Մամուլի եւ ազատության մասին

Մամուլի եւ ազատության մասին

Երեկ այն քիչ օրերից էր, երբ հաճելի էր «մտնել» Ֆեյսբուք՝ սոցցանցը ոչ թե փնովում ու դատափետում էր լրագրողներին ու լրագրողական մասնագիտությունը, այլ շնորհավորում։ Հատուկենտ բացառությունները չհաշված՝ մարդիկ գովերգում էին մեր մասնագիտությունը, կարեւորում, ներկայացնում, թե այն ինչ մեծ դեր է խաղում մեր կյանքում, եւ ինչքան շատ գործ են կատարում լրագրողները, որոնք օրնիբուն՝ անհոգնել ու անդադրում աշխատում են հասարակության համար։ Փորձում են իրազեկել նրան։

Բացել այն բոլոր փակ դռներն ու խոհանոցները, որոնք հասանելի չեն շարքային քաղաքացուն։ Ներկայացնել այն բոլոր սխալներն ու թերությունները, որ կատարում են իր վճարած հարկերից աշխատավարձ ստացող պաշտոնյաներն ու գործիչները։ Նաեւ ընթերցողին մտորելու տեղիք են տալիս, աշխարհում կատարվող իրադարձություններին ծանոթացնում, օգնում կողմնորոշվել ընտրություն կատարելիս։ Ինչու չէ՝ նաեւ գիտելիք են փոխանցում, ժամանց ապահովում, խորհուրդներ տալիս եւ այլն, եւ այլն։ Այո, լրագրողներն անթերի չեն, նաեւ այս հասարակության անդամներ են՝ իրենց նախապաշարումներով, իրենց սխալներով ու թերի գիտելիքներով։

Բայց լրագրությունն այն համակարգերից է, որը կայացել է մեր երկրում։ Եվ այդ մասին է խոսում նաեւ այն, որ ոչ մի կարեւոր ու անկարեւոր իրադարձություն նրանց ուշադրությունից չի վրիպում, ոչ մի չինովնիկ նրանց քննական հայացքից խուսափել չի կարողանում, եւ ընթերցողի ոչ մի պահանջ անկատար չի մնում։ Եթե անգամ մի լրատվամիջոց թերանում է իր աշխատանքում, մյուսը լրացնում-շտկում է այդ բացը։ Եվ, մեծ հաշվով, մեր հանրությունն ամենատեղեկացված հանրություններից է։ Իսկ բոլոր նրանք, ովքեր որեւէ տեղեկատվություն են փնտրում, անպայման գտնում են։ Այնպես որ՝ շնորհավոր Մամուլի ազատության օրը։