Ռուս-ադրբեջանական գազային գործարքը հարցեր է առաջացնում

Ռուս-ադրբեջանական գազային գործարքը հարցեր է առաջացնում

Ադրբեջանը սկսել է գազ ներկրել Ռուսաստանից։ Գործարքը, որի համաձայն իրականացվում է գազի ներկրումը, թույլ է տալիս Բաքվին ամբողջովին ծածկել ներքին պահանջարկը։ Սակայն երբ այս գործարքը համադրում ենք Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ կնքված գազային գործարքի հետ, բավականին հետաքրքիր հարցեր են առաջանում։ Նախ հետաքրքիր է, որ ռուս-ադրբեջանական գազային գործարքը կքնվել է նոյեմբերի կեսերին, այսինքն՝ ձմեռային գազի պահանջարկի ամենածանրաբռնված սեզոնի շեմին։ Ստացվում է, որ մի կողմից Ադրբեջանը ռուսական գազով ծածկելու է սեփական ներքին պահանջարկը, մյուս կողմից՝ արդեն սեփական գազային ռեսուրսների հաշվին իրականացնելու է Եվրոպա, ինչպես նաեւ՝ Թուրքիա եւ Վրաստան գազի մատակարարումների իրականացման իր պարտավորությունները։

Որքան էլ թե Բաքվում եւ թե Բրյուսելում փորձեն ԵՄ-Ադրբեջան գազային գործարքը ներկայացնել «ամեն ինչ կարգին է» կարգախոսի ներքո, դեռ սեպտեմբերից հայտնի էր, որ Ադրբեջանը չի կարողանա ամբողջ ծավալով այդ գործարքն իրականացնել, քանի որ գործարքով նախապես 10 իսկ հետո արդեն 12 միլիարդ խոնարարդ մետր ծավալի գազի մատակարարումները Եվրոպա չափազանց ծանր բեռ են Ադրբեջանի գազային սեկտորի համար։ Ու պատահական չէ, որ դեռ սեպտեմբերին Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը հայտարարել էր, որ ընթացիկ տարում Բաքուն կկարողանա Եվրոպա մատակարարել միայն 11,5 միլիարդ խոնարարդ մետր գազ։ ԵՄ կողմից Ռուսաստանի դեմ սահմանված էներգակիրային սանկցիաները չեն տարածվում Ադրբեջանի վրա։ Բաքուն կարող է ներկրել այնքան ռուսական գազ, որքան ուզում է։

Ստացվում է, որ Ադրբեջանը ԵՄ հետ ունեցած գործարքը իրականացնելու համար Եվրոպա մատակարարելու է ոչ ավել ոչ պակաս, քան ռուսական գազ։ Ու սա այն դեպքում, երբ ԵՄ-Ադրբեջան գազային գործարքը կնքվել էր, որպեսզի նվազեցվեր ԵՄ՝ Ռուսաստանից ունեցած գազային կախվածությունը։ Եւ չպետք է մոռանալ, որ ԵՄ-Ադրբեջան գազային գործարքի համաձայն, արդեն 2027 թվականին Ադրբեջանը Հարավային գազային միջանցքով պետք է ԵՄ մատակարարեր 20 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ստացվում է, ԵՄ գազային դիվերսիֆիկացիան պարզապես ֆիկցիա է ստացվում եւ ոչ ավելին։ Ու Եվրամիությունը դեռ պետք է հասկանա, թե ինչ «ծուղակում» է հայտնվել Բաքվի հետ նման գործարքի գնալով։