Չեմ պատկերացնում, թե ինչպես է պայմանագիր ստորագրվելու ադրբեջանական ռազմական շանտաժի պայմաններում

Չեմ պատկերացնում, թե ինչպես է պայմանագիր ստորագրվելու ադրբեջանական ռազմական շանտաժի պայմաններում

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Արցախի Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը

-Պարոն Մելիքյան, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի եռակողմ վերջին հանդիպումից։ 

-Չասենք ակնկալիքներ, ասենք՝ հետևանքներ: Իսկ հետևանքները կարող են լինել և անմիջապես գործնական, ինչպես, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխվարչապետերի հադիպումը, այնպես էլ ավելի տևական ժամանակի մեջ իրենց զգացնել տվող՝ իրավաքաղաքական որակներով օժտված: Դրանց թվին կարելի է դասել Շառլ Միշելի կողմից կիրառված էթնիկ հայերի իրավունքների մասին ասածը: Իր քաղաքական բացասական հետևանքներով երկրորդն առաջինից շատ ավելի մեծ բացասական ներուժ ունի: 

-Շառլ Միշելը նշել է հանդիպմանը քննարկված թեմաները, կոնկրետ հարցերը: Հայկական կողմին ի՞նչ կարող է տալ այս ամենը: 

-Հայկական կողմի համար այս ամենը ՀՀ տարածքային ամբողջականության վերականգման և անվտանգության ապահովման տեսանկյունից առայժմ ոչ մի իրական երաշխիք չի պարունակում: Ադրբեջանն ու ԵՄ-ն շահում են՝ Շառլ Միշելի կողմից շրջանառության մեջ դրվող բանակցային եզրույթներն ադրբեջանահաճո են, իսկ Բաքվի՝ ԵՄ-ին էներգակիրներ մատակարարելու խոստումներն էլ պահաջված են վերջինիս կողմից: 

-Նշվում է, որ լիդերները պայմանավորվել են շարունակել քննարկումները ապագա խաղաղության համաձայնագրի շուրջ, որը կկարգավորի միջպետական հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Ի՞նչ է սա նշանակում: 

-Առնվազն սա պետք է նշանակի, որ Ալիևն ու Փաշինյանը պետք է միմյանց հետ համաձայնեցնեն ապագա միջպետական պայմանագրի սկզբունքները, ապա դրանց հիման վրա պայմանագրի տեքստը պատրաստվի ու քննարկվի նախ իրենց կողմից, հետո դրվի լայն շրջանառության մեջ, հանրայնացվի: Ես, այդուհանդերձ, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է նման պայմանագիր ստորագրման պատրաստվել ադրբեջանական բացահայտ ռազմական շանտաժի պայմաններում: 

-Տեսակետներ են հնչում, որ այս ձևով ոչ թե Արցախի նշաձողն է իջեցվում, այլ ամբողջությամբ վերացվում է: 

-Մտավախությունը տեղին է: Ամեն դեպքում, Արցախի իշխանությունները պետք է գիտակցեն, որ այժմ պարտադրված են լինելու էապես բարձրացնել սեփական քաղաքական ակտիվության մակարդակն ու ներգրավվածության աստիճանը: Խոսքը հախուռն ու զգացմունքային ելույթների մասին չէ՝ համապատասխան մասնագիտական աշխատանք կատարելու դեպքում, կարծում եմ, որ հնարավոր կլինի պաշտոնական Ստեփանակերտի ասելիքը լսելի ու ընկալելի դարձնել միջազգային գործընկերների համար: 

-Հայաստանի վարչապետն ինչո՞ւ նման հարթակներում չի բարձրացնում ռազմագերիների հարցը: 

-Ես չեմ համաձայնի այդ պնդման հետ: Ամեն դեպքում հայ ռազմագերիների և Ադրբեջանի կողմից ապօրինաբար անազատության մեջ պահվող ու կտտանքների ենթարկվող հայազգի քաղաքացիների ազատ արձակման պահանջը հայ պաշտոնատարների կողմից պարբերար հնչեցվում է տարբեր միջազգային հարթակներում: Այլ հարց է, թե արդյոք բացի այս հարցի արծարծումից կան նաև այլ միջոցներ Բաքվի մերժողականությունը հաղթահարելու համար: