Տ. Ավինյանին՝ կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի և տարածման սահմանափակման վերաբերյալ

Տ. Ավինյանին՝ կորոնավիրուսի վարակի դեմ պայքարի  և տարածման սահմանափակման վերաբերյալ

Մինչև վարակի դեմ պայքարի և տարածման սահմանափակման միջոցառումներին անդրադառնալը՝ հարկ է նշել, որ ցանկացած վարակի դեպքում դրա դեմ պայքարը և տարածման սահմանափակումը պետք է կառուցվի կարանտինի կամ սահմանափակումների ռեժիմներով և համաճարակային շղթայի տրամաբանությամբ: 

Համաճարակը այս կամ այն ակտիվությամբ գործում և շարունակվում է, քանի դեռ գործում են համաճարակի գոյության՝ համաճարակային շղթայի բոլոր օղակները. օղակներից յուրաքանչյուրի կամ լավագույն տարբերակով բոլոր օղակների ակտիվազրկման կամ չեզոքացման դեպքում համաճարակային պրոցեսը դադարում է, սակայն այնքան ժամանակ, ինչքան կտևի որևէ կամ բոլոր օղակների չեզոքացումը կամ մեկուսացումը: Վարակի դեմ պայքարի և տարածման կանխման մարդկությանը հայտնի միջոցը կարանտինն է՝ կարանտինային հիվանդությունների դեպքում, իսկ մյուս վարակների դեպքում՝ սահմանափակումներն են: Երկու դեպքում էլ, թե կարանտինը, թե սահմանափակումները արտակարգ ռեժիմային կարգավորումներ են, որոնք պետք է սահմանվեն և չեղարկվեն իրավական հստակ կանոնակարգումներով և իրավական ակտերով, որոնց պահանջներով պետք է իրականացվեն համալիր գործողություններ և միջոցառումներ, կայացվեն անհրաժեշտ որոշումներ՝ մշտական և գործուն խիստ հսկողության պայմաններում: 


Վարակի արձանագրման ցանկացած տարածքը կամ վայրը՝ լինի տուն, բնակարան, շենք, հիվանդանոց, ցանկացած այլ շինություն կամ կամ դրանց համալիր և այլն, համարվում է անապահով կետ, որն այլևս վարակի օջախ է: Վարակի արձանագրված դեպքից հետո՝ ախտորոշման լաբորատոր հաստատումից հետո պետք է սահմանվի կարանտին կամ սահմանափակումների ռեժիմ: Կարանտինի կամ սահմանափակումների պահանջով որոշակի շառավղով սահմանվում են վարակի օջախի, իսկ դրա շուրջը նաև սպառնալիքի /պաշտպանիչ/ գոտիները՝ զոնաները: Քանի որ նոր վարակ է, ապա գիտագործնական առկա վիճակագրության և միջազգային հաստատված հրահանգների բացակայության պայմաններում վարակի օջախի և սպառնալիքի /պաշտպանիչ/ զոնաների շառավղային հեռավորությունը կարող է տարբեր դեպքերում և տեղերում համապատասխան փաստարկված հիմնավորումներով սահմանվել տարբեր հեռավորությամբ՝ ապահովելով վարակի օջախի համար մինչև 3 կմ կամ ավելի, իսկ վարակի օջախի շուրջը սպառնալիքի /պաշտպանիչ/ գոտու համար մինչև 10 կմ կամ ավելի շառավիղները, որոնցից յուրաքանչյուրում պետք է սահմանվեն և իրականացվեն համապատասխան գործողություններ և միջոցառումներ: 


Համաճարակը գործում է համաճարակային շղթայի բաղկացուցիչ 3 օղակների պարտադիր գոյությամբ և ունի համաճարակի /պրոցեսի/ հաջորդական՝ առաջացման, զարգացման, կայունացման, նվազման և միջհամաճարակային փուլեր: Մեր երկրում հիմա վարակի զարգացման փուլն է, որի պարագայում  պարտադիր պետք է ձեռնարկվեն հստակ, տրամաբանված, իրավիճակի վատթարացման հնարավոր տարբեր սցենարների կանխատեսմամբ՝ ազդեցության գնահատմամբ և առավելագույն արդյունք ապահովող, ռիսկերն ու վնասները գնահատող գործողություններ՝ չբացառելով նաև թե առողջապահական, թե սեցիալական, թե տնտեսական բնույթի կտրուկ և կոշտ միջոցների կիրառման հնարավորությունը և անհրաժեշտությունը: Թե ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, այս հարցի պատասխանը պետք է տրվի առողջապահական կամ տնտեսական և այլ ցանկացած գործողություն իրականացնելիս՝ համաճարակային շղթայի օղակների տրամաբանությամբ և շրջանակներում:


Համաճարակային շղթայի օղակներն են՝

 1. Վարակի կամ հարուցչի աղբյուր /հիվանդ կամ վարակված, այդ թվում՝ վարակման գաղտնի շրջանում գտնվող օրգանիզմ, որտեղ հարուցիչը զարգանում և բազմանում է, առկա է կամ հնարավոր է վարակի արտազատում արտաքին միջավայր/.
2. Փոխանցման գործոն /շնչավոր և անշունչ ցանկացած էակ, առարկա կամ իր, բնական գործոն, օդ, քամի, փոշի, ջուր և այլն,  որտեղ գտնվելով կամ որի հետ տեսականորեն կամ գործնականորեն շփվելով կամ որի միջոցով տեղի է ունենում արտաքին միջավայրում հայտնված հարուցչի տեղափոխումը փոխանցումը /տարածումը, շարժը/ մի տեղից մյուսը:
 3. Ընկալունակ օրգանիզմ /հարուցչի նկատմամբ զգայունակ օրգանիզմ, որը կարող է վարակվել, հիվանդանալ և դառնալ նոր վարակի աղբյուր/ :


Վարակի դեմ պայքարի և տարածման կանխման լավագույն տարբերակն այն է, երբ միջոցներ են ձեռնարկվում համաճարակի գոյությունը պայմանավորող 3 օղակների ուղղությամբ: Ցավոք սրտի կորոնավիրուսի դեպքում դա հնարավոր չէ, քանի որ՝

ա/ 1-ին օղակի՝ հիվանդի կամ հարուցչի աղբյուրի սպեցիֆիկ կամ յուրահատուկ բուժումը, օրինակ՝ շիճուկային բուժում չկա կամ չի կիրառվում կամ բավարար արդյունավետ չէ /թե ինչու դա առանձին քննարկման և բացատրության հարց է, վիրուսի դեպքում չի գործում հակաբիոտիկային բուժումը, մնում է միայն բնական դիմադրողականությունը բարձրացնող տարբեր դեղորայքային և այլ միջոցները, որոնց արդյունավետությունը հարաբերական է և ոչ միանշանակ/.

բ/ այս պահի դրությամբ արդյունավետ չեն և բավարար մակարդակով չեն կատարվում 2-րդ օղակի՝ փոխանցման գործոնի, այսինքն՝ վիրուսի տարածման սահմանափակմանն ուղղված  գործողությունները /չնայած արտակարգ դրությանը, ինքնամեկուսացմանն ու  սահմանափակումներին, առկա են բավարար պայմաններ վիրուսի տարածման և նոր դեպքերի արձանագրման համար, չնայած պետք է փաստել, որ այս վարակի դեպքում հնարավոր չէ  ամբողջությամբ բացառել վիրուսի փոխանցումը՝ չեզոքացնել փոխանցման գործոնով վիրուսի տարածումը և առողջ կամ պայմանական առողջ մարդկանց շփումը հիվանդ օրգանիզմների հետ/.

գ/ համաճարակային շղթայի 3-րդ օղակի՝ ընկալունակ օրգանիզմի պաշպանությանն ուղղված գործողությունները օբյեկտիվ և սուբյեկտիվ ամենատարբեր պատճառներով թերի են կամ բավարար չեն /այս պահի դրույթյամբ հնարավոր չէ ամենաարդյունավետ միջոցը՝ մարդկանց յուրահատուկ իմունականխարգելումը և դրա միջոցով վիրուսի նկատմամբ երկրում ազգաբնակչության մոտ ընկալունակության իմուն կայուն ֆոնի կամ մակարդակի ստեղծումը,  չկա հակավիրուսային պատվաստանյութ/:


Այս իրավիճակում հստակ է, որ միակ իրատեսական և արդյունավետ միջոցը կարող է լինել փոխանցման գործոնի դեմ պայքարը և ընկալունակ մարդկանց վարակման հնարավորությունները և ձևերը կրճատելը՝ փոխանցման և տարածման մեխանիզմների սահմանափակումը կամ ռիսկերը հնարավորինս նվազագույնի հասցնելը: 

Մամուլով հայտարարվում է, օրինակ՝ փողոցների կամ շենքերի շքամուտքերի ախտահանության մասին, սակայն պետք է փաստել, որ համաճարակային ցուցումով անհրաժեշտ կոնցենտրացիայով, տևողությամբ և պարբերականությամբ դրանց պատշաճ իրականացումը իրատեսական չէ, /չհաշված այն հարցը, թե իրականությունում ինչքանով է արդարացված և արդյունավետ բացօթյա ախտահանությունը կամ էլ  արդյո՞ք կան կամ նախապես հաշվարկված և հատկացված են  դրա իրականացման համար անհրաժեշտ բոլոր ֆինանսական, տեխնիկական, մարդկային ռեսուրսները և  այլն/: Միանշանակ է, որ լիարժեք չէ կամ բավարար մակարդակում չէ նաև վարակի տարածման սահմանափակմանն ուղղված մարդկանց տեղաշարժի  և փոխանցման հնարավոր բոլոր գործոնների ուղղությամբ տարվող աշխատանքները /այնուամենայնիվ մարդիկ տներում չեն մնում, միևնույն ընտանիքից նույնիսկ պարենային գնումների համար դուրս են գալիս տան 1-ից ավելի անդամներ, մոտակա փոքր խանութը թողած՝ մեքենաներով գնում են քաղաքի տարբեր մասերում տեղակայված խանութներ ու սուպերմարկետներ, որին նպաստում է հատկապես ապրանքների գնաճը և տարբեր տեղերում գնային ակնհայտ տարբերությունները/: Կան նաև օբյեկտիվ մի շարք պատճառներ, որոնք պետք է հաշվի առնել և ժամ առաջ իրական լուծումներ տալ՝ տեղաշարժն իրականում նվազագույնի հասցնելու  և վարակի տարածման արագությունը սահմանափակելու   նպատակով: 

Մասնագիտական տեսանկյունից կարելի է փաստել, որ հանրապետության տարածք վարակի ներթափանցման կանխմանն ուղղված գործողությունները ուշացած և բավարար չեն եղել /այս մասին կարելի է խոսել հետո, հիմա դրա ժամանակը չէ/:

Այս իրականությունում միակ տրամաբանական և համաճարակային ցուցման տեսանկյունից աշխատող տարբերակը դա հնարավոր և անհնար բոլոր միջոցներով վարակի տարածման ծավալները, քանակները նվազեցնելն է, որի գերակա նպատակը ժամանակ շահելն է՝ հնարավոր բոլոր ռեսուրսների տեսանկյունից վարակի դեմ պայքարի, հատկապես տնտեսական հետևանքները բացառելու կամ մեղմելու համար երկրում անհրաժեշտ կարողությունները մոբիլիզացնելու, ձեռք բերելու, ձևավորելու, լրացնելու կամ առավել թիրախային օգտագործելու նպատակով, մինչև բնական /հիվանդներից շղթայական վարակման/ կամ արհեստական /պատվաստանյութով զանգվածային իմունականխարգելման/ ճանապարհով հարուցչի նկատմամբ զգայունակ և ընկալունակ մարդկանց գերազանց մեծամասնության օրգանիզմում  կձևավորվի տվյալ վիրուսի նկատմամբ իմունիտետ՝ անընկալունակության բավարար մակարդակ, որի լարվածությունը և տևողությունը կպայմանավորի համաճարակային պրոցեսի դադարը, սակայն ոչ վարակի վերացումը, որովհետև համաճարակի դադարը կամ միջհամաճարակային փուլը կլինի և կտևի այնքան, քանի դեռ կտրված է համաճարակային շղթան, իսկ համաճարակի դրսևորումը կամ պրոցեսի շարունակությունը կախված կլինի համաճարակային շղթայի բոլոր 3 օղակների առկայությունից: 

 Ներկա պահին կան մարզեր, բնակավայրեր, որտեղ դեպքեր արձանագրված չեն, որոնց կարելի է համարել ապահով տարածքներ: Ստորև ներկայացվում են այն նվազագույն հրատապ գործողությունները, որոնք պետք է կատարվեն թե ապահով համայնքների, թե  վարակման դեպքեր արձանագրած անապահով վայրերի տարածքներում՝ վարակի մուտքը կանխելու կամ տարածումը հնարավորինս բացառելու անհրաժեշտությամբ: 

Դրա համար անհրաժեշտ  հրատապ գործողություններն են.

ա/ ներդնել և գործարկել կարանտինի կիրառման պրակտիկան հանրապետության ողջ տարածքում՝ մարզի կամ մարզերի, մարզի որոշակի մասի կամ  համայնքի /քաղաքի, գյուղի/  կամ դրա որոշակի մասի կամ կամ թաղամասի կամ թաղի  տարածքներում: Կարանտինը կիրառության դնել նաև Երևանում՝ թաղերի /մեկ կամ մի քանի հարակից շենքերի/, թաղամասի կամ դրա որոշակի մասերի, վարչական շրջանի որոշակի կոնկրետ տարածքի կամ ամբողջ վարչական շրջանի սահմաններում, որտեղ արձանագրվել են դեպքեր:   

բ/ ձևավորել մարզային՝ մարզպետի նախագահությամբ և համայնքային՝ համայնքի ղեկավարի նախագահությամբ կարանտինային հանձնաժողովներ՝ ազգային անվտանգության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների նախարարության մարզային կառույցների ներկայացուցիչների պարտադիր մասնակցությամբ, որոնք պետք է օպերատիվ կարգով տիրապետեն իրավիճակին, ղեկավարեն  և կայացնեն ցանկացած գործողության կամ վիճակի կամ խնդրի վերաբերյալ որոշումներ 24 ժամյա ռեժիմով և սահմանված կարգով պարբերական զեկույցներ ու տեղեկատվություն ներկայացնեն պարետին.

գ/ սահմանել յուրաքանչյուր համայնքի՝ անկախ նրանից ապահով է, թե անապահով, մուտքի և ելքի ճանապարհները՝ հնարավորինս բացառելով այլընտրանքային ճանապարհներով տեղաշարժը, իսկ համայնքի մուտքի և ելքի ճանապարհներին կահավորել 24-ժամյա ախտահանիչ անցակետեր, որտեղ ոչ միայն  պետք է խիստ հսկողության ենթարկվի և ստուգվի մուտքն ու ելքը, դրա իրականում անհրաժեշտությունը, այլև բոլոր տրանսպորտային փոխադրամիջոցները պարտադիր ենթարկվեն ախտահանության, իսկ դրա զանգվածային կիրառման անհնարինության դեպքում՝ առնվազն լվացման: 

դ/ կարանտինի ընթացքում հանձնաժողովի կողմից պետք է կանոնակարգվի և հսկողության  առարկա դառնա ցանկացած գործողություն, գործունեության տեսակ, տեղաշարժ՝ մարդկանց և փոխադրամիջոցների: 

ե/ բնակիչների շարժի հսկողության համար ներգրավել համայնքատիրությունների՝ «ժեկ»-երի ինստիտուտը: Տեղաշարժի տեղեկատվական թերթիկը խնդիրը չի լուծում, թե Երևանում, թե այլ մեծ ու փոքր քաղաքներում, գյուղերում կարելի է փաստել, որ ուղղակի հնարավոր չէ պարզել տեղաշարժվող իրական զանգվածին, արդյո՞ք բոլորն են տեղաշարժվում թերթիկով, չհաշված այն հարցը, թե ո՞ր մասն է բարեխիղճ տեղաշարժման ցանկացած դեպքում թերթիկը լրացնելու հարցում: Փաստացի բացարձակ գերազանց մեծամասնությամբ թերթիկի շահառուն և պահանջատերը տեղաշարժվողն է, որը նույնիսկ տվյալ դեպքի կամ օրվա համար լրացված թերթիկը պահելու պարտավորություն չունի, իսկ իրականում չի էլ պահպանում, հետևաբար թերթիկը կամ դրա մեջ ներառված տեղեկատվությունը այդպես էլ չի ունենում այլ հասցեատեր, իսկ իրականում և գործնականում այդ թերթիկի տեղեկատվությունը պետք է լինի համաճարակաբանական հսկողության պարտադիր նյութ, որը թույլ կտա հետագծելիության սկզբունքով բացահայտել հիվանդ կամ դրական հակազդած քաղաքացու տեղաշարժն ու շփման շրջանակները: Այս խնդրում առաջարկվում է ներգրավել համայնքատիրությունները, որոնց պետք է քաղաքացին տրամադրի  տեղեկատվություն, թե ով է տվյալ բնակարանից կամ ընտանիքից պատասխանատու պարենային և այլ անհրաժեշտ դեպքերում դուրս գալու համար, տան անդամների մոտ ջերությւոն կամ հիվանդացության նշանների հայտնաբերման մասին, տնից տեղաշարժվելու համար մեքենային մակնիշի և համարանիշի մասին՝ բացառելով միևնույն ընտանիքից մի քանի մարդկանց առօրյա տեղաշարժը և   սեփական տարբեր մեքենաների շահագործումը, այցելության նպատակը, վայրը, ժամը, վերադարձը:  

զ/ համայքներում պետք է հնարավորինս բացառվի աննպատակ և ավելորդ տրանսպարտային շարժը, բացի կենսական ծառայությունների և թույատրված այլ մարմինների գործունեությունից, պետք է թույլատրվեն միայն սննդամթերք արտադրողների և մատակարարների փոխադրամիջոցների շարժերը, իսկ համայնքներում գյուղացիական տնտեսությունների արտադրանքի իրացումը, որի հիմնական սպառումը Երևանում է կատարվում, պետք է սահմանափակվի և կանոնակարգվի, քննարկման առարկա դառնա դրա այլընտրանքի հարցի լուծումը: Խոսքը Երևանում գյուղացիների և անհատ մարդկանց կողմից կաթի, կաթնամթերքի, մսի, Սևանա լճի ձկան հատկապես շենքերի բակերում իրացման մասին է, որի համար առավել ռացիոնալ լուծումը նշված պարենային արտադրանքի իրացումը տվյալ համայնքի շրջանակում լուծելն է /օրինակ՝ իրենց մարդատար մեքենաներով կաթը Երևանում վաճառելու համար բերող գյուղացիներից պետք է կաթը տեղում մթերել, ստիպել, որ կաթ վերամշակողները կամ նրանց կաթ  մատակարարողները արտակարգ դրության ժամանակահատվածում  մթերեն նաև քաղաքում վաճառքի համար նախատեսված կաթի ծավալները: Սևանի ձկան որսը պետք է ամբողջապես արգելվի՝ նկատի ունենալով ներկա պայմաններում, ինչպես նաև մոտակա և հեռակա ժամանակահատվածում պարենային հնարավոր դեֆիցիտով պայմանավորված տարբեր զարգացումների պայմաններում Սևանի ձկան պաշարի ստրատեգիական նշանակությունը և դրա պահպանման ու բազմացման անվերապահ իրագործման կենսական անհրաժեշտությունը: 
    
