանապարհի վերանորոգումը։ Ջրամբարը պատկանում էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին, որը, փաստորեն, Համաշխարհային բանկի միջոցներով իր ջրամբարի համար ճամփա էր սարքել։ Նախագծումն իրականացրել է «Ճաննախագիծ» ՍՊԸ-ն, որը պատկանում է ՊՈԱԿ-ի աշխատանքը համակարգող Բագրատ Բադալյանի հորը։

«Կապալառուն եղել է «Բլեսկ» անունով ՍՊԸ-ն, որը ռուսաստանյան կազմակերպության մասնաճյուղ է, եւ որի մասնագիտացումը հիդրոշինարարությունն է։ Այս կազմակերպությունն իր կազմում չունի ոչ մի ճանապարհաշինարար ինժեներ, եւ ենթակապալի միջոցով աշխատանքների մի մասը կատարել է «Վայքի ՃՇՇ»-ն, իսկ մյուս մասը՝ «Թալինի ՃՇՇ»-ն, որը բավականին հեռու է գտնվում Վայոց ձորից․․․ Հերհեր-Կարմրաշեն ճանապարհային հատվածի շինարարությանն առնչվող ինժեներներից մեկն այս ճանապարհի հետ կապված մասնագիտական թերություններ էր բացահայտել․ «Նախագծով նախատեսվել են ժայռային գրունտում պայթեցումներ, որոնք չեն արվել, ավելացրել են հողային աշխատանքների ծավալը։ Նախատեսվել եւ իրականացվել է մի քանի հազար քմ քարաթափման դեմ պաշտպանիչ մետաղական ցանց, ընդ որում՝ կիրառվել է շինարարական նորմերին չհամապատասխանող սովորական «ռաբիցա» տիպի ցանց՝ փոխանակ տեղադրելու վեցանկյուն ոլորապտույտ կողմերով մետաղական ցանց»։

«Բլեսկ» ՍՊԸ տնօրեն Վովա Մարտիրոսյանը մեր հրապարակման իրեն վերաբերող մասի հետ կապված՝ պարզաբանում է կատարում։ «Այդ ճանապարհը կառուցվել է ոչ թե ջրամբարի, այլ գյուղի համար։  Մինչեւ ջրամբար ընդամենը երեք կիլոմետր է, բայց ջրամբարից այն կողմ եւս ութ կիլոմետր կա մինչեւ գյուղ, որը եւս կառուցվել է։ Բացի դա, այո, «Բլեսկը» ջրաշինարար կազմակերպություն է, բայց նաեւ ասֆալտով է զբաղվում եւ իր ստեղծման օրից ունի ճանապարհաշինարարական լուրջ թիմ։ Ռաբիցաների՝ ցանցերի վերաբերյալ ասեմ, որ մենք արել ենք այն, ինչ եղել է նախագծում։ Ընդամենը մի 1000 դրամի տարբերություն էր կազմում, եթե հատուկ պաշտպանիչ մետաղական ցանց պատվիրեին, սակայն մեզ պատասխանեցին, որ ռաբիցա ցանցը նախատեսվել է Համաշխարհային բանկի պահանջով։ Մենք էլ արեցինք այն, ինչ գրված էր նախագծում»,- ասում է տնօրենը։

Ըստ տնօրենի՝ Հերհերից Կարմրաշեն տանող ճանապարհը ՀՀ լավագույն ու ամենաորակյալ ճանապարհներից է։ «Միայն 2000 կուբամետր բետոն է արվել։ Ե՛վ ժողովուրդն էր հիացած, ե՛ւ գյուղապետը։ Մենք այդ ճանապարհը կառուցելու համար նախագծվածից 300 մլն դրամով ավելի էժան գին ենք առաջարկել ու շահել, իսկ ընթացքում արժեքը եւս 50 մլն դրամով  իջեցվել է»։ Փաստորեն, շինարարությունը նախագծածից 350 մլն դրամ էժան է նստել, դուք այստեղ կոռուպցիոն ռիսկ չե՞ք տեսնում։ «Մենք իջեցրել ենք զուտ, որ շահենք, ու հիմնարկը գործ ունենա։ Հեղափոխությունից հետո ինձ մոտ երեք ամիս ստուգումներ են անցկացրել ու 12.8 մլրդ-ի կատարած աշխատանքներում ընդամենը մոտ 1 մլն դրամի խախտում են հայտնաբերել։ Դա էլ կարող էի վիճարկել, բայց չուզեցի գլուխ դնել։ Ստուգողներն էլ չէին հավատում, որ այդ շրջանում աշխատել է մարդ, որը գործել է զուտ օրենքի շրջանակներում»։

Այնուամենայնիվ, Հերհեր-Կարմրաշեն հատվածում թերություններ էին եղել շինարարության ընթացքում, ճանապարհը քանդվել է։ «Բլեսկի» տնօրենը հակադարձեց․ «70 հազար քառակուսի մետրի մեջ երկու հազար մետր նորից վերականգնվել է, բայց դա մի տոկոսն էլ չի կազմում։ Դա էլ մեր մեղքը չէր, այլ այնտեղ ժամանակավոր հավաքվող ջրեր էին կուտակվել, ինչն անսպասելի էր։ Դա ո՛չ նախագծողն է նկատել, ո՛չ էլ շինարարության փուլում էր հնարավոր բացահայտել»։ Հարցին, թե ինչու պայթեցումներ չեն արվել, Մարտիրոսյանը պատասխանեց, որ պայթեցումների փոխարեն օգտագործվել է հիդրոմուրճ։ «Դա պայթեցումից ավելի էժան տեխնոլոգիա է, որի հաշվին մենք տնտեսում արեցինք։ Այդ հատվածում պայթեցում անելն անհնար էր, որովհետեւ պայթեցված քարերը կլցվեին կա՛մ լիճը, կա՛մ էլ ներքեւում գտնվող շինությունների վրա»,- ասաց նա։