Ներկա իշխանությունների վերջնակետերը

Ներկա իշխանությունների վերջնակետերը

«Սասնա Ծռեր»-ի դատավարությունը և Ամուլսարի հարցը կախված են բռնի իշխողների վզից ու փաթաթված են ժողովրդավարության պարանոցին: Խոստացված, ինչպես նաև՝ չխոստացված, բայց հեղափոխական տրամաբանությամբ պահանջվող բազմաթիվ մեծ ու մանր կենսական հարցերի շարքում այս երկու հարցերը եղել են ու մնալու են հեղափոխություն խոստացած իշխանության ճիտին պարտքը: Արանքում՝ ազգն ու երկրի ապագան են: Եթե դարձյալ ժողովրդի պահանջներին դեմ որոշումներ կայացվեն, եթե «Սասնա Ծռեր»-ի դատավարության և Ամուլսարի հարցերը, նախկինների նույն մեթոդներով, վճռվեն անօրենությամբ, կլինեն ներկա իշխանությունների վերջնակետերը: Երկու անկյունաքարային,  ավելի ճիշտ՝ հիմքի ու առաստաղի կետեր, որոնց շնորհիվ է շինությունը լինում շինություն: Ժողովրդի շենք-շինությունն էլ անվտանգ երկիրն է: Չկա ժողովրդավարություն՝ առանց ժողովրդի անվտանգության և առողջապահական ու սոցիալական ապահովության հիմքի:
 

Այս կենսական խնդիրների համար են պայքարել և պայքարում թե՛ Ամուլսարի պահապանները, թե՛ «Սասնա Ծռեր»-ը, որոնք մարմնավորում են ազգի սերուցքը, հետևաբար՝ ժողովրդին, որն էլ ապահովում է շարունակական գոյություն, և պայքարողների քանակն այստեղ ոչ մի կապ չունի: Սովորաբար սերուցքը բուն նյութի տարողությունից շատ քիչ է լինում, բայց կանգնում է պարունակության երեսին և իրենով ծածկում է ամբողջ բաղադրությունը, իր վրա վերցնում դրսից իջնող բոլոր հարվածները: Այդպես էլ, ազգի գոյութենական ոտնձգությունների դեմ ապստամբած «Սասնա Ծռեր»-ի կամ այդ ոտնձգություններից Ամուլսարը պաշտպանողների ընդվզումով հենց ժողովրդի կամքն է արտահայտվում, որը սակայն բռնադատվում է նախկին ու մերօրյա «դատավարություններում»:

2016-ին ժողովրդի անմիջական սատարմանն արժանացած ապստամբությունն էր, որ թեև դաժան բռնություններով ճնշվեց, արդյունքում 2018-ին բերեց համաժողովրդական նոր ընդվզում, որի շնորհիվ էլ ինչ-ինչ ուժեր իշխանափոխություն արեցին: Բայց, արի ու տես, իրենց թավշյա կոչող և հեղափոխական հայտարարած ներկաները ապստամբներին շարունակում են մեղադրել նախկինների ոգով, մեթոդներով ու տրամաբանությամբ սարքած ապօրինի գործերով: «Նոր»-ն իրեն թավշյա է անվանում, սակայն իր «թավիշը» կիրառում է միայն նախկին հանցագործների ու ժողովրդի վրա կրակած մարդասպանների նկատմամբ, իսկ սարքովի մեղադրանքներով դատվողներին պահում է ճաղերի ետևում ու պայքարողներին սպառնում ձերբակալել: Փոխարենը փակեն հանքամոլների դռները, բացեն ժողովրդավարության և քաղբանտարկյալներին կալանքի տակ պահող զնդանները, հակառակն են անում՝ բացում են երկիրն անապատացնող հանքեր և փակում են Ամուլսարի պահապանների պահանջները:

Նախկինների նույն ձեռագրով, կրկին նախկինների սին  պատճառաբանությունները մեջտեղ բերելով՝ պնդել, թե պայքարողներն ամբողջ ժողովրդի կամքը չեն արտահայտում, թե մի քանի հազար մարդ էին հավաքվում, իսկ հիմա մի քանի տասնյակ են պայքարում, նշանակում է բացահայտել նախկինների դեռևս իշխող ներկայությունը և բիրտ մեթոդներով կալանավորել ժողովրդավարությունը: Նշանակում է, ազատ գործելու հնարավորություն ընձեռելով, աշխատեցնել բռնապետական ռեժիմ, որը, վաղ թե ուշ, ծնելու է նոր ընդվզում:

Օգոստոսի 12-ին՝ այս միացյալ նախկինաներկաները ուզում են մեղադրական դատավճիռ կայացնել «Սասնա Ծռեր» խմբավորման առանձին դատվող անդամների հանդեպ և ազատ չարձակել ոչ միայն սարքովի գործերով սպանության մեջ մեղադրվող Արմեն Բիլյանին ու Սմբատ Բարսեղյանին, այլ նաև մյուս ապստամբներին, որոնք դեռևս քաղաքական հետապնդման են ենթարկվում: Եթե նման դատավճիռ կայացվի, իսկ Ամուլսարից չհեռացվեն ուրանաոսկու տենդով բռնվածներն ու Հայաստանն անապատացնելու ծրագրով հանք շահագործել փորձողները, այս երկու հարցերը կլինեն մեր երկրի երկամյա խաբկանքի վերջակետը և ներկա իշխանությունների վերջը: 

«Սասնա Ծռեր»-ի գործով դատավորի վճիռը կայացնելուց առաջ, դատախազը, դիպչելով գործից անտեղյակ ունկնդիրների զգացմունքային նուրբ լարերին և նայելով պատվիրատուի երեսը, իր շինծու ճառն է ասելու, իսկ պաշտպաններն ու «ամբաստանյալները» իրենց հերթական խոսքերը կհղեն հանրությանը՝ աշխատելով մարդկանց գիտակցությանը հասցնել մի պարզ ու հասարակ ճշմարտություն. առանց 2016-ի ապստամբական ընդվզումների և 2018-ի քաղաքացիական անհնազանդությունների բռնակալներից ժողովրդի գլխին «մանանա» չէր ընկնելու, հաշտության որոշումներ չէին կայացվելու: Իսկ բանակցություններում և համաձայնություններում բոլոր կողմերն էլ իրենց ստանալիքն են պաշտպանում: Նախկին բռնապետության ստանալիքն այն էր, որ ինքը չդատվեր և իր փոխարեն գտներ մեկին, ով իրեն չի դատի, ավելին, կիրականացնի իր պակաս թողածը: Ո՞րն է ներկա իշխանությունների ստանալիքը «Սասնա Ծռեր»-ի դատավարությունից և Ամուլսարից: 

Այլևս պահանջ է հասունացել, որ անձամբ Վարչապետը բացեիբաց հայտնի իր դիրքորոշումը և հերքի կամ հաստատի իր իսկ արտահայտած խոսքերն այն մասին, որ «Սասնա Ծռեր» խմբավորումն ապստամբել էր բռնապետության դեմ, իսկ Ամուլսարի հարցում չի կայացվի աչառու որոշում: Սրանք, իշխանությունների թաքուն կամ բացահայտված մղումներից անկախ, ժողովրդի և ժողովրդավարության տրամաբանության պահանջն են: Ո՞վ չի հասկանում, որ Ամուլսարի ու «Սասնա Ծռեր»-ի գործերը ժողովրդի և բռնատիրությամբ ու թալանով ունեցվածք դիզած իշխողի բախումներ են: Հասկանում են բոլորը, բայց արդեն զարտուղի ճամփեքի սովորները դեռ ընտրում են ապագա չունեցող վատ այլընտրանքներ, որ կարողանան  գործարքի գնալ և իրենց ուզածը ստանալ, առանց քրտինք թափելու մի տաքուկ տեղ ձեռք գցել: Եվ որքան վերևներից հովանավորվող, այնքան կերակրատաշտին մոտիկ: Դե իսկ ազգային շահով ու պետականաշինությամբ առաջնորդվողներից խուսափում են, քանզի գիտեն, որ նրանք իրենց փորն ու քսակը չեն լցնելու, այլ՝ երկրի: Ուստի ոչ թե հարմար տեղավորվողին, այլ աշխատողին են առաջ քաշելու: 