է/ համայնքներում  ապահովել գործունեությունը թույլատրված բոլոր գործող օբյեկտների /առևտրի օբյեկտներ, արտադրություններ, որոշակի ծառայություններ և այլն/ պարբերական՝ առնվազն յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո ախտահանությունները /շինության ներսում, պահեստում/  տնտեսավարողի հաշվին, իսկ դրա համար անհրաժեշտ ֆինանսական և այլ միջոցների բացակայության կամ դժվարությունների դեպքում՝ տվյալ համայնքի ղեկավարի միջոցով և/կամ պետության կողմից անմիջական ֆինանսական օժանդակությամբ, իսկ օբյեկտների մուտքի մոտ դրսից ապահովել ախտահանիչով թաց «գորգերի» առկայությունը, որը կարելի է կատարել  տնտեսավարողի կողմից կատարվող ալկոգելերի կամ ձեռնոցների և նմանատիպ այլ միջոցների վրա կատարվող ծախսերի հաշվին:

ը/ համայնքների ղեկավարները պետք է հրատապ գույքագրեն համայնքում ցանքի ենթակա հողերը, պետության համար կարևոր և առաջնային նշանակության պարենային ինքնաբավության ապահովման նպատակով բացահայտեն համայնքում առկա  սերմացուի տեսակները,  քանակը, չօգտագործվող կամ  ռեզերվային հողերը, իսկ պետությունը պետք է համայնքներին իջեցնի պարենի պահանջվող տեսակների և քանակների պատվերները, որոնք պետության միջամտությամբ և աջակցությամբ պետք է ցանվեն, իսկ ստացված բերքը մթերվի: Խառը ժամանակներում և մեկուսացման պայմաններում պետության կողմից առաջարկվող աջակցության կամ այլ ծրագրերով ու պայմաններով գյուղացիների կոլեկտիվացումն ու վարկով կամ այլ պետական աջակցությամբ գյուղատնտեսության խթանումը իրատեսական չէ /չկա ժամանակ, իսկ նման ծրագրերի իրագործումը ժամանակատարր է, մարդիկ զգուշավոր են վարկեր վերցնելուց/, ուստի խնդրի լուծումը պետության անմիջական միջամտությունն է. համայնքի ղեկավարին պետք է  ուղղակի հանձնարարվի կազմակերպել գյուղացիների կողմից չօգտագործվող վարելահողերի, խոտհարքների օգտագործումը բնակչի համաձայնությամբ, իսկ սերմ ունեցող գյուղացիների չօգտագործված և վաճառքի համար նախատեսված պիտանի սերմը համայնքի կամ պետության միջոցներով ձեռքբերել և ցանել՝ նույնիսկ գյուղացուն սերմի կամ հողի  դիմաց բերքի որոշակի քանակով  կամ այլ ձևով փոխհատուցելու պայմանավորվածությամբ: Եթե համայնքը չունի բավարար միջոցներ, ապա պետությունը պետք է ուղղակի ֆինանսական միջոցներ, սերմ, պարարտանյութ և վառելիք տրամադրի տվյալ համայնքի ղեկավարին /իրականությունում ամենաարագ, իրատեսական և աշխատող տարբերակը կլինի պետական բյուջեից նշված և այլ հրատապ նպատակներով համայնքներին ուղղակի ֆինանսական միջոցների տրամադրումը/՝ խիստ հսկողություն սահմանելով նշված հրատապ միջոցառումները բարեխիղճ և հնարավորինս ողջ ծավալով իրականացնելու գործընթացում, ինչը կարելի է համարել պետության ուղղակի միջամտություն և աջակցություն: Նման ծավալի աշխատանքներ կազմակերպելու դեպքում գյուղական համայնքներում կստեղծվի նաև աշխատանքի և նոր աշխատատեղերի պոտենցիալ:

Հարգանքով՝   Արմեն Վարդանյան