Մեր երկարող սահմանն ու քարտեզը ոնց ուզում, այնպես էլ գծում են

Մեր երկարող սահմանն ու քարտեզը ոնց ուզում, այնպես էլ գծում են

Պատերազմի 44 օրերը, որոնք եզրափակվեցին նոյեմբերի 10-ի հայտարարությամբ, Հայաստանի ու Արցախի համար նոր սահմաններ են գծել դե ֆակտո և գծելու են դե յուրե։ Սակայն այս պահին փորձագիտական, մասնագիտական շրջանակներն անգամ աղոտ պատկերացումներ ունեն։ Միակ անխախտ հայտնին այն է, որ այսուհետ ՀՀ-ի և Արցախի պահպանվող տարածքները երկարելու են ևս 410 կիլոմետրով և դառնալու են շուրջ 1410 կմ:

«410 կիլոմետր երկարել է առաջնագիծը։ Այս պահին վերջնական ոչինչ պարզ չէ, քանի որ այսօր քարտեզը ոնց ուզում, գծում են և այս պահին իրենք իրենցով ադրբեջանցիների հետ բանակցում են։ Եվ կարելի է ասել, որ անտերություն է, ու սահմանի գծով ոչ ոք չի զբաղվում։ Դրա համար վերջնական թիվ այսօր հնարավոր չէ ասել»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։  

Նրա բացատրությամբ՝ առաջնագիծը երկարում է բնագծերի փոփոխության հաշվին։ Բացատրում է․ «Այսինքն՝ սարով, ձորով, եթե առաջ ուղիղ գիծ էր, հիմա կարող է այդ գիծը ֆռռա, շրջագծեր անի այս ու այն կողմ։ Եվ մինչև հիմա նույնիսկ պարզ չէ` Քարվաճառի բնագիծը որն է, ոնց է գծվել, որովհետև ռուսական Գենշտաբի քարտեզներով ու փաստացիով ոչ մի բան չի համընկնում։ Օրինակ՝ գյուղեր կան, որ Մարտակերտի շրջան են, բայց  հանձնվում են։ Կամ` Հադրութի շրջանի»։

60-70 կիլոմետրով փոփոխվել է նաև Սյունիքի պահպանվող սահմանի երկարությունը, քանի որ սահմանակից է Զանգելանի շրջանը, որը մտնում էր ադրբեջանական վերահսկողության տակ անցած Քարվաճառի տարածք։
«Մեղրու մի կողմը Իրանի Իսլամական Հանրապետությունն է, մյուս կողմից Նախիջևանի հետ սահման ունենք, 70 կիլոմետր, դա մեր Մեղրու գունդն էր պահում, հիմա մի հատ էլ 70 կմ արդեն Արցախի կողմից է ավելացել»,- «Հրապարակի» հետ զրույցում մեկնաբանեց Մեղրու քաղաքապետ Մխիթար Զաքարյանը։  

Եվ սա` այն դեպքում, երբ հայ-իրանական սահմանը դեռ ռուս սահմանապահներն են պահում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի հայտարարությամբ, որպես 9-րդ կետ, մտավ ճանապարհների կառուցումը, որով Նախիջևանը պետք է կապվի Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ։ Մինչ ոմանք Հայաստանում Սյունիքով մտահոգվածներին փորձում են հանգստացնել նրանով, թե «հլը ո՞ւր ես, ճանապարհների կառուցումը տարիներ է տևելու», պարզվում է, այնքան էլ ամեն ինչ խոսակցությունների մակարդակով չէ, քանի որ թանաքը դեռ թղթին չչորացած՝ ռուս սահմանապահների հետ Մեղրի են այցելել ռուսական «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները և ուսումնասիրել տեղանքը։ «Ասել են, որ սա հեռանկարային հարց է, էս պահին ոչ մի կոնկրետ բան չկա։ Բայց խոսքը երկաթուղու մասին է։ Նայել են, գնացել»,- փոխանցեց քաղաքապետը։

Հիշեցման կարգով` այս հատվածում էր  խորհրդային տարիներին գոյություն ունեցող Բաքու-Երևան երկաթգիծը։

Մեղրու քաղաքապետը հերքում է, թե այդ թվում երկրի հարավից՝ սահմանից, ինչ-որ դիվերսիոն խմբեր են թափանցում Հայաստան։ Ասաց․ «Մարդիկ գրգռված են պատերազմի ժամանակ, բայց տենց ոչ մի փաստ չկա, էլի։ Հստակ, հաստատված, իրավապահների կողմից հաստատված։ Չկա»։