Ենթադրյալ առևանգված օդանավը պատկանում է նորաբաց «Fly Armenia» ընկերությանը

Ենթադրյալ առևանգված օդանավը պատկանում է նորաբաց «Fly Armenia» ընկերությանը

Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ փետրվարի 21-ին ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին: 

«Օդանավը թռիչք է կատարել էստոնական Տալլինից, և, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երևանում: Բայց դրա փոխարեն օդում որոշում է կայացվել գնալ Էմիրաթներ, տեխսպասարկման: Եվ «տեխնիկական անսարքության պատճառով» վայրէջք է կատարել Թեհրանում»,-գրել է Ճաղարյանը՝ հռետորական հարց հնչեցնելով, «Հայկական օդանավի առևանգու՞մ,
հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում»։

Որոշ ժամանակ անց Քաղավիացիայի կոմիտեից արձագանքել էին հրապարակմանը՝ նշելով, որ օդանավի առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից: 

«Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշել էին կոմիտեից։

Մենք տեղեկացանք, որ հայկական գրանցման EK-FAA համարանիշով Boeing-737 օդանավը պատկանում է հայկական նորաբաց Fly Armenia ընկերությանը։

Ի դեպ, մեզ ասացին, որ օդանավ առևանգելն այդքան հեշտ գործ չէ, ուստի այստեղ, հավանաբար, այլ բան է տեղի ունեցել։

Մենք զանգահարեցինք ընկերության գրասենյակ, զանգին պատասխանեց Նարինեն՝ ներկայանալով որպես մարկետինգի բաժնի ղեկավար։ Նա նախ ասաց, որ ընկերությունն այս պահին դեռ թռիչքներ չի իրականացնում, ավիատոմսերի դեռևս չկան վաճառքում։

Ապա փորձեցինք ճշտել՝ ենթադրյալ առևանգված օդանավն իսկապե՞ս իրենց ընկերությանն է պատկանում։ Ընկերության աշխատակցուհին ոչ հերքեց, ոչ հաստատեց, փոխարենը խնդրեց գրավոր ուղղել հարցերը։

«Տեսեք, տվյալ հարցին մենք հիմա գրավոր ենք պատասխանում, խնդրում ենք Ձեր հարցերն ուղղել գրավոր տեսքով, մեր էլեկտրոնային հասցեին, և մենք կպատասխանենք օրվա ընթացքում»,-ասաց նա։

Իսկ չկա՞ այնպիսի մեկը ընկերությունում, ով կարող է մեր հարցին նաև բանավոր պատասխանել, Fly Armenia-ից ասացին՝ տվյալ հարցին միայն գրավոր են պատասխանում։ Թե ինչու, չհասկացանք։