Ոչ Կարմիր խաչը, և ոչ էլ այլ կազմակերպություն չի կարող շրջանցել Հակարիի կամուրջը

Ոչ Կարմիր խաչը, և ոչ էլ այլ կազմակերպություն չի կարող շրջանցել Հակարիի կամուրջը

«Հրապարակի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:

- Երեկվանից ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության ներքո՝ Լաչինի միջանցքում: Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանն անվերջ խոսում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի և դրա կարևորության մասին, սակայն թշնամի պետությունն անում է ամեն բան, ինչ կարող է` արհամարհելով համաձայնագրի բոլոր դրույթները:

- Մեծ հաշվով Ադրբեջանն իր վրա վերցրած պարտավորություններից և որևէ մեկը չի կատարել այս երկուսուկես տարվա ընթացքում: Ոչ դրույթները, որոնք վերաբերում են գերիներին, ոչ կոմունիկացիաների բացման հարցը, ոչ Լաչինի միջանցքի հինգ կիլոմետրանոց անվտանգ գոտու ապահովման մասը, բացարձակապես ոչ մի բան: Ի սկզբանե Լաչինի միջանցքը պետք է պահպանված լիներ հինգ կիլոմետրանոց անվտանգ գոտիով, իսկ Շուշիի մոտ ոչինչ արված չի եղել, ինչն էլ իր հերթին տվել է հնարավորություն Ադրբեջանին շատ արագ Շուշին արգելափակել: Երկուսուկես տարի շարունակ Ադրբեջանն անդադար խախտում է նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները, սա պարզապես հերթական դեպքն է, որը տեղի ունեցավ երեկ:

- Այդ դեպքում ինչո՞ւ է հայկական կողմը մաքառում այդ համաձայնագրի դրույթներն իրագործելու համար:

- Փաստացի հայկական կողմը շատ արագ այդ փաստաթղթի պահանջներով այն հայկական շրջանները, որոնք պահանջել է Ադրբեջանը` հանձնել է: Այսինքն` Հայաստանն իր բոլոր պարտավորությունները կատարել է շատ արագ և օպերատիվ, չունենալով ոչ մի երաշխիք, որ թշնամին իր խոստումները կատարելու է: Այստեղ հարց է առաջանում, թե ինչու են իշխանությունները խոսում նոր պայմանագրի մասին: Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը եռակողմ համաձայնագիր է, սա Ադրբեջանը մոռացել է: Ստացվում է, որ նոր պայմանագիրը ևս պատերազմից ու ռազմական էսկալացիայից չի ապահովագրում մեզ, այստեղ հարց է առաջանում, թե ի՞նչ է ստորագրվելու և ի՞նչ բանավոր պայմանավորվածություններ են առհասարակ ձեռք բերվել:

- Այս պարագայում ո՞րն է երրորդ կողմի` Ռուսաստանի դերը: Ի վերջո, Ռուսաստանը ևս եռակողմ համաձայնագրի շրջանակներում ունի պարտավորություններ:

- Ռուսական կողմը ունի շատ հստակ դեր, այն է` ապահովել փաստաթղթի մեջ ամրագրված դրույթների իրագործումը: Նորից պետք է շեշտեմ, որ արդեն երկուսուկես տարի է՝ Ադրբեջանն այդ համաձայնագրի տակ ստորագրված որևէ կետ կյանքի չի կոչել: Հարց է առաջանում՝ բոլոր երկրները, որոնց այս պրոցեսի մեջ փորձում են ներգրավել որպես մոդերատոր, համաձայնեցնո՞ւմ են իրենց դիրքորոշումը բոլոր կողմերի հետ: Սա վերաբերում է բոլոր կողմերին, Ռուսաստանին և մյուս երկրներին:

- Հակարիի կամրջի կարևորության մասին եկեք խոսենք: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում և դրա փակ մնալն ի՞նչ վնաս է հասցնում հայկական կողմին:

- Հակարիի կամուրջն այն կետն է, որով անցնում են բոլոր ճանապարհները` Հայաստանից Արցախ: Այն շրջանցել տեխնիկապես պարզապես անհնար է: Ոչ Կարմիր խաչը, և ոչ էլ այլ կազմակերպություն այն չի կարող շրջանցել: Պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ մայիսին պետք է շրջանցող ճանապարհը պատրաստ լինի, սակայն դա էլ հակասական տեղեկություն է: Նախ ասում էին` ապրիլին է բացվելու, հետո դարձավ մայիս: Այստեղ նաև հարց է առաջանում. Ճանապարհը շահագործման ենթակա լինելո՞ւ է: Դա բառախաղի պես մի բան է: Հայաստանը կարող է ասել, որ իրեն հասանելիք մասն ասֆալտապատել է, սակայն մնացյալի համար պատասխանատու չէ: