Դաշնակցությունը կրեց նախորդ իշխանությունների հետ համագործակցելու խարանը

Դաշնակցությունը կրեց նախորդ իշխանությունների հետ համագործակցելու խարանը

Ամենակարեւորը՝ առաջին անգամ 94թ-ից հետո ժողովրդի կողմից ընտրվեցին մարդիկ, ովքեր պետք է ներկայացնեն ժողովրդի ձայնը խորհրդարանում։ Այդպես է կարծում գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, ով չի բացառում, որ գուցե առանձին ընտրախախտումների դեպքեր եղած լինեն, բայց դա մասսայական բնույթ չի կրել ինչպես նախկինում․ «Ժողովուրդը կարող է տեղեկացված չլինի, մեկին շատ ձայն տա, մեկին՝ քիչ, բայց այնուամենայնիվ ժողովրդի կամքը արտահայտվեց։ Ես միշտ գնում եմ ընտրության, այս անգամ էլ գնացի եւ ինձ անգամ զարմացրեց, որ ասում էին քիչ է մասնակցության տոկոսը, որովհետեւ երբ ես գնացի այնտեղ բավականին շատ ժողովուրդ կար եւ կարծում եմ՝ այն, որ այդքան մեծ թվեր չկային, դրանք հենց ազնիվ թվերն էին, որ միշտ էլ եղել է, ի տարբերություն նրա, որ ժամանակին տանում լցոնում էին, այդ ամենը բոլորս գիտենք, ես էլ եմ տեսել լցոնում անելիս տարիներ առաջ։ Հիմա լցոնումներ չկային, ամեն ինչ խաղաղ էր, ամենակարեւորը դա է, որ այդ կուլտուրան մենք սովորենք, դա առաջին հերթին իշխող քաղաքական ուժերին է պետք։ Կարեւորը ընտրության կուլտուրա ձեւավորելն էր։ Թեպետ միշտ էլ իմ կարծիքը այն է, եղել, որ կուսակցական քվոտայով ընտրությունները մեր երկրի համար ընդունելի չեն, որովհետեւ ինչքան էլ նվիրյալ ազգանպաստ կուսակցություն լինի մյուս կուսակցությունների հետ երբեմն խմբակային շահերը ավելի բարձր են սկսում գնահատել, քան թե ազգային շահը կամ երկրի շահը եւ ի վերջո կուսակցոթյունները վերածվում են խմբակային շահ հետապնդող կառույցների։ 

Գեղանկարչի համար չկան ուժեր, որոնց խորհրդարան չմտնելու համար ափսոսի․ «Դաշնակցությունից բացի, որը 120 տարվա պատմություն ունի, մնացած բոլորը նորաստեղծ քաղաքական ուժեր էին ու գրեթե բոլորի ծրագրերն էլ համարյա նույն բաներն են, մենք տարբերվող գաղափարներով կուսակցություններ չունենք, ճիշտ է կան անհատներ, որ պրոֆեսիոնալ տպավորություն են թողնում, բայց հավաքականորեն կուսակցական մշակույթը մեզ մոտ դեռ չի ձեւավորվել»։ Թե ինչու 120 տարվա կուսակցությունը չանցավ խորհրադարան, ապա․ «Դաշնակցությունը կրեց նախորդ իշխանությունների հետ համագործակցելու խարանը, դրա համար ժողովուրդը իրեն ձայն չտվեց, թեպետ ազգային կուսակցություն լինելով հանդերձ պետք է ժողովրդի մոտ հեղինակություն ունենար, հետո մեր դաշնակցականներից շատերը նախկին կոմունիստներ են, որ մտել են դաշնակցության մեջ։ Կարծում եմ՝ դրսում եղած ու մեր ներսի դաշնակցությունը ինչ որ կերպ նաեւ տարբեր են, որովհետեւ գաղափարական տարաձայնություններ կան»։                     

Շահումյանը կարծում է, որ խորհրդարան անցած մնացած 2 ուժերը կարող են ստանձնել ընդդիմության դերը․ «Չեմ կարծում, որ «Լուսավոր Հայաստանը»՝ Մարուքյանը, թիմակից է Փաշինյանի հետ, զգացվում է, որ ինքն իրենով ապրող կուսակցական է»։ 

70 տոկոս մեծամասնությունը դարձյալ չի՞ տանում միահեծան կառավարման․ «Այո, եթե խորհրդարանական կառավարման ենք անցնում, պիտի ալտերնատիվ լինի, ոչ թե հակադրվող մեկը, այլ լինի կարծիք, որը նաեւ նյութ դառնա, բայց այդ հակասությունը մեզ մոտ շատ հիվանդագին է արտահայտվում»,-ասում է նա ու նկատում, որ նախընտրական քարոզչության ժամանակ սոցիալական հարթակներում իրար հասցեի հնչող վիրավորանքները, նորից մասնատեցին ժողովրդին ներսից։  

Ի վերջո, առողջ բանավեճ կունենա՞նք խորհրդարանում, թե ոչ․ «Հույս Նիկոլ Փաշինյանի պահվածքի վրա է, այնուամենայնիվ, ինքը շատ ազնիվ է իր արտահայտությունների մեջ։ Կարծում եմ պետք է փոխվի նաեւ վարչապետի ապարատի լիազորությունները, որովհետեւ ժամանակին դա ոչ օբյեկտիվ եւ ոչ օգտակար ձեւով է կազմավորվել»։