Արամ Սիմոնյանի հրաժարականից առաջ եւ հետո

Արամ Սիմոնյանի հրաժարականից առաջ եւ հետո

«Ես պարտավո՞ր եմ իմ անելիքների մասին զեկուցել որեւէ մեկին, դե, եթե պարտավոր չեմ, ուրեմն չեմ պատասխանում Ձեր հարցին»,- ասաց ԵՊՀ նախկին պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանը, երբ հարցրինք, թե հնարավո՞ր է, որ ինքը հավակնի ԵՊՀ ռեկտորի պաշտոնին։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Արամ Սիմոնյանը Գեղամ Գեւորգյանին հեռացրել էր պրոռեկտորի պաշտոնից՝ անվստահության հիմքով, Արամ Սիմոնյանը նրան կասկածում էր իր թիկունքում իշխանությունների հետ համաձայնությունների գալու մեջ։ Գեւորգյանին հարցրինք, թե ինչ կասի Սիմոնյանի հրաժարականի վերաբերյալ, չէ՞ որ նա ասել էր, որ պայքարելու է, իր համար սպասելի՞ էր ռեկտորի հրաժարականը։

«Ես զրոյական վերաբերմունք ունեմ Արամ Սիմոնյանի հրաժարականի վերաբերյալ»,- ասաց Գեւորգյանը՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել։ Նշենք, որ որպես ռեկտորի պոտենցիալ թեկնածուի՝ բացի Գեւորգյանից, շրջանառվում է Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի անունը, որը մշտապես հանդես է եկել Սիմոնյանին ընդդիմադիր կեցվածքով։ Վերջինիս հետ կապ հաստատել չհաջողվեց։

Հիշեցնենք, որ նախօրեին 13 տարի պաշտոնավարումից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն անսպասելի հրաժարական ներկայացրեց։ Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուսանողների առջեւ դուռ փակած ռեկտորը Հայաստանում անելիք չունի, Սիմոնյանի դեմ նաեւ քրեական գործ կա հարուցված՝ կաշառքի մեղադրանքով։  

Հարցին, թե սպասելի՞ էր իր համար ռեկտորի հրաժարականը, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանն պատասխանեց։ «Որպես այդպիսին՝ սպասելի չէր, որ այդ օրը պետք է հրաժարական տա, բայց ես նախորդ հարցազրույցների ժամանակ ասել եմ, որ բուհը չի կարող այդ պարագայում երկար գոյատեւել, երբ որ պետական մեծ նշանակություն ունեցող օղակ է, բայց այդ օղակը պետական որեւէ աջակցություն չունի։ Հատկապես վերջին կարեւոր իրադարձությունների ֆոնին, երբ հնարավոր էր, որ բուհի 100-ամյակը չնշվեր, երբ ԵՊՀ-ն, ինչպես ռեկտորը նշեց, միշտ էլ մեծ շուքով է նշել հիմնադրման տարեթիվը։ Դա էր առիթը, որ ներկայացրեց իր հրաժարականը, բայց ես կարծում եմ, որ որեւէ պետական ճնշում չի եղել։ Ճանաչելով Արամ Սիմոնյանի նվիրվածությունը թեկուզ հենց բուհի ապագային՝ ցանկացած մարդ, կարծում եմ, հենց այդպես էլ կվարվեր, որովհետեւ ավելի լավ է դուրս գալ այս կռվից, միջանձնային լարված հարաբերությունների հետեւանքով բուհը դեպի անդունդը չտանել, քան թե շարունակել պայքարը՝ բուհը կործանման տանելով»։

Արամ Սիմոնյանի հրաժարականը կհանդարտեցնի՞ ԵՊՀ-ի շուրջ լարված իրավիճակը, թե՞ ավելի կսրի՝ նկատի ունենալով, որ առջեւում ռեկտորի ընտրություններն ու 100-ամյակի միջոցառումներն են։ Ափոյանը պատասխանեց․ «Հիմա շատ բարդ է այդ հարցին պատասխանելը, որովհետեւ կառավարության դիրքորոշումն այս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ մենք հասկացանք, որ ոչ ի նպաստ բուհի է, այստեղ կան քաղաքական շահեր։ Երբ որ մենք պետական մակարդակով հայտարարություններ ենք լսում, որ «ունենք քաղաքական որոշում, որ բուհի ռեկտորը պետք է փոխվի», ես չեմ կարող ասել՝ արդյոք վաղը չե՞նք ունենա քաղաքական որոշում, որ բուհը պետք է այս կամ այն ուղղությամբ գնա։ Սա ինձ տանջող հարց է, որովհետեւ եթե մենք մի կողմից խոսում ենք բուհի ինքնավարության մասին, իսկ մյուս կողմից քաղաքական որոշումներով փորձում ենք սահմանափակել բուհի ինքնավարությունը, ապա այստեղ հարց է գալիս, թե արդյոք հետագա քայլերն ի նպաստ բո՞ւհի կլինեն, այդ քայլերի հիմքում կլինի՞ բուհի շահը, թե՞ էլի ինչ-որ քաղաքական որոշումներ կլինեն։ Սրանք ինձ համար տարօրինակ են, ես կարող եմ  ասել, որ մեր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ անելու ենք, որ բոլոր քայլերը գնան ի նպաստ բուհի, այլ ոչ քաղաքական նպատակների»։

