Երբ ամեն օր պառակտում ես սերմանում, քարոզածդ խաղաղությանն ինչպե՞ս հավատամ

Երբ ամեն օր պառակտում ես սերմանում, քարոզածդ խաղաղությանն ինչպե՞ս հավատամ

Հարցազրույց գրող, գրականագետ Կարո Վարդանյանի հետ

- Պարոն Վարդանյան, Ադրբեջանը նորից պատերազմ է սանձազերծել, այս անգամ՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Եվ նորից ունենք զոհեր, գերիներ, անհետ կորածներ։ Ո՞վ է այս իրավիճակի մեղավորն ու պատասխանատուն։

- Բոլորս ենք մեղավոր, եւ ամենամեծ մեղքն ընկնում է հանրության գիտակից մասի վրա, ովքեր շատ լավ հասկանում են, թե ինչ է կատարվում մեզ հետ, մեր երկրում, բայց համակերպվում են՝ հույսները դրած ինչ-որ հրաշքի վրա։ Ինչ վերաբերում է այս վերջին զարգացումներին ու նոր զոհերին, ապա սա արդեն միշտ է շարունակվելու, որովհետեւ այսպիսի շանս մեր թշնամին երբեք չի ունեցել։ Եթե շարունակենք ինքներս մեզ խաբել այն հեքիաթներով, որ սա էլ տանք՝ վերջապես խաղաղություն կլինի, այդպիսի բան չի լինի։ Այսօր զիջեցիր այսքան, վաղը պարտավոր կլինես տասնապատիկ ավելին զիջել ե՛ւ տարածքային առումով, ե՛ւ ազդեցության գոտիներով, ե՛ւ ընդհանրապես։ Դա թուրքի տրամաբանությունն է, վերջապես մենք կամովին հայտնվել ենք նրա ճիրաններում եւ եթե ուշացումով հետ չկանգնենք, հավերժ պետք է զիջենք, էլ չասեմ՝ զիջելու ի՞նչ է մնացել․․․

- Հատկապես որ Ադրբեջանն ազատորեն անցակետեր, մաքսակետեր է տեղադրում մեր ճանապարհներին՝ շրջափակման մեջ վերցնելով մեր գյուղերը․․․

- Այստեղ ցավոտ եւ երկար բազմակետեր պիտի դնենք, որովհետեւ սա դեռ ամենը չէ։ Մենք ուղղակի պարտավոր ենք մեր դարավոր հավիտենական թշնամուն ճանաչել, որը մեր դրկիցն է, եւ որին պետք է որ արդեն ճանաչած լինեինք։ Նա ոչ մի դեպքում եւ որեւէ տեղ չի կանգնելու, միայն մի ճանապարհ կա նրան կանգնեցնելու․ դա մեր բանակն է, մեր զենքի ուժը, մեր կամքը՝ ռազմական ուժով դիմակայելու, որը մենք ոչ միայն չունենք, այլեւ հանրությանը շարունակ ներշնչում ենք, որ մենք տկար ենք, անզոր ենք։ Սա աղետաբեր ճանապարհ է, որ դեռ շարունակվում է։

- Գուցե դիմակայելու կամքը կա, բայց դրա հրամա՞նը չկա․․․, մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը հատել է ՀՀ տարածքը, բայց հայ զինվորը մինչեւ վերջերս չէր կրակում։ Ո՞րն է պատճառը։

- Ինչպես ամեն հայ, ես՝ ինքս էլ շատ եմ մտածել դրա շուրջ․․․ մի շատ պարադոքսալ բան պիտի ասեմ, ու քանի որ մենք անսովոր իրավիճակում ենք, իմ եզրահանգումն էլ շատ անսովոր է․ ես երբեք անիշխանության քարոզիչ չեմ եղել, բայց մտածում եմ՝ ի՞նչն էր պատճառը, որ 90-ականներին շատ ավելի սակավ ուժերով մենք այդպիսի փառահեղ հաղթանակներ կռեցինք, գուցե խնդիրը նաեւ մեր ժողովրդի խառնվածքի մեջ է։ Պետական կարգն այդպես էլ հայ մարդու վրա չեկավ, 90-ականներին, կարելի է ասել, քաոսային վիճակ էր, ստեղծվեցին տասնյակ ինքնաստեղծ ջոկատներ, որոնք իրենք էին իրենց գլխի տերը եւ չէին ենթարկվում ոչ մեկի, մինչեւ որ կձեւավորվեր ազգային բանակը, այսինքն՝ որեւէ մեկը որեւէ ջոկատի չէր կարող հրաման տալ։ Ճիշտ է՝ այդ ինքնագործունեության արդյունքում նաեւ շատ զոհեր էին լինում, բայց, այնուամենայնիվ, որեւէ մեկը հայ զինվորին, հայ սպային չէր կարող դավադիր հրաման տալ՝ հետ քաշվելու կամ չկրակելու։ Գուցե գաղտնիքը դա էր, որ մենք 90-ականներին ունեցանք այդ փառահեղ հաղթանակները, այսօր կարծես թե ամեն ինչ բարվոք է, պետական կարգ ու կառույց ունենք, հրաման տվող ու ենթարկվող ունենք, բայց եկեք տեսեք, թե ուր ենք հասել․․․ ես չգիտեմ, օրինակ, չկրակելու հրաման եղե՞լ է, թե՞ չի եղել, ինձ համար անբացատրելի է դա, այդպիսի բան չի եղել հայկական զինված ուժերում՝ առանց դիմադրության նահանջի։ Ես չգիտեմ, թե ինչն է պատճառը։

- Ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ Հայաստանի համար բախտորոշ այս ժամին լուռ են ե՛ւ միջազգային կառույցները, ե՛ւ մեր ռազմավարական դաշնակիցը։

- Ցավոք, մենք այլեւս հավատ եւ հույս չենք ներշնչում որեւէ մեկին։ Եթե տարիներ առաջ մեր տարածաշրջանի լարվածությունը խնդիր էր աշխարհի համար, որը պետք է այս կամ այն կերպ լուծվեր, այսօր կարծես թե մենք՝ ինքներս ենք բռնել այս կործանարար ճանապարհը։ Խնդիրը երեւի թե մենք՝ ինքներս ենք, որովհետեւ անբարեհույս ենք՝ որպես միջազգային սուբյեկտ։ Գուցե խիստ եմ ասում, բայց եկեք մի հատ մեզ կողքից նայենք՝ մեր հարեւանների աչքերով կամ ընդհանրապես աշխարհի բախտը վճռողների աչքերով մեզ նայենք։ Եթե մի ժողովուրդ, պետական միավոր կամք չունի իր ունեցածը պահելու՝ այն դեպքում, որ սահմանադրությամբ, միջազգային օրենքներով այդ ամենը կա, ունենք դիվանագիտական կառույցներ, բայց չկա պահելու այդ կամքը, այլ միայն շարունակ զիջել, խաղաղություն քարոզել, ո՞ւմ ենք խաղաղություն քարոզում, երբ սահմաններին ունենք խնդիր, բոլոր՝ հեռու-մոտիկ երկրների հետ ունենք մեծ ու փոքր խնդիրներ։ Պատճառը հենց սա է։ Ցավոք, Ադրբեջանը որքան էլ արհեստածին է, բայց ավելի հուսալի է բոլորի համար, քան ներկայիս Հայաստանը։

- Իշխանություններն անգամ այս պարագայում շարունակում են խաղաղության քարոզ անել, ավելին՝ վերջին ասուլիսի ժամանակ վարչապետն ասաց, որ «մեզ թուրք ասելով չեք կանգնեցնի»։ Դուք խաղաղության հեռանկար տեսնո՞ւմ եք մեր հարեւանների հետ։

