Ո՛չ մենք ենք հասնելու Բաքու, ո՛չ էլ իրենք են գալու Երեւան

Ո՛չ մենք ենք հասնելու Բաքու, ո՛չ էլ իրենք են գալու Երեւան

«Գնում ենք պատերազմ, որովհետեւ հայրենիքը վտանգված է՝ ե՛ւ Արցախը, ե՛ւ Հայաստանը»,- ասում է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Ռուբեն Բաբայանն ու նշում, որ այսօր՝ պատերազմի 5-րդ օրը, կա միայն մի խնդիր՝ համախմբվել եւ արժանի հարված հասցնել թշնամուն։

«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, պարզապես հիանալ կարելի է, իսկ ես հիշում եմ նաեւ 90-ականները։ Այն ժամանակ էլ էր հերոսական պայքար, բայց ես ուզում եմ մի համեմատություն անել եւ հիացմունքս հայտնել այսօրվա երիտասարդներին։ 90-ական թվականներին թեպետ կամավորական ջոկատներ կային, բազմաթիվ մարդիկ էին մեկնում ռազմաճակատ, բայց նաեւ ուրիշ իրավիճակ էլ կար, որովհետեւ միայն կամավորական ջոկատներով հնարավոր չէր պատերազմում կռիվ տալ, եւ դրա համար նույնիսկ փողոցներում էին երիտասարդներին բռնում եւ տանում բանակ։ Շատ տարածված էր այդ ժամանակ Վազգեն Սարգսյանի թեւավոր դարձած խոսքը՝ բռնեմ տանեմ բանակ։ Իսկ այսօր զինկոմիսարիատների դիմաց հերթեր են, բազմաթիվ կամավորներ են գնում սահման, փախուստ էլ չկա, ու ամեն մեկը փորձում է իր տեղում իր փոքրիկ նպաստը բերել, լինի դա հումանիտար օգնություն, դեղորայք, սնունդ, թե գումար։ Թատերական աշխարհը եւ մեր թատրոնը երեկ նման արկղեր հավաքեց եւ ուղարկեց սահման, ում առողջական վիճակը թույլ էր տալիս, գնացին արյուն հանձնելու։ Մեր թատրոնից եւս մարդիկ են գնացել ռազմաճակատ, իմ առաջին կուրսի 3 ուսանողները, եւ ես ընկճվածություն չեմ տեսնում ոչ մեկի մեջ․ մարդիկ ուրախ են գնում, որովհետեւ գնում են ոչ թե զոհվելու, այլ՝ ապրելու, գնում են հանուն կյանքի։ Մահն իմաստավորվում է, երբ դու մահանում ես հանուն կյանքի, ոչ թե հանուն մահվան։ Այս համախմբումը ցույց է տալիս, որ մեր ժողովուրդն իսկապես հասկանում է, թե որն է գլխավոր նպատակը, ընդ որում՝ նկատի չունեմ միայն Հայաստանն ու Արցախը, այլ տեսեք, թե ինչ է կատարվում ողջ աշխարհում»։ 

Բաբայանը նկատում է՝ թեպետ միշտ ասել է, որ մտավորականը պետք է առաջին հերթին սեփական ժողովրդին քննադատի, բայց սա այն դեպքը չէ. «Այս պարագայում հիացմունքից բացի, այլ բան չեմ կարող արտահայտել։ Քաղաքական դաշտն էլ է միացել, որովհետեւ ցանկացած դեպքում բոլորս հայ ենք, եւ սա միավորում է բոլորիս։ Հայրենիքի պաշտպանության հարցում երկու կարծիք լինել չի կարող։ Կավարտվի սա, բայց մենք պետք է հասկանանք, որ պատերազմը չի ավարտվել, զինադադարը դեռ պատերազմի ավարտը չէ։ Մի բանի հետ պետք է համաձայնենք, ո՛չ մենք ենք հասնելու Բաքու, նույնիսկ եթե այդ կարողությունն ունենանք, մեզ դա թույլ չենք տա, ո՛չ էլ իրենք էլ գալու Երեւանը գրավեն։ Ուրեմն, բոլոր դեպքերում, երբ այս ամեն ինչն ավարտվի եւ մտնի զինադադարի փուլ, պետք է մտածենք, թե ինչպես ենք հետագայում ապրելու, ինչ կարգավիճակով, ինչ առաջարկություններ ենք անելու։ Նոր գաղափարներ են պետք, որովհետեւ մեր երկիրը կարող է զարգանալ միայն խաղաղության պայմաններում»։

Իրավիճակն ավելի է սրվել, քանի որ այս անգամ մեր թշնամուն միացել է մեկ ուրիշ հարեւան՝ Թուրքիան, որը, ըստ Բաբայանի, լավ է, «որովհետեւ, երբ դիմակները պատռվում են, դա լավ է։ Եվ միգուցե Թուրքիայի ակտիվ միջամտությունն այս կոնֆլիկտը դարձնում է միջազգային, եւ բոլոր այն երկրները, որոնք եւս ունեն հարցեր Թուրքիայի այսօրվա պահվածքի հետ, հասկանում են, որ սա քաղաքականություն է, որը կարող է վաղը, մյուս օրը իրենց կպնել, եւ սրա դեմ պետք է պայքարել միասնական ուժերով։ Գուցե սա բերի նրան, որ մենք առանձնացված, այս լոկալ վիճակից դուրս գանք եւ ավելի շատ համախոհներ, ընկերներ ունենանք»։

