Նախ պետք է կարողանանք այս տրոհված Հայաստանը սոսնձել

Նախ պետք է կարողանանք այս տրոհված Հայաստանը սոսնձել

«Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախոսությունների շարքի այս համարի հերոսն արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թե ինչ կփոխեր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կյանքում։


Կա մշակույթ, որն արվեստ չէ

Գուցե տարիներ առաջ մեր գրողների համար ավելի դյուրին էր այս հարցերի մասին խոսելը, որովհետեւ արժեքներ կային, որ դեռ պահպանում էին իրենց արժեքը, բայց մեր ժամանակներում սկսեցին արժեզրկվել։ Ու երբ այսօր ասում ես՝ հոգեւոր Հայաստան, շատերը կարող է նույնիսկ հեգնական ժպտան։ Հետո, երբ դուրս ես գալիս քաղաք, կենտրոնով ման ես գալիս, տեսնում ես, որ հայալեզու գլխատառեր չկան, մտնում ես սրճարան ու նորից տեսնում, որ անգամ հայալեզու մենյուներ չկան։ Այս արանքում շատ հնարավոր է, որ մենք առհասարակ Հայաստան ենք կորցնում, խնդիրն արդեն այսպես է դրված։

Այնպես, ինչպես որ այսօր է մարդը ու նաեւ հայ մարդը պաշտամունք դարձրել փողն ու նյութը, երբեք չի եղել ոչ մի ժամանակում։ Այսօր դա բացարձակ աստվածություն է դառել, դրանից այն կողմ գոյություն չունի ո՛չ քաղաքականություն, ո՛չ մշակույթ եւ արվեստ։ Հետո, ինձ թվում է՝ արվեստն անցյալ դարով ավարտվեց, հիմա կա մշակույթ, որն արվեստ չէ, որովհետեւ արվեստն անձնազոհություն է պահանջում, նաեւ համարձակություն ու ամենակարեւորը՝ անհատականություն։ Իսկ անհատականությունն այն բանն է, որ այսօր ամբողջ աշխարհի մակարդակով աշխատում են համահարթեցնել, պետք չեն անհատականություններ, ամեն ինչ այնպես է դրված, որ մարդը դառնում է նյութի գերին։ Այսօր բոլորն ասում են՝ ես ազատ եմ, ես ուրիշ եմ, իրականում ինքը ո՛չ ազատ է, ո՛չ էլ ուրիշ, իրեն թվում է, որ քունքի վրա դաջվածք արեց կամ մազերը կապույտ-կարմիր ներկեց, ինքն արդեն դարձավ ուրիշ, դարձավ անհատականություն, այնինչ նույնն է, ինչ բոլորը՝ համահարթեցված։

Բոլորը լսում են նույն բանը, պարում են նույն ձեւով, ուտում են «ֆաստ-ֆուդ», ընդհանրապես ամեն ինչ դարձել է «ֆաստ-ֆուդ»։ Դրա համար այսօր խոսել, առավել եւս կարողանալ պահպանել հոգեւոր Հայաստան հասկացողությունը, շատ բարդ է։ Մենք այսօր շատ հեշտ ենք կորցնում ամեն ինչ․ հերոսները հերոսներ չեն, Սեւանն էլ, դե, ջուր է, էլի․ այդպես ասելով՝ բերեցինք հասցրեցինք ճահճացման, իսկ Սեւանը դա Հայաստանն է, ինչպես որ Ղարաբաղն է Հայաստանը, եթե կորցնես այն, Հայաստանն էլ կկորցնես։

Այն մարդիկ, ովքեր չեն տեսել 90-ականները, Սովետի փլուզումը, այդ ամբողջ կատաստրոֆիկ վիճակները՝ պատերազմ, հետ պատերազմյան շրջան, այսօր այնպես թեթեւ են այդ ամեն ինչին վերաբերվում, կարծես դա չի էլ եղել, եւ կարեւոր էլ չէ իրենց համար, իսկ չիմանալով անցյալը, ապագա չես ունենա․ դա պարզ ճշմարտություն է։ Հոգեւոր Հայաստանի մասին խոսելուց առաջ նախ պետք է կարողանանք այս տրոհված Հայաստանը սոսնձել, այսինքն՝ ես ասում եմ ստեղծելու նախավիճակը, որ հետո հոգեւոր քայլեր անենք, իսկ այդ քայլերը պարզ են՝ մենք մեր լեզուն պետք է պաշտպանենք, որովհետեւ այսօր մեր լեզուն ենք կորցնում։ Իսկ հավատի, եկեղեցու մասին չգիտեմ նույնիսկ ինչ խոսեմ, շատ հեշտ կարելի է հարձակվել եկեղեցու վրա, հետո խուսանավել, դա էլ է դարձել սպառողական խաղալիքի պես բան, այսօր կուզեմ՝ կհայհոյեմ, վաղը չեմ ուզի, կասեմ՝ դե մեր առաքելական եկեղեցին է, կխաչակնքեմ, բայց պետք է եկեղեցու առաքելությունն ամբողջ խորությամբ հասկանալ եւ գնահատել։

Արդեն թշնամի՞ եք իրար դարձել

Պետք է սկսել իշխանություններից, որովհետեւ տրոհումն էլ սկսվեց իշխանություններից։ Խելացի են մեր իշխանավորները, բայց նաեւ անփորձ են, ջահելի եռանդ ունեն, գուցե մեզ այդ եռանդն էր պակասում, բայց այս բոլորը բավարար չէ Հայաստանի նման երկիրը պահելու, պետականորեն այս երկրի քաղաքացիներին մոտենալու համար։ Դրանից բացի, փորձ եւ իմաստություն է պետք, ներելու ընդունակություն, որը ոչ թե թուլություն է, այլ՝ ուժ, պետք է կարողանալ հանդուրժել, սա էլ ուժի նշան է։ Ես չեմ ասում հանցագործին, մարդասպանին ներելու մասին, ես ասում եմ այն բաները, որոնք տրոհում են մարդկանց։ Կայսերական այս մոտեցումը՝ բաժանիր, որ տիրես, իրենց սխալմամբ թվում է, թե դա բոլորի համար է, բայց սա կայսրությունների համար է, դու այս 3 միլիոնի մեջ ի՞նչը տրոհես, այստեղ տրոհելը վերջ տալն է, որից հետո էլ չես իշխի, չի լինի ո՛չ երկիր, ո՛չ պետականություն։

Հայաստանում ամեն ինչ մազից կախված վիճակում է, սա պետք է հասկանալ եւ զգալ։ Ես ինտերնետ չեմ մտնում, փառք Աստծո, բայց կողքից լսում եմ, թե ինչ է այնտեղ կատարվում, ու տեսնում եմ, թե ինչ հաճույքով են մեր հարեւանները խոշորացույցի տակ այդ ամենը ըմբոշխնում։ Դա՝ դեռ ինտերնետը, իսկ ես կենցաղի մեջ սովորական սրճարանով կարող եմ դատել։ Այն մարդիկ, որ 5-6 հոգով նստում խոսում էինք գրականությունից, արվեստից, քաղաքականությունից, պատահում էր նաեւ բանավիճում էինք, զիջում միմյանց, այսօր արդեն բաժանվել են ու այլեւս իրար կողք չեն նստում, ի՞նչ է եղել, տղերք, արդեն թշնամի՞ եք իրար դարձել։

Սպառողական մշակույթ

Ես չգիտեմ՝ մարդիկ ինչ են հասկանում մշակութային հեղափոխություն ասելով, ես առհասարակ չեմ հասկանում՝ ինչ ասել է մշակութային հեղափոխություն։ Եթե դա այն է, որ Շառլ Ազնավուրի հրապարակում արդեն ռաբիս նվագեն, այդպիսի հեղափոխություն պետք չէ, այդպիսի հեղափոխություն մեկ տարի առաջ արդեն կար, եւ մշակույթն անընդհատ իջնում էր սպառողին բավարարելու մակարդակի վրա։

Այդուհանդերձ, ինչ-որ ազատություններ օգտակար լինում են մշակույթին, ես գիտեմ մշակույթի նախարարության որոշ ձեռնարկներ, որոնք օգտակար էին եւ հիմա էլ օգտակար են, նկատի ունեմ «Քո արվեստը՝ դպրոցում» ծրագիրը, որը մեծ մասով շատ օգտակար էր, թեպետ անմիջական չեմ մասնակցել, բայց գնացել եւ տեսել եմ, թե ինչ ագահությամբ էին աշակերտները կլանում այդ բոլորը, թվում է, թե գյուղի դպրոցներին երբեւէ չի հասել այդ փոփոխությունը։

Չեմ պատկերացնում՝ ոնց պետք է լինի այդ մշակութային հեղափոխությունը, մշակույթ հեղափոխելու համար նախ պետք է մշակույթի գործիչը լինի, այդ անհատականությունը եւ նրա գործը, որը կարողանա ինչ-որ բան փոխել։ Ի դեպ, երեկ առավոտյան մի ծրագրով նայում էի ջազ երգչուհի Մարիամ Մեհրաբովայի հարցազրույցը, ասեց՝ հիմա իմ հիմնական նպատակը մարդկանց նորից լսել սովորեցնելն է, որովհետեւ մարդիկ դադարել են լսել, նրանք հենց երաժշտության ձայն են լսում, ուզում են վեր կենալ ու պարել, իսկ ես ուզում եմ, որ մարդիկ գոնե 3-4 րոպե կարողանան նստել ու լսել։ Սա շատ հետաքրքիր դիտարկում էր, որովհետեւ այս զվարճանքի երաժշտությունը, նաեւ մղկտոցի երաժշտությունը, որն ինչ-որ տեղ ենթագիտակցորեն էլի զվարճանքի երաժշտություն է՝ միայն թե մազոխիստական բնույթի, որովհետեւ ոչ մի նոր բան չեն ուզում մինչեւ վերջ լսեն, ուզում են պարեն, լույսեր տեսնեն, հրճվեն, մի խոսքով՝ սպառեն․․․ Եթե այս ճանապարհով է տարվելու մշակութային հեղափոխությունը, մենք լրիվ պարզունակ ենք դարձնում մարդուն մշակույթի մեջ։ Չափավոր պահպանողականությունն այսօր առավել քան անհրաժեշտ է, որովհետեւ մոռանալով, թե դու ինչ ես ունեցել, եւ անընդհատ կապկելով արեւմտյան մշակույթը, ոչնչի չես հասնի։ Այսօր եթե ուզում ես նկարահանել այն ֆիլմերը, որ նկարում է, ասենք, Հոլիվուդը, չես կարողանա, դրա համար տասնյակ միլիոնավոր գումարներ են պետք։ Դու պիտի անես ֆիլմ քո ազգայինի, էթնիկի վրա հիմնված, այլ կերպ հետաքրքիր չես լինի։

Ընտրել մարդկանց հաշտեցնելու ճանապարհը

Այն, ինչ ես եմ հասկանում մշակույթ ասվածի տակ՝ դա երեկվանն է, դա այն է, որը պետք է պահպանենք։ Զարգացումն ինձ համար արվեստն է, իսկ արվեստը թարմ արյուն է, անհատականություն, ինքնազոհաբերություն եւ մեծ տաղանդ։ Եթե խոսում ենք մշակույթի մասին, պետք է կարողանանք նաեւ պահել դա։ Մեր ժամանակը գնում է ազգայինի համահարթեցմամբ եւ մարելու ճանապարհով։ Աշխարհի հանրությունը չի ուզում ազգային պետություն, ազգային մշակույթ, դա պետք է լինի միայն պատմական թանգարանների դարակներում, կինոյի եւ մյուս արխիվներում՝ որպես նմուշ, մնացյալը սպառողական հոգեբանության շրջանակներում է։ Այսօր նույնիսկ օպերաները ուզում են սպառողական փաթեթավորման մեջ մատուցել, որովհետեւ այլ կերպ մարդիկ չեն «ուտի» դա։

Չէր կարող նաեւ Հայաստանի նման երկիրը չունենալ մշակույթի նախարարություն, երբ ամեն քարը, փայտը մշակույթ է այս երկրում։ Սա ի՞նչ վերաբերմունք է մշակույթին, դրանով ի՞նչ շահեցին, մի քանի կրճատված տե՞ղ, չեմ հավատում, որ դա փրկում է, ո՞ւմ էր դա պետք, դա էլ չեմ հասկանում։ Հիմա դրված է՝ լինե՞լ, թե՞ չլինել այս հավերժական հարցը, լինել՝ անընդհատ ֆաստֆուդ ուտելու, լավ ռիթմերի տակ պարելո՞ւ համար, թե՞ մի քիչ էլ չլինելու վտանգի տակ պահպանել քո տեսակը։ Կարծում եմ՝ 2-րդն է նախընտրելի, կա՛մ դու կաս, որպես ազգ, կա՛մ չկաս։ Իսկ լավ պետություն եւ լավ մշակույթ հասկացությունները փոխկապակցված են եւ իրար սնելով պետք է շարժվեն առաջ, որովհետեւ պետությունն էլ, պետականությունն էլ մշակույթ է։   

Մեկ տարի անց կարող ենք փաստել, որ եղել են անկաշառ ընտրություններ, դա պետք է նշել եւ ողջունել։ Հուսանք, որ այսուհետ այդպես էլ կգնա եւ չի գնա իշխանությունն ամեն գնով պահելու հին մեթոդներով։ Հույս ունեմ, բայց հույսի հետ նաեւ տագնապ էլ ունեմ, որ կարող է այդպես չշարունակվի, եւ նորից գա այդ ամեն ինչը, որովհետեւ իշխանության փորձությունը շատ դժվար բան է, գուցե փողի փորձությունից առավել ուժեղ։ Արագ ենք անում ամեն ինչ, իսկ այդպես կցկտուր կստացվի, եւ նորից անելու կարիք կլինի, իսկ անընդհատ նորից անելը կբերի համակարգի փլուզման, կարճ միացումների, դրա համար խելացի լինելուց բացի պետք է հեռատես, խորատես լինել, կամք ունենալ, կարողանալ համախմբել բոլորին, որովհետեւ եթե իշխանություն ես, դու մի խմբի իշխանությունը չես, այլ՝ բոլորի։ Ուրեմն խոսիր բոլորի հետ, մարդկանց հաշտեցրու, ոչ թե բաժանիր։ Սա պետք է անպայման արվի, այլապես կարող ենք կորցնել մեր պետականությունը։ 

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի