Նիկոլը չլինի՝ բա ո՞վ լինի

Նիկոլը չլինի՝ բա ո՞վ լինի

Տարիներ առաջ ամերիկյան փոքր քաղաքներից մեկում՝ Կորմորանտում (Մինեսոտայի նահանգ), 4 անգամ քաղաքապետ էր ընտրվել Դյուկ անունով շունը: Այնտեղ քաղաքապետի պաշտոնը հասարակական հիմունքներով էր, և շունը բավական հաջողությամբ գլուխ էր հանում իր պարտականություններից: Այլապես քաղաքացիները նրան 4 անգամ քվե չէին տա: Իսկ մեկ այլ փոքր քաղաքում (Տալկիտնա, Ալյասկայում), օրինակ, քաղաքապետ էր ընտրվել կատուն: Կենտուկի նահանգի կրկին փոքր քաղաքներից մեկում քաղաքապետ էր ընտրվել կրկին շունը: Դա Ուիլբուր անունով ֆրանսիական բուլդոգ էր: Ինչո՞ւ հիշեցի այս դրվագները: Բացատրեմ՝ եթե Հայաստանը ղեկավարում է մեկը, որ փողոցի ուժով վարչապետ կարգվելուց հետո չորսուկես տարում անում է այն ամենի հակառակը, ինչի խոստումը տվել էր 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, ապա ավելի լավ չէ՞ր լինի, եթե նրա փոխարեն մենք վարչապետ կարգեինք, օրինակ, Բեզոարյան այծին: Մի կենդանու, որ գրանցված է Կարմիր գրքում: Հա՛մ լիքը զբոսաշրջիկ կբերեր Հայաստան՝ զարգացնելով տնտեսությունը, հա՛մ էլ մեզ ոչինչ չէր խոստանա: Ու ժողովուրդը վերջապես կհասկանար, որ ինքն է իր գլխի տերը: Ու ոչ թե պետք է երազել «փրկչի» գալստյանը, այլ փորձել ինքնուրույն կարգավորել սեփական կյանքը: 

Իսկ երբ դա հասկանար, ապա նիկոլանման մեկին չորսուկես տարի առաջ չէր կարգի իր գլխին բռնակալ: Մի այնպիսի բռնակալ, որ խեղճանում է թշնամու առաջ: Ու բացում է երկրի դարպասները նրա առջև: Իսկ երբ ընդդիմությունն էլ փորձում է այդ «փրկչին» հեռացնել իշխանությունից՝ ասում է, որ «եթե չլինի Նիկոլը, ապա ո՞վ է լինելու նրա փոխարեն»:

Եթե դա ասվեր այլմոլորակային որևէ մեկին, ապա վերջինս կզարմանար, թե այդ ինչ շնորհքի տեր է Նիկոլ կոչված անձը, որ մի ժողովրդի բավական մեծ զանգված նրան այլընտրանք չի տեսնում: Ու այդ պատճառով չի փորձում քայլեր անել այդ անձի փոխարեն մեկ այլ ղեկավար ունենալու ուղղությամբ: Հատկապես, որ ընդդիմությունը ներկայացնում է տեսլական, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանը Նիկոլին հեռացնելուց հետո: Իսկ կենցաղային մակարդակում քչից-շատից բանիմաց մեկն աշխատանք փնտրելիս առաջնորդվում է ոչ թե ղեկավարի ով լինելով, այլ աշխատանքային պայմաններով և այդ թվում՝ աշխատավարձի չափով: Սակայն նույն այդ անձը և նրա նման բազմաթիվ այլ անձինք երկրի ապագան ընտրում են ոչ թե պայմաններից ելնելով, այլ հենց անձի ով լինելով: Այսպիսի պարադոքսալ իրականություն…