Այս անգամ վերջակետ կդրվի՞ պատերազմին, թե՞ էլի կլինեն ժամանակավոր զինադադարներ․ Ռ․ Բաբայանի կարծիքով՝ ամեն ինչը գիտություն է, այդ թվում՝ ռազմական գործողությունները․ «Սա 90-ական թվականները չեն, որտեղ դաշտային հրամանատարներ կարող էին լինել, կիսագրագետ մարդիկ, չնայած մենք այն ժամանակ էլ հաղթեցինք։ Ես, իհարկե, դիվանագետ չեմ, բայց կարծում եմ, որ ամենակարեւորը մեզ համար, որպեսզի մենք սա ներկայացնենք որպես քաղաքակրթությունների պատերազմ ու քաղաքակրթությունների պայքար։ Մենք պետք է ապացուցենք, որ մեր երկիրը քաղաքակիրթ երկիր է, սա բարբարոսի կռիվն է քաղաքակրթության դեմ։ Սա անգամ տարածքի կռիվ չէ, այլ՝ քաղաքակրթական։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է հակառակորդն իր զինվորին օգտագործում որպես մսաղացի նյութ, մինչդեռ մեր ամեն զինվորը մեզ համար արժեք է։ Կարծում եմ՝ այս թեզը մեր դիվանագիտության համար պետք է լինի ամենակարեւորը»։

Ժամանակը շատ բան փոխում է, եւ շատ բան մոռացվում է, ուստի ճիշտ է հարցը լուծել, երբ ամեն ինչ դեռ հիշվում է՝ կարծում է Բաբայանը․ «90-ականներին այս հարցը սառեցնելը մեզ թվում էր՝ կբերի նրան, որ շատերը կհաշտվեն իրողության հետ, բայց խնդիրը ոչ թե հաշտվելն էր, այլ որ քաղաքական գործիչներից շատերը, ժողովուրդները մոռանում են եւ չգիտեն, թե ինչից էր սա սկսվել․ նրանք նայում են միայն արդյունքը, որ կա Ադրբեջան՝ իր միջազգային ճանաչված սահմաններով, եւ այնտեղ գտնվում են հայկական զորքերը։ Թե ինչպես են նրանք այնտեղ հայտնվել, ով է սկսել պատերազմը, ինչի պատճառով՝ այդ ամենը մոռացվում է։ Չի կարելի ոչինչ հետաձգել։ Սա բարբարոս միապետական, խելագար ղեկավարների կռիվն է, եւ ես չեմ տարանջատում Ալիեւին եւ Էրդողանին, որովհետեւ Էրդողանն իր ագրեսիվ քաղաքականությունը վարում է ոչ միայն Հայաստանի հանդեպ։ Եթե այսօր չկանգնեցնենք, սա գնալով նմանվում է նացիստական Գերմանիայի պատմությանը։ Բոլոր բռնապետների գործելակերպը նույնն է, 2-րդ համաշխարհային պատերազմը սկսվեց նրանից, որ 39-ին Գերմանիան մեղադրեց Լեհաստանին, որ նա հարձակվել է իր դիրքերի վրա։ Այդ ժամանակ դա ծիծաղելի էր թվում, բայց, փաստորեն, նույն բանը կատարվեց հիմա՝ Ադրբեջանն ասաց, որ հայերն են սկսել պատերազմը։ Թշնամին լավ զինված է եւ ունի գրագետ խորհրդականներ, նրա սպառազինությունն ավելի ժամանակակից է, քան մերը, եւ նրան կարելի է հաղթել միայն խելքով, որովհետեւ ժամանակակից պատերազմում հաղթում է գիտելիքը»։

Ակնկալել, որ միջազգային հանրությունը միանգամից կարձագանքի մեզ ականջահաճո հայտարարությունների տեսքով, ճիշտ չէ, որովհետեւ դա, ըստ Բաբայանի, եւս պահանջում է աշխատանք, այդ թվում՝ լոբբիստական, տեղեկատվական։ «Ես համոզված եմ, որ Ադրբեջանը երբեք չէր գնա նման քայլի, եթե չունենար Թուրքիայի աջակցությունը, ավելին՝ Թուրքիայի կամակատարն է դարձել այսօր Ադրբեջանը, եւ այդ կապը մենք ստույգ պետք է ներկայացնենք։ Մենք պետք է դաշնակիցների մեջ սեպ խրենք, ի դեպ, այդ քաղաքականությունը միշտ վարում է Իսրայելը, երբ փորձում է արաբական երկրների միջեւ սեպ խրել, ինչը հաջողվում է նրան»։

Բաբայանը թեպետ շատ բան չի սպասում միջազգային կառույցներից, բայց տեսնում է որոշ փոփոխություններ՝ օրինակ բերելով օրերս ՄԱԿ-ի ԱԽ վերջին որոշումը, որի մեջ մեզ համար դրական բան կա․ «Մինչ այդ կար ՄԱԿ-ի 4 որոշում, որոնց բոլորի մեջ կար պահանջ՝ հայկական զինված ուժերը դուրս հանել Ադրբեջանի տարածքից, եւ դրա վրա միշտ հենվում էր Ադրբեջանը, բայց վերջին որոշման մեջ դրա մասին ոչ մի խոսք չկա, եւ անգամ չկա հիշեցում, որ նախկինում նման որոշումներ են կայացվել։ Իսկ սա նշանակում է, որ արձանագրվում է նոր իրավիճակ»։