- Ընդհանրապես, թուրքի հետ բարեկամությունը հայի համար անհավատալի մի բան է, վկան՝ մեր հին ու նոր պատմությունը, իսկ ավելի կոնկրետ երբ նայում ենք, մեր իշխանություններին քիչ թե շատ ուսումնասիրած մարդը բացարձակապես չպետք է հավատա։ Եթե դու քո ժողովրդի մեջ երբեք խաղաղություն չես քարոզել, ամեն ելույթը խարսխված է ատելության վրա, որպեսզի շերտավորվի հանրությունը, սկսեն միմյանց ատել, ապա ո՞ր միամիտը պետք է հավատա արտաքին աշխարհի հետ՝ մանավանդ մեր դարավոր թշնամու հետ քո խաղաղության քարոզին։ Սա արդեն աչքակապություն է, երեսպաշտություն։ Այն օրը, երբ վերջապես կելնի ու մեղա կգա իր դասակարգած բոլոր հների ու նորերի առաջ, որ եկեք վերջապես համերաշխ լինենք, նախ ներսում մի քիչ հանդարտվենք, խաղաղ ապրենք իրար հետ, այն ժամանակ գուցե ուշացումով սկսենք հավատալ, որ այս մարդը խաղաղություն է ուզում, բայց երբ քո տանը պառակտում ես սերմանում եւ ամեն օր բորբոքում ես այդ պառակտումը, ես քո քարոզած խաղաղությանն ինչպե՞ս հավատամ։

- Ընդդիմությունն անջատ-անջատ դիմադրության օջախներ է ստեղծում, հանրահավաքներ անում․ դրանցից մեկն Ազատագրական շարժումն է, որ ամենօրյա ռեժիմով է հանրահավաքներ հրավիրում։ Ո՞րն է խնդիրը, որ ընդդիմությունն իր ուժերը չի միավորում եւ միասնական ճակատով չի պայքարում։

- Սա նորից ապացուցում է այն, որ իշխանությունը գերազանց հաջողել է ներքին պառակտման գործընթացը, որ ի սկզբանե ոչ պաշտոնապես որդեգրել էր։ Ցավոք, ընդդիմադիր մեծ ու փոքր ուժերը, չգիտես ինչու, հայրենասիրությունը միայն իրենց մենաշնորհն են համարում, կան ուժեր, որ ընդդիմադիր լինելը միայն իրենց մենաշնորհն են համարում, եւ չկա այդ կամքը՝ վերջապես այս պառակտված, տկար ուժերը միացնելու։ Այս վերջին՝ Ազատագրական շարժման մեջ լավն այն է, որ որոշեցին վերջապես կուսակցությունների անուններ չբարձրաձայնել, որովհետեւ ցանկացած կուսակցության անուն որ տալիս ես, հանրությունն այնքան է հիասթափված, որ սկսում է ջղաձգվել։ Հետեւելով՝ այդ եզրահանգմանն եմ գալիս, այսինքն՝ մի մեծ խաչ պետք է դնել այդ հին ու նոր կուսակցությունների վրա, եթե իսկապես այսքան ուշացումով ուզում ենք այս վերջին եղածը մեր զավակների համար փրկել, պետք է վերանանք այդ կուսակցական վատ ավանդույթներից։ Էլ նահանջելու տեղ չկա, սրանք հուսահատ ճիգեր են, որ չգիտեմ ինչ արդյունք են տալու։

- Այս համազգային վտանգի առաջ հանրությունը որքանո՞վ է սթափ, զգոն եւ իրավիճակին տեղյակ։

- Շատ-շատերն այդ գիտակցումն ունեն, բայց հավատ չունեն, բոլորն իրենց աշխատավայրերից, տներից լուռ հետեւում են եւ ինչ-որ հրաշքի են սպասում՝ առանց գիտակցելու, որ այդ հրաշքը հենց ինքն է, իր հարեւանը, բարեկամը, բոլորը պետք է դուրս գան, որովհետեւ սա արդեն վերջն է, կամ ուրվագծվում է այդ վերջը։ Ցավալի բան եմ ասում, բայց կարծես ուրիշ հեռանկար չի երեւում։ Եվ ասել, որ աշխարհի հզորները մեզ համար այսպիսի ծրագրեր են գծել, եւ նստել ու սպասել՝ ճիշտ չէ, որովհետեւ նրանք միշտ են գծել, մեր ճակատագիրը միշտ են փորձել որոշել, բայց ինչ-որ հանգրվանում ներսից համախմբվել է ժողովուրդը եւ կարողացել է այդ նախագծածը խորտակել, եթե նայենք, մեր պատմական ընթացքը միշտ այդպես է եղել, միշտ ուշացումով սթափվել ենք վերջին պահին եւ չենք թողել, որ այդ դավադիր ծրագիրն աշխարհը մինչեւ վերջ տանի։ Ահա սա է, որ այսօր չենք անում, եւ չգիտեմ, թե երբ պետք է անենք։