Աննա Մկրտչյանի հայրը դատի է տվել Հ1-ին ու տեսչական մարմնի խոսնակին` իրեն զրպարտելու համար
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում 2 տարի է՝ 2022 թվականի հունիսից, զրպարտությանն առնչվող մի դատական գործընթաց է ընթանում։ Հայցվորը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է՝ Քասախի նախկին համայնքապետ Արա Մկրտչյանը, որը մեղադրվում էր հողատարածքների օտարման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների, պաշտոնեական կեղծիքի, պետությանը 43 մ լն դրամի վնաս պատճառելու համար, այս ընթացքում կալանավորվեց, ապա ազատ արձակվեց գրավի դիմաց և դեռ շարունակում է քրեական հետապնդման ենթարկվել։ Նախաքննությունն այս գործով շարունակվում է։
Քրեական հետապնդման սկիզբը, նախերգանքը 2021 թվականի նոյեմբերի 2-ին Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրով հեռարձակված ռեպորտաժն էր, վերնագրված՝ «ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախի համայնքապետը, համայնքի մի հատված նվիրել է որդուն»։
Ռեպորտաժում Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի՝ Հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Ելենա Զոհրաբյանը պատմում էր հողային օրենսդրության պահանջների խախումների մասին, որ Քասախ համայնքում 3 տասնյակից ավելի դեպք է գրանցվել, սակայն համայնքի ղեկավարը, որը պետք է վերահսկողություն իրականացնի հողերը նպատակային նշանակությամբ օգտագործելու նկատմամբ, ոչինչ չի արել, ընդերքօգտագործման նշանակության հողամասը վարձակալությամբ տվել է բջջային կապի օպերատորին աշտարակ տեղադրելու նպատակով, առանց հողի նպատակային նշանակությունը փոփոխելու, որ ձևական մրցույթներն են կազմակերպել, համայնքին պատկանող կանաչ գոտուց մի հատված ապօրինաբար օտարել է համայնքապետի որդուն, և այլն, և այլն։
Տեղեկատվությունը ճշմարտանման, վստահելի կլիներ, իսկ տեսչության բացահայտումները՝ ողջունելի, եթե համայնքի արդեն նախկին ղեկավարը ընդդիմադիր պատգամավոր «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Աննա Մկրտչյանի հայրիկը չլիներ ու ավտոմատ հարց չառաջանար՝ ինչո՞ւ են հենց Քասախում խախտումներ բացահայտել, իսկ հազարավոր այլ դեպքերում տեսչականը խուլ է, համր ու կույր։
Բազմաթիվ համայնքներում, նույն Երևան քաղաքում հարյուրավոր ապօրինի կառուցապատումների, կանաչ գոտիներից տարածքների օտարման դեպքեր կան, կեղծ աճուրդներով հողի օտարումներ, հսկողության կարոտ տարածքներ, որտեղ վերջին հարյուրամյակում տեսուչի ոտք չի մտել, բայց տեսչականը հենց Աննա Մկրտչյանի հայրիկի ղեկավարած համայնքն է զննել խստորեն և Հանրայինով լուսաբանել։ Ինչո՞ւ։ Ելենա Զոհրաբյանը «մեղքը» գցում է հանրայի նի վրա․ «Հանրային հեռուստաընկերությունը մեկնաբանություն է ուզել, մենք որպես վերահսկողություն իրականացնող մարմին թեմայի շուրջ մեկնաբանություն ենք տվել: Տեսչական մարմնի կողմից, համենայնդեպս, համայնքի ղեկավարի քաղաքական կողմնորոշման մասին որևէ տառ կամ բառ չի ասվել»:
Հետաքրքիր է, որ ռեպորտաժում ասվում է, թե Արա Մկրտչյանը վարչական իրավախախտումների դեպքերով իր մեղքն ընդունել է, բայց նա դիմել է դատարան ու Հանրայինից եւ Զոհրաբյանից պահանջում է հերքել «զրպարտություն համարվող տվյալները և փոխհատուցել պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը»։ Ինչո՞ւ։ Ելենա Զոհրաբյանը պատասխանեց․«Վարչական իրավախախտումների մասով մեր ակտերը ստորագրել է, ամբողջը ներկայացված է դատարան»։
Ի դեպ, Արա Մկրտչյանի փաստաբան Տիգրան Ղազարյանին տվեցինք նույն հարցը, բայց նա հղում կատարելով փաստաբանական գաղտնիքին, հրաժարվեց խոստովանել, որ ինքն է ներկայացուցիչը։ Երբ ասեցինք, որ «Դատալեքսում» կա իր անունը՝ պատասխանեց․«Ես ձզեզ ասելու բան չունեմ»։ Նման պատասխան դեռ չէինք լսել մեր լրագրողական պրակտիկայում։
Այս տարի այս հայցադիմումով ընդամենը մեկ դատական նիստ է կայացել՝ մայիսին, հաջորդը նշանակված է սեպտեմբերի 25-ին։
Ինչևէ, լավ կլիներ, եթե Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հետևողականություն ցուցաբերեր ոչ միայն ընդդիմադիրներին «սատկացնելու», այլև նաեւ մյուս դեպքերում։ Սուրմալուի պայթյունների պատմությունը` ասածիս օրինակ։
2021 թվականին ՀՀ քաղաքաշինության, հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր անցկացրել «Սուրմալու» առևտրի կենտրոնում, բազմաթիվ խախտումներ հայտնաբերել։ 2021 թվականի ապրիլին, այդ ստուգումների իրականացման ժամանակ «Սուրմալուում» հրդեհ էր բռնկվել, որը մեկուսացնելու համար պահանջվել էր 3 ժամ: Զոհեր այն ժամանակ չեղան։ Սրանից հետո առավել սթափ պետք էր լինել, հետևել, թե արդյոք «Սուրմալուի» տնօրինությունը վերացրե՞լ է խախտումները: Ոչ մի վերահսկողություն։ Արդյունքում որոտաց 2022 թվականի օգոստոսի 14-ի պայթյունը` տասնյակ զոհերով, վիրավորներով, խոշոր ավերածություններով։ Եւ կրկին հետևություններր չարվեցին։ Հսկողությունը չխստացվեց։
Այս տարվա մայիսի 17-ին էլ «Սուրմալուին» հարող 6 տաղավարներում էր հրդեհ բռնկվել՝ Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում: Տաղավարներն ամբողջությամբ ջերմահարվել էին։
Կարծիքներ