Սիմոնյանն իր հրաժարականի տեքստում ասաց, որ եթե ինքը հրաժարական չտար, ապա իրեն կհեռացնեին ապօրինի ճանապարհով, իշխանությունը պատրաստվում է փոխել հոգաբարձուների խորհրդի ողջ կազմը եւ այն համալրել կամակատարներով, որ ռեկտորին փոխելը հնարավոր դառնա։ Ափոյանին հարցրինք, թե Սիմոնյանը ճնշումների մասի՞ն էր խոսում։ «Այդ ամենը մեզ իրոք հիմքեր տալիս է մտածելու այդ ուղղությամբ, մենք միամիտ կլինենք, եթե վարչապետի ու մի շարք պետական պաշտոնյաների հայտարարությունները ճնշումներ չհամարենք, բայց ընթացքում չեմ կարծում, որ ինչ-որ կտրուկ փոփոխություն եղած լինի։ Ես կարծում եմ, որ Սիմոնյանի որոշումն ամենախելամիտ որոշումն էր, որ եթե մյուս կողմը չի զիջում, բուհի ապագայով մտահոգված չէ, 100-ամյակը տոնելով մտահոգված չէ, ապա պետք է ավելի ուժեղ գտնվի այն մարդը, որը մտահոգված է։ Ես այդ ամենը համարում եմ ճնշում, բայց բուհը կարող էր այս տեմպերով շարունակել, ուղղակի այս անհամաձայնությունները խոչընդոտ հանդիսացան»։

Դավիթ Ափոյանին խնդրեցինք, որ ո՛չ որպես ՈՒԽ նախագահ եւ ո՛չ որպես հոգաբարձուների խորհրդի անդամ, այլ որպես ԵՊՀ ուսանող՝ գնահատական տա, թե ինչպիսի ռեկտոր է եղել Սիմոնյանը։ Ափոյանի կարծիքով՝ Սիմոնյանի քայլերը միշտ ուղղված են եղել բուհի բարեկեցությանը․ «Ես Արամ Սիմոնյանի ղեկավարման տարիներին ծանոթ եմ 2012 թվականից՝ 2 տարվա ընդմիջումով, երբ մեկնեցի զինվորական ծառայության, եւ կարող եմ ասել, որ այդ ընթացքում բուհը հետ չի գնացել, այլ՝ առաջ։ Ես սովորաբար շատ զուսպ եմ համեմատություններ անցկացնելիս, հնարավոր է մեկ ուրիշն ավելի լավը լիներ կամ ավելի վատը, բայց ես կարծում եմ, որ Սիմոնյանը հնարավորությունների սահմաններում փորձել է բուհն առաջ տանել։ Որոշ հարցերում կարող էր եւ ավելի լավը լինել, գուցե որոշ հարցերում թերացել է, բայց ես կարծում եմ, որ իր հնարավորության սահմաններում նա փորձել է բուհի համար լավն անել, եւ իր վերջին քայլը, որ հանուն բուհի ապագայի նա զիջեց իր աթոռը, վկայում է այդ մասին, որ իր գործողություններն ուղղված են եղել դեպի բուհի բարեկեցությունը»։
Իսկ հնարավո՞ր է, որ Սիմոնյանի հրաժարականից հետո ինքն էլ հրաժարական տա։ «Բացառվում է»,- ասաց ՈւԽ նախագահը։ «Առայժմ ես ոչ մի հիմք չեմ տեսնում, որ հրաժարական տամ, եւ ՈՒԽ նախագահի պաշտոնը որեւէ կապ չունի ԵՊՀ վարչական ապարատի որեւէ ներկայացուցչի հրաժարականի հետ, ուսանողական խորհուրդը բուհի ներսում ինքնավար մարմին է»։