Հիմա վերևներից հանրության մեջ արմատավորվում է մի վատ սովորություն, ըստ որի՝ բոլոր խնդիրներում հնարավորինս մեղադրվում են քաղաքացիները: Այն նույն քաղաքացիները, որոնց շնորհիվ հնարավորություն ստացել, իշխանության են հասել և որոնց քվեարկությամբ են բազմել երկրի կառավարման գահին: Ցավոք, այդ նույն քաղաքացիների աչքի առաջ և ի ցույց նրանց, «թավշապատվում» են հանցանքներն ու բռնությունները, մեղադրվում են «Սասնա Ծռեր»-ն ու ազգի պահապանները՝ շարունակելով անօրինություններ հովանավորել և կամայականության իշխանություն պարտադրել:

Ահա թե ինչու են ոչ թե հանցագործները, այլ ազգի նվիրյալները դատվում, որոնք համաժողովրդական հեղաշրջումով իշխանության եկած կառավարության օրոք անգամ շարունակում են քաղաքական հալածանքների ենթարկվել: Հենց դա էլ տապալելու է ներկա կառավարության, ոչ մի համընթաց քամի չունեցող, օդապարուկը, քանզի մանրումեծ խոսքադրժանքներից ու հակաազգային ծրագրերից զատ, արդեն առկա է ներկա կառավարման համակարգի, առողջապահության ու սոցիալական ճգնաժամ, որի պայմաններում ժողովրդի համբերության բաժակը, ի վերջո, լցվելու է՝ իշխողներին ստիպելով առերեսվել իրականության հետ: Թագավարակը պատճառ չէ. եթե վերևինները ցանկանային, համաճարակը կօգտագործեին ազգաբնակչությանը համախմբելու, այլ ոչ թե պառակտելու և անօգնական դարձնելու համար: Ուրեմն «Սասնա Ծռերի»-ի դատավարությունը չի կարելի ավարտել մեղադրական դատավճիռներով ու նոր կալանավորումներով, իսկ Ամուլսարի հարցում պետք է կատարել ժողովրդի պահանջը: Որովհետև անցել են ժամանակները, երբ պետական մակարդակով տեռորը, սպանություններն ու ահաբեկումները կարող են մատուցվել որպես բարեգործություն ու մարսվել իշխողի կամքով, իսկ ազգային խնդիրների բարձրաձայնումը համարվել ահաբեկչություն: Բոլորն են տեսնում, որ ապստամբների գլխին երկու ոստիկանի սպանության գործ են ջարդել, սակայն այդպես էլ դատարանում չհնչեցին հիմնավոր և բավարար ապացույցներ, իսկ նախաքննության նյութերը, որոնք կարող էին լույս սփռել շատ հարցերի վրա, անգամ պաշտպաններին ցույց չտվեցին: Գաղտնի՞ են պահում, ինչպես որ իբր գաղտնի է պահվում Ամուլսարի շահագործման վտանգների իրական պատկերը: Մինչև ե՞րբ պետք է ժողովրդից օտարված մնան արդարությունն ու օրինականությունը:

Այլևս կասկած չկա, որ մեր երկրում իշխում է այն նույն բռնատիրությունը, որի դեմ երկու տարի առաջ համաժողովրդական ընդվզում է եղել: Ուրեմն ներկա իշխանությունների վերջնակետերն էլ են լինելու «Սասնա Ծռեր»-ն ու Ամուլսարը:

Անահիտ Արփեն