Թրամփը կարող է փոխել նույնիսկ ԱՄՆ պետական կարգը․ դեսպան

Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Անդրեաս Միխայելիսը նախազգուշացրել է գերմանական դաշնային կառավարությանը, որ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը անցնի իր լիազորությունների ամբողջական կատարմանը, ամերիկյան քաղաքականության մեջ կարող են տեղի ունենալ լրջագույն փոփոխություններ։ Այս մասին հայտնում են DPA եւ Reuters լրատվական գործակալությունները։ Դեսպան Միխայելիսի կողմից ստորագրված փաստաթուղթը Գերմանիայի ԱԳ նախարարություն է ուղարկվել հունվարի 14-ին։ Պատճեները փոխանցվել են դաշնային կանցլերի գրասենյակին, ՆԳ եւ Արդարադատության նախարարություններին։ Փաստաթղթում ասվում է, որ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետը լինելու է առավելագույնս կործանարար եւ նույնիսկ կարող է վերջնական արդյունքում հանգեցնել նրան, որ ամերիկյան սահմանադրական կարգը ենթարկվի փոփոխությունների։ Դա կարվի այն բանի համար, որ առավելագույն իշխանություն կենտրոնացվի նախագահի ձեռքում՝ ի վնաս Կոնգրեսի եւ դաշնային նահանգների։
Դեմոկրատական հիմնական սկզբունքները, զսպման եւ հակակշռման մեխանիզմները զգալիորեն կխաթարվեն, օրենսդիր իշխանությունը, մամուլն ու իրավապահ համակարգը որոշակիորեն կզրկվեն անկախությունից եւ կօգտագործվեն որպես քաղաքական գործիքներ, իսկ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունները պետության համակառավարման իրավունք կունենան, ասված է զեկույցում։ Թրամփը հատկապես կկենտրոնանա դատական իշխանության եւ այդ համատեքստում՝ Գերագույն դատարանը «կոտրելու» վրա։ Արդարադատության նախարարության ու Հետաքննությունների դաշնային բյուրոյի հանդեպ վերահսկողությունը անձնական ու քաղաքական նպատակներին հասնելու միջոց է հանդիսանում Թրամփի համար, որով նա իրականացնելու է զանգվածային արտաքսումներ ու ենթադրյալ հակառակորդների հանդեպ հաշվեհարդար, ասել է դեսպան Միխայելիսը։
Կարծիքներ